Բուդաղյանները հիասթափված են դատարանների գործելաոճից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում, արխիվ

Դատարանը ձախողեց Բուդաղյանների բողոքի քննությունը, այսօր հայտարարեց ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը, պնդելով, թե ինչպես զինվորական դատախազության, այնպես էլ դատական իշխանության վրա ճնշում է բանեցվել պետական ամենաբարձր օղակներից:

Ընդհանուր իրավասության դատարանը, հիշեցնենք, կասեցրել է Բուդաղյանների բողոքի քննությունը, քանի դեռ քննիչը չի ցանկանում դատարան ներկայացնել քրեական գործի նյութերը, իսկ այդպիսի ցանկություն քննիչի մոտ չի առաջանում նաև Վերաքննիչ բողոքի դեպքում՝ արդեն չորս ամիս շարունակ:

«Դատարանը, փաստելով, որ բողոքի քննությունը անհնարին է առանց քննիչի կողմից գործի նյութերը ներկայացնելու, փոխարենը քննիչից պահանջի գործի նյութերը, որոշեց գործի քննությունը կասեցնել, մինչև որ քննիչը ինքը ցանկություն կարտահայտի նյութերը ներկայացնել դատարան: Քննիչն էլ այդպիսի ցանկություն, բնականաբար, չունի: Այսպիսով դատարանը ձախողեց մեր բողոքի քննությունը», - ասում է Հայկ Ալումյանը:

Փաստաբանի համոզմամբ, հստակ է, որ գործում կան այնպիսի նյութեր, որոնք իրավապահները չեն ցանկանում հրապարակել, հակառակ դեպքում սպանության բացահայտումը անխուսափելի կլինի:

«Երբ այս կարգի որոշումները այս կարգի գործերով կայացվում են, սովորաբար համաձայնեցված են լինում և՛ Վերաքննիչ, և՛ վճռաբեկ դատարաններում: Զավեշտը, տեսեք, այն, որ քննիչը դատարան չի ներկայացնում նյութերը, դատարանը դիտել է անհաղթահարելի ուժ և այդ հիմքով կասեցրել է բողոքների քննությունը: Այսինքն, քննիչի քմահաճույքը դատարանի համար անհաղթահարելի ուժ է», - ասում է նա:

Բուդաղյանները հիասթափված են դատարանների այս գործելաոճից եւ այժմ սպառում են ներպետական ատյանները՝ բողոքը Եվրոպական դատարան տանելու համար:

«Ճիշտ է, մենք այնքան էլ լավատես չէինք այն առումով, որ մենք պատկերացնում էինք, թե ինչ ճնշումներ կարող են լինել և կլինեն դատարանի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, երբ դիմում ես դատարան, բոլոր դեպքերում ինչ-որ հույսեր ունես, որ կարող է արդարադատություն իրականացվել: Սակայն մոտավորապես չորս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ դատարաններից նույնպես դժվար է ակնկալել արդարադատություն, եթե գործը վերաբերում է այնպիսի անձանց, ովքեր որոշակի հովանավորությունից են օգտվում», - արձանագրում է փաստաբանը:

Սպանվածի ընտանիքն ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ոչ միայն անմիջական հանցագործներին կանդրադառնա, այլ նաև նրանց, ովքեր արել են ամեն ինչ գործը պարտակելու համար, մինչդեռ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախօրեին առաջին ատյանի դատարանի որոշումն էր վկայակոչում․ - «Մենք մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք՝ համապատասխանաբար այդ որոշումների օրինականությունը ստուգելու եղանակով: Դատարանի որոշման հիման վրա նոր հնարավորություն կունենանք այլ իրավական ընթացակարգերի մասին խոսելու»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը որևէ կասկած չունի, որ Գևորգ Կոստանյանը անձնական շահագրգռվածություն ունի այս գործում․ - «Կոստանյանի ուղղորդմամբ հայտնվել է մի քննիչ, որը որոշում է այս հանցագործության ճակատագիրը՝ թույլ չտալով բացահայտել հանցագործությունը, չնայած բոլորին ամեն ինչ պարզ է»:

Իրավապաշտպանը միանգամայն օրինաչափ է գնահատում այն, որ Երկրապահների շաբաթօրյա համագումարում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտրվեց միության վարչության անդամ: