Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի զեկույցում նշվել են «դատական կաշառքի սակագները»


ՄԻՊ-ը կասկածի տակ է դնում վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր արտահերթ զեկույց է հրապարակել, որում կասկածի տակ է դնում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը:

Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի, Ավետիք Բուդաղյանի, «Հարսնաքարի» դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին, ասված է փաստաթղթի նախաբանում:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ներկայացնելով զեկույցը, նշեց, որ իրենց համար հիմք են հանդիսացել դատավորների, փաստաբանների, դատախազների ու իրավաբան-փորձագետների շրջանում իրականացված հարցազրույցները, 2012-13 թվականների Վճռաբեկ դատարան վարույթ ընդունված, ինչպես նաև վերադարձված բողոքները, Արդարադատության խորհրդի վերջին 7 տարվա որոշումները և մի շարք այլ նյութեր: Դրանց հիման վրա պաշտպանի գրասենյակը ներկայացնում է մի շարք դեպքեր, երբ Վճռաբեկ դատարանն ու Արդարադատության խորհուրդը կիրառել են երկակի ստանդարտներ, որոնք, ըստ զեկույցի հեղինակների երբեմն զուգորդվել են օրենքի պահանջների խախտումներով:

Պաշտպանի զեկույցում նույնիսկ նշել են, իրենց ձևակերպմամբ՝ «դատական կաշառքի սակագները»:

«Ըստ մեր հարցազրույցների տվյալների, կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում․ առաջին ատյանում 500-ից 10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչում՝ 200-ից 15,000, վճռաբեկում՝ 10-ից 50,000», - ներկայացրեց պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում բարձրացված հարցերի շուրջ զրուցեցինք Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը կասկածի տակ դրեց զեկույցի վստահելիությունը, նշելով․ - «Մարդու իրավունքների պաշտպանը հրապարկում է իր տեսակետը, իր կարծիքը: Իսկ որքանո՞վ են դրանք ավելի ճիշտ, ավելի արդար, իրավաբանորեն ավելի հիմնավորված»:

Ինչ վերաբերում է դատական կաշառքի վերաբերյալ՝ օմբուդսմենի զեկույցում հրապարակված պնդումներին, Բաբայան, մասնավորապես, ասաց․ - «Եթե գներ են հրապարակում, ուրեմն պիտի և ունենան մարդիկ՝ կոնկրետ դատավոր, ով պահանջել է այդքան գումար: Այդ դեպքում ինչո՞ւ համապատասխան իրավապահ մարմիններին որևէ հաղորդում չի ներկայացվում»:

«Ազատության» հարցին՝ այսինքն դուք ասում եք, որ կոռուպցիա չկա՞ դատական համակարգում, պաշտոնյան արձագանքեց․ - «Ես չեմ կարող նման բան փաստել և հակադարձել, որովհետև ինքս չունեմ նման տեղեկատվություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG