Ոչ իշխանական ուժերը համադրում են կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծերը

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում բարձրացնելու սեփական նախագիծն է մշակել:

Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները քննարկել են բոլոր նախագծերը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե որևէ մանրամասն հրապարակելուց ձեռնպահ կմնան, քանի դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, չեն մշակել միասնական նախագիծ:

«Պայմանավորվեցինք, որ մեկնաբանություններ չտրվեն: Նկատի ունենալով, որ նույնիսկ շատ թվացնալ անմեղ հակասությունները բավականին լավ օգտագործվում են իշխանությունների կողմից, որպեսզի խոչընդոտեն կամ սեպ խրեն այս ուժերի համագործակցության մեջ, որոշել ենք ընդհանրապես մանրամասներին չանդրադառնալ: Բայց դա երկար չի տևի, որովհետև, կարծում եմ, առաջիկայում մենք միասնական փաստաթուղթ կունենանք, և այդ փաստաթղթին բոլորը կծանոթանան», - նշեց Հակոբյանը:

Նա փոխանցեց, որ բոլոր նախագծերում դրված է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և շարունակեց․ - «Բովանդակային առումով այսօր համադրում է գնում: Տարբեր նախագծեր են: «ԱԺ կանոնակարգ» օրենքով պետք է ունենանք 44 ստորագրություն, և օրենքը թույլ է տալիս, որ մեկ երրորդի ստորագրության դեպքում դրանք արտահերթ դառնում են քառօրյայի քննարկման առարկա․․․ Ամբողջական փաստաթուղթը երբ պատրաստ կլինի, արդեն դուք կտեսնեք, թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը»:

Հարցին, թե կարելի է ասել, որ դրվում է նաև իշխանափոխության խնդիր, Ռուբեն Հակոբյանն արձագանքեց․ - «Այս չորս ոչ իշխանական ուժերը, այսպես թե այնպես, տարբեր շրջանում այդ հարցը դրել են․․․ Այն, ինչ այսօր արվում է, տակտիկական նկատառումներից ելնելով՝ կարող են հարցերը տարբեր ձևով դրվել, բայց ի վերջո խոսքը ամբողջական իշխանափոխության մասին է»:

Դիտարկմանը, թե անգամ անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքելու ու հարցը օրակարգում ընդգրկվելու դեպքում էլ, ինչպես ցույց է տվել փորձը, խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությամբ հարցն իր օգտին է լուծում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, պիտի ոչինչ չանենք: Բայց ի վերջո կա զարգացման, հասունացման որոշակի ճանապարհ: Ես կարծում եմ, թե՛ կուտակային ֆոնդի հետ կապված, թե՛ գազի սակագնի թանկացման հետ կապված այս չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությունն այսօր բավականին լուրջ քաղաքական ակտիվություն է ստեղծել հանրապետությունում»:

Հարցին, թե հնարավոր է, որ Ազգային ժողովում կառավարության հրաժարականի հարցում արդյունքի չհասնելու դեպքում ոչ իշխանական ուժերը դուրս գան փողոց, Ռուբեն Հակոբյանն արձագանքեց․ - «Ամեն ինչ հնարավոր է: Դա թողնենք ժամանակին: Իսկապես բավականին ծանր է Հայաստանում այսօր վիճակը, և արմատական քայլեր են պետք, որպեսզի երկիրը կարողանանք դուրս բերել այս վիճակից»: