ՀՀԿ-ն պարտադիր կուտակայինի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել

Բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կենսաթոշակային օրենքի

Ցանկացած բարեփոխում սկզբնական շրջանում կարծիքների փոխանակում է, «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ իր վերաբերմունքը հայտնելով պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի շուրջ բարձրացած բողոքի ալիքին։

«Քցում-բռնում են, մտածում են էդ ուղղությամբ, առաջանում են բողոքներ»,- ասաց նա։

Շաբաթ օրը՝ հունվարի 18-ին, «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները հանրահավաք-երթ էին կազմակերպել։ Սա առաջին անգամն էր, որ այս նախաձեռնության հավաքի մասնակիցների թիվը հասնում էր մի քանի հազարի։ Որոշ գնահատականներով՝ մոտ 10 հազար մարդ մասնակցել է շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիային։

Հարցին, թե ՀՀԿ-ին չի անհանգստացնո՞ւմ այն հանգամանքը, որ բողոքող քաղաքացիների թիվն օրեցօր մեծանում է, Գալուստ Սահակյանը պատասխանեց.- «Դա մեր սովորական սցենարն է, էսօր 10 են ասում, վաղը 20 ասեն, մյուս օրը՝ 30։ ՀՀԿ-ն [օրենքի վերաբերյալ] իր դիրքորոշումը, իհարկե, չի փոխել, որովհետև դա տարիների աշխատանք է, և վերջին պահի խնդիր չէ։ Առավել ևս ճիշտ կլիներ, որ 2010 թվականին, երբ ընդունվեց օրենքը, էս երկու տարիներին, մանավանդ խմբակցություններ էլ կային, որ մասնակից էին, կարող էին գոնե մեկ առաջարկ անել օրենքի փոփոխությունների վերաբերյալ»։

Օրենքին ընդդիմացող քաղաքացիները, ինչպես նաև նրանց աջակցող Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցություններն, այդուհանդերձ, առաջարկներ ունեն 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող քաղաքացիներին, որոնց վրա օրենքը տարածվում է։ Նրանք հորդորում են ավելի քան 270 հազար քաղաքացիներին պարզապես չընտրել կառավարիչներին և նրանց ֆոնդերը։ Մինչդեռ ՀՀԿ-ի փոխնախագահը այս առումով էլ խնդիր չի տեսնում։

«Եթե օրենքը չեն կիրառում, օրենք են խախտում։ Եթե չդիմեն, իրենց ուզած ֆոնդում չի բաշխվի իրենց գումարները, այլ ինքը կառավարիչը կորոշի՝ որտեղ»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Այս դեպքում էլ քաղաքացիները խոստանում են չնահանջել և դիմել գործադուլի, նստացույցի, քաղաքական անհնազանդության այլ միջոցների։

«Եթե բողոքում են կամ հայհոյում են, կամ տեսակետ են առաջարկում։ Եթե մարդիկ բողոքում են, բնական է նաև, որ գործողություններ կատարեն։ Քաղաքացիական հասարակության դիրքորոշումը չի կարելի որոշել 10 հազար կամ 5 հազար մարդկանցով։ Քաղաքացիական հասարակությունը միանշանակ որևէ հարցում [և աշխարհում էլ] էդպես համամիտ լինել չի կարող։ Էնպես, որ իշխանությունները նրա համար են, որպեսզի կարողանան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի բարեփոխումների ծրագրեր իրոք իրականան մեր պետության ներսում», - ասաց Սահակյանը։