Մատչելիության հղումներ

Ավտոերթի մասնակիցները ահազանգում են ոստիկանության ճնշումների մասին


Հայաստան -- «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության ավտոերթը, Երևան, 16-ը հունվարի, 2014թ,
Հայաստան -- «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության ավտոերթը, Երևան, 16-ը հունվարի, 2014թ,
Այսօր առավոտից ոստիկանության աշխատակիցները զանգահարում են «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամներին, որոշ դեպքերում այցելում նրանց տները՝ վերջիններիս պատկանող ավտոմեքենաների մասին տեղեկություններ հավաքելու և դրանք լուսանկարելու համար:

Ընդ որում ոստիկանները զանգահարում և այցելում են հենց այն քաղաքացիներին, որոնք երեկ մասնակցել են պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ ուղղված ավտոերթին: Հիշեցնենք, որ ավտոերթի ընթացքում հրապարակը մեկուկես ժամ խցանված էր, իսկ այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները գրանցում էին բողոքի այս ակցիայի մասնակիցների մեքենաների համարանիշները: Ավտոերթի մասնակից Լևոն Հարությունյանը իրեն զանգահարող ոստիկանից ճշտել է նրա անունը, ազգանունը, կոչումը և զանգի նպատակը:

«Ասացի՝ իսկ ինչո՞ւ եք ուզում ճշտել այդ փաստը, ինչո՞ւ եք ինձ զանգել: Ասացին, որ՝ մենք չգիտենք, մենք հանձնարարական ունենք, ուղղակի հանձնարարական ենք կատարում», - պատմեց ակտիվիստը:

Հակոբ Արշակյանը, Ավետիք Դավթյանը և էլի մի քանի երիտասարդներ, որոնք երեկ մասնակցել են ավտոերթին, նույնպես այսօր ոստիկանների հետ են գործ ունեցել: Ի տարբերություն Լևոն Հարությունյանի, մնացած տղաներին զանգահարած ոստիկաններն ասել են, թե երեկ վրաերթ է եղել և այսօր անհրաժեշտություն է առաջացել նկարել նրանց մեքենաները: Հարկ է նշել, որ տղաները վարում են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, սակայն ոստիկանության աշխատակիցները յուրաքանչյուր առանձին դեպքում ասել են, թե հենց այդ մակնիշի ավտոմեքենան է եղել վրաերթի պատճառը:

Ավտոեթրի մասնակից Վարդան Վարդանյան էլ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ երեկ ոստիկանության աշխատակիցներն իրենց տուն են եկել՝ ասելով, թե մեքենայի գողության ահազանգ են ստացել:

Ավտոերթի մասնակիցները վստահ են, որ ոստիկանների այս գործողությունները կապված են երեկվա բողոքի ակցիայի հետ, այլ կերպ ասած՝ ոստիկանությունը փորձում է ճնշումներ գործադրել ակցիայի մասնակիցների վրա:

Ոստիկանության լրատվական բաժնից Արմեն Մալխասյանը երեկ մեզ տեղեկացրեց, թե
ոստիկանությունը կատարել է օրենքով սահմանված կարգով գործառույթներ, երբ հավաքագրել է մեքենաների համարանիշները:

Ոստիկանությունը իր կայքէջում պարզաբանում է տվել այս հարցին, նշելով․ - «Ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում: Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել և յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի և կտրվի սպառիչ պարզաբանում»:

Ավտոերթի մասնակիցներից մի քանիսը, այդ թվում Ավետիք Դավթյանը, այդուհանդերձ պնդում են, որ ոստիկանները այցելում են իրենց բնակարանները և նկարահանում ավտոմեքենաները:
XS
SM
MD
LG