Թուրքիայի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու

Պաշտոնական Երևանի հրավերով դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն Երևանում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին: Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը։ Ւ պատասխան «Ազատության» հարցմանը, նախարարության խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, թե առայժմ միայն կարող է հաստատել, որ հրավերներ են ուղարկվել կազմակերպության անդամ բոլոր
երկրների արտգործնախարարներին։ Մասնակիցների և նրանց օրակարգի մասին Հայաստանի արտաքին գերատեսչությունը խոստանում է հայտնել լրացուցիչ։

Իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր տեղեկացրեց, որ առայժմ որևէ պայմանավորվածություն չկա Հայաստանի իշխանությունների հետ թուրք դիվանագետի հանդիպման մասին: Միաժամանակ Գալուստ Սահակյանը որևէ դրական բան չի տեսնում, որ Դավութօղլուն ընդունել է հրավերը։

«Թուրքիայի հետ ցանկացած գործողություն կեղծ է, այնպես որ դա մեր ֆորմատը չէ, կգա, չի գա, դրան ես, ոչ էլ իմ քաղաքական թիմը էական նշանակություն չենք տալիս։ Ռեալ արդյունքներ չեմ ուզում արձանագրել, որովհետև, ըստ էության, այս քաղաքական իրադարձություններում, կարծեք թե իր իմիջը կորցնելով քաղաքական տեսակետից պարտվեց՝ Սիրիայի խնդրի հետ և տարածաշրջանի խնդիրների հետ կապված։ Հիմա պիտի փորձի ամեն կերպ իրեն ավելի դեմոկրատ ցույց տալ և վերաբերմունք դրսևորել նաև մեր գործընթացներին»,- ասաց Սահակյանը։

2009 թվականին հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո առաջին անգամ Երևան է ժամանում թուրք բարձրաստիճան պաշտոնյա: Արձանագրությունները խիստ քննադատող Դաշնակցությունում առայժմ չեն քննարկել՝ արդյոք բողոքի ցույցերով կդիմավորեն Դավութօղլուին. ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ Անկարան քաղաքական քայլ է արել, ընդունել է Երևանի հրավերը՝ ցույց տալու, թե իբր պատրաստ է երկխոսել։

«Իրականում Թուրքիան պատրաստ չէ իր հայտարարած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իրական հարթության մեջ տանել։ Ես կասկածում եմ, որ որևէ առաջընթաց կարող է գրանցվել, ավելին՝ եթե մենք հետևենք Դավութօղլուի կամ պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ապա մենք տեսնում ենք, որ նախապայմանների լեզվով խոսելուց իրենք որևէ նահանջ չեն արձանագրել։ Եվ այնպես չէ, որ դեկտեմբերի 12-ին հանկարծ Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում մենք կարող ենք ստանալ մի գեղեցիկ փաթեթավորված ցանկություն կամ մոտեցում»,- ասում է Մինասյանը։

Թեև հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ երկու երկրների խորհրդարաններում, այդուհանդերձ, Դաշնակցական պատգամավորի համոզմամբ՝ պաշտոնական Երևանն արդեն գիտակցում է, որ այդ փաստաթուղթը ակնհայտորեն հակասում են Հայաստանի ռազմավարական նպատակներին։

«Եթե մենք քայլը կատարենք և ետ քաշենք ստորագրությունը, Թուրքիան ավելի կբացվի և ավելի հնարավոր կլինի իրենց ցանկացած գործողություն ավելի ընկալելի դարձնել նաև մեզ համար։ Քանի դեռ չկա դա, Թուրքիան հիմա խաղում է, ինչպես որ օգտագործում է արձանագրությունից ստացած բոլոր օգուտները, խաղալով նաև մեզ հետ, մեր պետության հեղինակության հետ»,- ասաց Մինասյանը։

«Ժառանգությունը» նույնպես հայ-թուրքական արձանագրությունների վրա է ուշադրություն հրավիրում։ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հիշեցնում է՝ իշխող մեծամասնությունը բազմիցս մերժել է իրենց առաջարկը՝ փաստաթուղթը դուրս թողնել խորհրդարանի օրակարգից։

«Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հերթական մի ավանտյուրան էին, որ համաձայնեց իրականացնել Սերժ Սարգսյանը։ Մենք համարում ենք, որ այդ արձանագրությունները ուղղակի դեմ են հայ ժողովրդի և ՀՀ-ի շահերին»,- ասաց պատգամավորը։

Զարուհի Փոստանջյանը համոզված է՝ որևէ դրական տեղաշարժ թուրք դիվանագետի այցից պետք չէ ակնկալել.- «Ակնհայտ է, որ Թուրքիան իր այս ցանկություններով, իր այսպիսի սահմաններով երբեք չի ցանկանում Հայաստանի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ առանց նախապայմանների։ Նախապայմանները ներառաված են թե արձանագրությունների մեջ, թե նաև իրենց կողմից հրապարակված բազմաթիվ հայտարարություններում»։

Հիշեցնենք, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի՝ Կիևում անցկացվող նիստի ընթացքում Դավութօղլուն ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ զրուցել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իր գործընկերների հետ: