Մատչելիության հղումներ

ԼՂ հիմնահարցը՝ թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգում


Ահմետ Դավութօղլուն (ձ) և Ջոն Քերրին լրագրողների հետ հանդիպմանը, Վաշինգտոն, 18-ը նոյեմբերի, 2013
Ահմետ Դավութօղլուն (ձ) և Ջոն Քերրին լրագրողների հետ հանդիպմանը, Վաշինգտոն, 18-ը նոյեմբերի, 2013
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկար սպասված հանդիպման մեկնարկից հաշված ժամեր առաջ ղարաբաղյան հիմնախնդիրը դարձավ Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցության հիմնական թեմաներից մեկը: Այդ մասին երեկ երեկոյան Վաշինգտոնում հայտարարեցին պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղուն։

«Թուրքիան շատ կարևոր դերակատարություն ունի խաղում բազմաթիվ առումներով: Մենք արդեն մի քանի ամիս է՝ ինչ բանակցում ենք Կիպրոսի խնդրի շուրջ, խոսել ենք նաև Ղարաբաղի խնդրի մասին: Եվ կարող եմ նշել, որ առանց ավելորդ աղմուկի փորձում ենք ուղիներ որոնել, որպեսզի այս գործընթացներում ներգրավված մեր դեսպանները կարողանան ապահովել պրոցեսի շարունակականությունը»,- մի քանի ժամ շարունակված բանակցությունների ավարտին նշեց պետքարտուղար Քերին՝ հավելելով նաև, որ վերջին օրերին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ ուղիղ հեռախոսային բանակցություններ է ունեցել:

«Ես զրուցել եմ թե նախագահ Ալիևի և թե նախագահ Սարգսյանի հետ վերջին 48, կամ գուցե 72 ժամերին, նրանք շուտով հանդիպում են: Կոչ ենք անում առաջընթաց ապահովել այս գործընթացում, մենք էլ շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել դրանում»,-հայտարարեց Քերին:

Սարգսյան-Քերի հեռախոսազրույցն, ի դեպ, եթե հավատանք Հայաստանի նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությանը, կայացել է Սերժ Սարգսյանի` Վիեննա մեկնելուց անմիջապես առաջ` երեկ երեկոյան:

«Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ»,- նշված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին խոսել է նաև Ահմետ Դավութօղլուն` ընդգծելով, որ վերջին շրջանով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները ընթացել են ինչպես Մինսկի խմբի ձևաչափում, այնպես էլ երկկողմ բանակցությունների միջոցով:

«Մենք հուսով ենք, որ այս սառեցված հակամարտությունը շուտով կմոտենա իր ավարտին: Դա խաղաղություն կբերի ողջ Կովկասին և հարող տարածաշրջաններին ևս: Ես ուրախ եմ, որ այսօր ես և Ջոնը, ավելին՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները ղարաբաղյան հիմնախնդիրին նայում են նույն տեսնկյունից: Հուսով եմ, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը հաջողությամբ կպսակվի»,- ասել է Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG