Վազգեն Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մասով քրեական գործի նախաքնությունն ավարտվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով:

Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից` մանրամասնելով, որ նախաքննությունը ավարտվել է դեռ 2012թ.-ի դեկտեմբերի 26-ին:

Վազգեն Խաչիկյանին ներկայացվել է մեղադրանք Հայաստանի քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (յուրացում՝ առանձնապես խոշոր չափերով ու որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք): Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում` հնարավոր է նաեւ գույքի բռնագրավմամբ:

Հիշեցնենք՝ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ դեռ 2011թ. մայիսի 16-ին Գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց, եւ չորս օր անց` ամսի 20-ին, գործը փոխանցվեց Ոստիկանություն:

Ըստ Ոստիկանության, անցած ժամանակահատվածում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 հոգի եւ նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այդ 53-ից 28 անձանց` այդ թվում Վազգեն Խաչիկյանի մասով նախաքննությունն ավարտվել է, մի մասի մեղադրական եզրակացությունները դատարան են ուղարկվել: 7 հոգու մասով քրեական հետապնդումը դադարեցվել է եւ մնացած 18-ի հետ կապված նախաքննությունը դեռ շարունակվում է: Ոստիկանության համաձայն, պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 376 միլիոն դրամ (376 716 903 դրամ), որից վերականգնվել է գրեթե 52 միլիոնը (51 773 902 դրամ):

Այս քրեական գործի շրջանակներում էր, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը նախ ներգրավվեց որպես վկա, իսկ այնուհետեւ որպես մեղադրյալ եւ 2012թ.-ի սեպտեմբերից կալանավորվեց:

Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում


Վազգեն Խաչիկյանի հետ կապվել չհաջողվեց։ Նրա փաստաբան Ժորա Վարոսյանը այսօր մեզ փոխանցեց, որ կալանավորումից ի վեր Խաչիկյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն ավելի շատ հայտնի է որպես ԱԱԾ մեկուսարան:

«Մեզ հայտնել են ավարտի մասին, եւ մենք ցանկացել ենք ստանալ պատճեները եւ ծանոթանալ գործի նյութերին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ժորա Վարոսյանը, ընդգծելով, որ Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Ժորա Վարոսյանը նաեւ ընդգծեց, որ իր պաշտպանյալը որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում տեղի ունեցածի մեջ:

«Այլ գնահատական տալ հնարավոր չէ»


Գալուստ Սահակյան

Հայաստանյան լրատվամիջոցներում մեկնաբանություններ կան, թե սոցիալական ապահովության ոլորտում տեղի ունեցած բացահայտումները պետք է կապել 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների հետ, քանի որ այդ կերպ իշխանությունները ձգտում են կոռուպցիայի դեմ պայքարի տպավորություն ստեղծել:

«Քննությունը գնում է օրենքին համապատասխան, որեւէ այլ գնահատական տալ հնարավոր չէ», - այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում մեկնաբանեց Բրյուսելում գտնվող Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, - «Ինչո՞ւ միայն Խաչիկյանը․․․ նրանք, ովքեր հանցանք են կատարում, բոլորն էլ պիտի պատասխան տան, բանաձեւը այդպիսին է»։