Մատչելիության հղումներ

Ախթալայի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Ախթալայի քաղաքապետի եղբոր` Կարեն Խաչիկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Օգոստոսի 30-ին, հիշեցնենք, իր տան վրա հարձակումից հետո Կարեն Խաչիկյանը, ըստ ոստիկանության հաղորդագրության, իր հորեղբորորդի Վաչագան Խաչիկյանի հետ իր տան վրա հարձակվողներից մեկի` Արսեն Չիչյանի բնակարանում «դիտավորյալ վնասել եւ մասամբ ոչնչացրել են գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին»:

Կարեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի առաջին մասով` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելն ու վնասելը:

Խաչիկյանի փաստաբանը` Ժորա Վարոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե քանի որ հոդվածը վերաբերում է ոչ մեծ ծանրության հանցագործություններին, կարելի էր ընտրել ավելի մեղմ խափանման միջոց. - «Ավելի արդարացի կլիներ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը»:

Վարոսյանի խոսքով, կալանավորումը խախտում է Ախթալայի ավագանու անդամի թեկնածու Կարեն Խաչիկյանի ընտրական իրավունքը` զրկելով քարոզարշավ անցկացնելու հնարավորությունից:

Փաստաբանը փոխանցեց, որ Խաչիկյանին գրավի դիմաց ազատ արձակելու իրենց բազմաթիվ միջնորդությունները մերժվել են:

Ժորա Վարոսյանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վիճարկելու է վերաքննիչ ատյանում` հավելելով, որ կողմերի համաձայնության գալու դեպքում գործը կարող է կարճվել:


Նարե Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG