Մատչելիության հղումներ

Նախարար. «Աղքատության մակարդակը կարող էր ավելի բարձր լինել»


Նախարար. «Աղքատության մակարդակը կարող էր ավելի բարձր լինել»
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00
Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ այսօր ասուլիս էր հրավիրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Եթե համակարգի յուրաքանչյուր աշխատող պատասխանատվություն կրի երկրում առկա սոցիալական վատ վիճակում հայտնված մեկ ծերի, երեխայի, հաշմանդամի նկատմամբ, սոցիալական բարեփոխումներն ավելի ակնհայտ եւ արդյունավետ կլինեն», - հայտարարեց նախարարը:

Նա նշեց, որ ուշադրության կենտրոնում է պահում երեք գերակա ուղղություններ` կենսաթոշակային բարեփոխումների շարունակական իրականացում, ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի ներդրում, երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների կանոնակարգում:

Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին` Ասատրյանը տեղեկացրեց, որ տնային տնտեսությունների շրջանում անցկացրած 2011 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ աղքատությանը մակարդակը երկրում կազմել է 34,8 տոկոս եւ շարունակեց. - «Նույն հետազոտության տվյալները փաստում են` եթե չիրականացվեին սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկու խոշոր ծրագրերը` կենսաթոշակներ եւ ընտանեկան նպաստներ, ապա աղքատության մակարդակը կկազմեր ավելի քան 55 տոկոս: Իհարկե, կարելի է անել եւ պետք է անել շատ ավելին: Եվ կառավարության ծրագրերը հենց ուղղված են առաջին հերթին սոցիալապես խոցելի խավերին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե բավարար է արդյոք վստահությունը պետության նկատմամբ 2014 թվականին պարտադիր կուտակային համակարգին անցնելու համար, նախարարը արձագանքեց. - «Հաշվի առնելով նաեւ ժողովրդագրական միտումները, ծերացման խնդիրները` այս համակարգին անցմանը այլընտրանք չկա»:

Նվազագույն աշխատավարձը վերջերս բարձրացվեց 2500 դրամով` հասնելով 35 հազար դրամի: Հարցին, թե արդյոք ամենօրյա թանկացումների պարագայում դա բավարար է, նախարարն արձագանքեց, թե կառավարության ծրագրով նախատեսվում է կրկնապատկել նվազագույն աշխատավարձը. - «Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք, որ շատ ավելի մեծ չափով բարձրացվի: Բայց նաեւ հաշվի ենք առնում այս պահին մեր բյուջետային հնարավորությունները»:

Ասատրյանը զերծ մնաց Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալության վերաբերյալ կարծիք հնչեցնելուց: - «Այն խնդիրները, որոնք եղել են եւ այդ խնդիրները, որոնց մասին այս ընթացքում բազմիցս նշվել է, լուծումներ են ստացել: Մնացած խնդիրները իրավապահ մարմինների գործառույթների շրջանակում է, եւ ես, իհարկե, ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց»:

Նախարարը հավելեց, որ մշակվել են նոր մեխանիզմներ, եւ յուրաքանչյուր սխալ որոշման դեպքում պատասխանատուն հստակ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG