Սերժ Սարգսյան. «Պետք է հասկանանք` որտե՞ղ ենք, ի՞նչ ունենք եւ ո՞ւր ենք գնում»

Նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահներին հինգշաբթի օրը հրավիրել էր քննարկման` նվիրված Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին:
Խորհրդակցությունը մեկնարկեց ժամը 11:00-ին` Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում, եւ տեւեց 5 ժամ: Հանդիպումը անցկացվում էր փակ դռների հետեւում:

Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի փոխանցմամբ` հրավիրված էին 64 կուսակցությունների ղեկավարներ, որոնցից 52-ը մասնակցեցին քննարկմանը:


Խորհրդակցության բացման խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Այս թեմայով քննարկումների ամենատարբեր ձեւաչափեր եմ կանխատեսում. մոտակա շաբաթների ընթացքում լինելու են տարբեր ձեւաչափեր, ինքս եմ նախաձեռնելու ու մասնակցելու այս հարցի շուրջ քննարկումներին եւ որոշեցի այդ շարքը սկսել հենց այսօրինակ հանդիպումով: Այսօրվա հավաքը ես համարում եմ արդեն իսկ սկիզբ առած քաղաքական բանավեճի հետագա ծավալման համար բավականին հարմար ձեւաչափ»:

«Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության եւ նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո սկսվել է մի գործընթաց, որն իսկապես դրական ու կարեւոր է: Ես նկատի ունեմ հասարակական-քաղաքական քննարկումների այս փուլը», - ասել է Սերժ Սարգսյանը իր խոսքում, որի տեքստը հրապարակել է նախագահի մամլո գրասենյակը: - «Այս օրերի ընթացքում ես մանրամասն ծանոթացել եմ հանրայնորեն հնչեցված ամենատարբեր կարծիքների, լսել եմ դրական, խրախուսող կոչեր, լսել եմ քննադատություն, այդ թվում խիստ քննադատություն, լսել եմ նաեւ մտահոգություններ: Անշուշտ ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգություններ: Բայց որպեսզի մեր մտահոգությունները համադրելի լինեն, որպեսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերը ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պետք է կարողանանք նույն հարթության մեջ բերել մեր բոլոր դիտարկումները»:

«Հրավիրելով Թուրքիայի նախագահին Հայաստան եւ նախաձեռնելով այս ողջ գործընթացը` ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի եւ Թուրքիայի համար, ցույց տալ, որ Ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը, եւ Հայաստան երկիրը, որ կանգուն է եւ տեր է իր ժողովրդի ցավին, իրականում բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու եւ աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու», - հայտարարել է նախագահը` հավելելով. - «Շատ-շատերն ասում են, որ պետք էր բանակցել Թուրքիայի հետ, բայց անհրաժեշտություն չկա դա անել հրապարակայնորեն եւ բաց: Բոլորդ հիշում եք, որ անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում միշտ այդպիսի փորձեր եղել են. իրոք, այս վերջին գործընթացը մնացածներից տարբերվում է իր հրապարակայնությամբ: Բայց ես համարում եմ, որ գործընթացը պետք էր հրապարակայնացնել, որովհետեւ այն լարվածությունը, որ կա մեր միջեւ, մտացածին չէ, իրավիճակային չէ, այդ լարվածությունը, այսպես ասած, վերնախավերի պատերազմ չէ, այն մեր հասարակությունների միջեւ է, եւ այդ լարվածությունը, եթե ուղիղ ասենք` այդ թշնամությունը, հետեւանք է մեր պատմության ամենամռայլ էջի` ցեղասպանության, որ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում: Եթե մենք երբեւէ կարգավորելու ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա բացի Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքից, անհրաժեշտ է մեր հասարակությունների մասնակցությունը: Առանց դրա անհնար է այս խնդիրը լուծել: Ես հասկանում եմ, որ հրապարակայնությունն ունի նաեւ իր խնդիրները, որովհետեւ եթե գործընթացը մտնի փակուղի, բնականաբար, իմ ասած հակասությունները, թշնամանքը խորանալու են»:

«Հասարակական-քաղաքական քննարկումների այս առաջին օրերի ընթացքում ես դեռ չեմ լսել ընդդեմ սահմանների բացմանն արտահայտվող որեւէ քաղաքական ուժի կարծիք, միգուցե այսօր հնչեն, չգիտեմ, բայց, համոզված եմ, որ նման դիրքորոշումը քաղաքական դաշտում, համենայն դեպս, տիրապետող չէ, այդ մասին ուղիղ չի ասվում: Չկան կամ քիչ են նաեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը դեմ դիրքորոշումները: Եվ եթե մեր տրամաբանական ճանապարհը մենք սկսում ենք այս ելակետերից, ապա պետք է կարողանանք հասկանալ որտե՞ղ ենք, ի՞նչ ունենք եւ ո՞ւր ենք գնում», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Որտեղ ենք. Ներկա փուլը նախաստորագրված փաստաթղթերի քննարկման, ստորագրման եւ հնարավոր վավերացման փուլն է: Այո' հնարավոր եմ համարում, որ փաստաթղթերի առանձին հատվածների վերաբերյալ որոշ մարդկանց համար բացատրություններն այդպես էլ համոզիչ չլինել, չնայած համոզված եմ, որ համակողմանի ներկայացման ու անաչառ քննության դեպքում դա գրեթե անհնար է: Բայց նույնիսկ այդ դեպքում արդյո՞ք նշանակում է, որ մենք ինչ-որ հարցի շուրջ տանուլ ենք տվել, թե՞ նշանակում է աշխատանքային դաշտ բացել խոսելու եւ բոլոր խնդիրները լուծելու համար: Ի վերջո այս փուլով մենք ավարտո՞ւմ, թե՞ սկսում ենք: Եկե'ք միասին այսօր խոսեք եւ հասկանանք:

Ինչ ունենք. ունենք նախաստորագրված երկու փաստաթուղթ եւ ակտիվ գործընթաց: Հիմա եկեք միասին խորհենք` ինչ են տալիս կամ վերցնում այս փաստաթղթերը: Համոզված եմ` քաջածանոթ ենք մանրամասներին: Ինչպե՞ս գնահատել դրանք. որպես առկա հարցերին պատասխան տվո՞ղ, թե՞ հարցերի լուծման համար նախադրյալներ ստեղծող ակտեր: Եկեք միասին դատենք. մեր համոզմունքներն ու ճշմարտության մեր հավատամքը զոհո՞ւմ ենք այս փաստաթղթերով, թե՞ ինքնամփոփ անաղարտության մեջ պարփակվելու փոխարեն դրանք տեղ հասցնելու ճանապարհներ ենք բացում, աշխատանքի ճակատ ենք բացում: Եկե՜ք միասին հասկանանք:

Այս օրերին ինձ բազմաթիվ մարդիկ հարցեր են տալիս եւ հարցը հետեւյալ կերպ է հնչում` ո՞րն է ձեր նվազագույն կամ առավելագույն ծրագիրը: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը եւ սահմանների բացումը ես չեմ համարում ոչ նվազագույն ծրագիր եւ ոչ էլ առավելագույն ծրագիր: Ես այդ գործընթացների ավարտը դիտում եմ լոկ որպես մի նվազագույն միջավայրի ապահովում, որը հնարավորություն կտա թուրքերի հետ սկսել երկխոսություն: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարթությունում` տնտեսականից, քաղաքականից մինչեւ պատմական:

Ո՞ւր ենք գնում մենք. անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու: Եթե որեւէ խնդրի լուծման համար մենք որեւէ դուռ ենք փակել, խնդրում եմ մատնացույց անել: Եկեք միասին հասկանանք այս խնդիրները: Եթե մենք իրոք ուզում ենք հարաբերությունները կարգավորել, իսկ նորից եմ կրկնում, դեռեւս որեւէ մեկը հրապարակայնորեն չի հայտարարել, որ ինքը որպես քաղաքական ուժ դեմ է թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելուն, ապա եկեք հասկանանք, թե ով ինչ է անելու եւ, ընդհանրապես, բոլորս միասին ինչ աշխատանք ենք անելու: Կարծում եմ, սա է ամենից կարեւորը»:

Ընդդիմադիր կուսակցություններից խորհրդակցությանը մասնակցեցին Հայ հեղափոխական դաշնակցությունը` ի դեմս կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, «Նոր ժամանակներ»-ը` ի դեմս կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի:

Քննարկման մասնակիցների թվում էին Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը, Ազգային ժողովրդավարների դաշինքի առաջնորդ Արշակ Սադոյանը եւ այլոք:

Խորհրդակցությանը չմասնակցեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ նախ` «Ժառանգության» տեսակետը վաղուց հայտնի է, բացի այդ, ըստ նրա, նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ նախաստորագրված արձանագրությունները որեւէ փոփոխության ենթակա չեն, իսկ դա նշանակում է, որ այս քննարկումները «ընդամենը շոու հիշեցնող հավաքներ են»: Մարտիրոսյանի խոսքերով` գոյություն ունեն պետական ինստիտուտներ, որտեղ ավելի նպատակահարմար է քննարկումներ ծավալելը, իսկ լավագույն ուղին ժողովրդի կարծիքը հաշվի առնելն է, որը ժողովուրդը կարող է արտահայտել հանրաքվեի միջոցով:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցությունները նույնպես չմասնակցեցին սեպտեմբերի 17-ի քննարկմանը` այն համարելով «իմիտացիա»: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Նախ` մինչեւ մեր պատանդ ընկերներն ազատ չարձակվեն, ոչ մի երկխոսություն հնարավոր չէ: Երկրորդ` այդ միջոցառման սնանկությունն արդեն ապացուցվել է` նախկին փորձից ելնելով»:

Սա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այս ձեւաչափով հրավիրված երրորդ թեմատիկ խորհրդակցությունն էր:

2008 թվականի նոյեմբերի 20-ին նախագահի հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, իսկ այս տարվա մարտի 20-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» խորագրով:

Your browser doesn’t support HTML5

Նախագահի թեմատիկ խորհրդակցությունը