Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն հացադուլ եւ նստացույց է սկսում


Դաշնակցականների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում, 15-ը սեպտեմբերի, 2009թ.
Դաշնակցականների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում, 15-ը սեպտեմբերի, 2009թ.

«Ո՜չ նախապայմաններին», «Չուրանա՜նք, չզիջե՜նք, ընդվզե՜նք» բովանդակությամբ պաստառներով Հայ Յեղափոխական Դաշնակցության 24 ներկայացուցիչներ երեքշաբթի օրը հացադուլ սկսեցին Արտգործնախարարության շենքի առջեւ։ Եվս 50 դաշնակցականներ նստացույց անցկացրեցին Կառավարության շենքի առջեւ։

Դաշնակցությունը իր բողոքն է արտահայտում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների դեմ` պահանջելով հասարակության լայն շերտեր ընդգրկող քննարկումներ անցկացնել եւ օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները ստորագրել ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությունները փաստաթղթում կատարելուց հետո միայն։

«Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը վերջնակապես հրաժարվի նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց: Հուսով ենք, որ մեր երկրի իշխանությունների մոտ մնացել է ողջախոհության հատիկ, եւ այդ հատիկը երեւի ծիլ տա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հացադուլավորներից մեկը:

Հացադուլի մեկ այլ մասնակից՝ Սասուն Սարգսյանը փոխանցեց, թե հացադուլի են նստելու հերթափոխով` յուրաքանչյուրը` 48 ժամ։ Ինքը պատրաստ է հացադուլին «թե' հոգեպես ու թե' ֆիզիկապես»։

Հացադուլի մասնակիցներից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի խոսքով` «կույր պետք է լինել՝ հրապարակված արձանագրություններում նախապայմանների շուրջ կետերը չտեսնելու համար»։

«Պետք է հասարակությունը ցանկացած միջոցով պայքարի», - հավելեց Մանուկյանը: - «Սա մեր զավակների, թոռների, եթե չասեմ՝ շատ ավելի ապագա սերունդների ճակատագրի հետ խաղ է: Որեւէ մեկս իրավունք չունենք թույլ տալու»:

Հարցին, թե արդյոք նախապես հայտարարվածի պես Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավորները եւս կմասնակցեն հացադուլին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, թե նրանք կմասնակցեն նստացույցին միայն։

ՀՅԴ-ի Բյուրոյի անդամ, «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, սակայն, վստահեցրեց, թե ինքը մասնակցելու է հացադուլին։

«Բողոքի այս ձեւը` նստացույց եւ հացադուլ, ընտրվել է, քանի որ Հայաստանում տեղի չի ունենում այն, ինչ հենց այդ արձանագրություններն են նախատեսում: Հասարակական, ներքաղաքական քննարկումների համար նախատեսված 6 շաբաթից 2 շաբաթն անցել է, մինչդեռ այդ քննարկումները չկան», - ասաց Վահան Հովհաննիսյանը։

«Դաշնակցությունը պատրաստ է ցանկացած` արտգործնախարարի կամ նախագահի մակարդակով բանավեճի, լուրջ քննարկումների, ինչից իշխանությունները խուսափում են», - հավելեց Վահան Հովհաննիսյանը։ Նրա հավաստմամբ, Դաշնակցությունը կմասնակցի նախագահի հրավիրած առաջիկա խորհրդակցությանը. - «Բնականաբար, կմասնակցի: Մենք լուրջ քննարկման ոչ մի առիթ բաց չենք թողնի»:

Կառավարության եւ Արտգործնախարարության շենքի առջեւ նույն օրը նաեւ տեղադրվեցին ցուցատախտակներ, որտեղ Դաշնակցությունը ներկայացնում է այն առաջարկությունները, որոնց համաձայն, ըստ իրենց, պետք է փոփոխության ենթարկվեն նախաստորագրված արձանագրությունների որոշ կետեր։

Ակցիայի վայրում զուգահեռաբար սկսվեց նախաստորագրված արձանագրությունների դեմ ստորագրահավաք։ Դաշնակցականների շուրջօրյա հացադուլն ու նստացույցը կանցկացվի մինչեւ քննարկումների համար նախատեսված 6-շաբաթյա ժամկետի ավարտը։

ՀՅԴ-ն հացադուլ եւ նստացույց է սկսել
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG