Մատչելիության հղումներ

Սահմանի բացումը «լուրջ միասնական ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա»


Հայաստանի գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը մամուլի ասուլիսում: 11-ը սեպտեմբերի, 2009 թ.
Հայաստանի գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը մամուլի ասուլիսում: 11-ը սեպտեմբերի, 2009 թ.

Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը համոզված է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մեր տնտեսության բազմաթիվ ճյուղեր մեծ զարգացում կապրեն:

Նախ, սահմանային առեւտրի շնորհիվ, ըստ նրա, աշխուժություն կնկատվի Շիրակի եւ Արմավիրի մարզերում, կբացվեն զգալի թվով աշխատատեղեր:

«Մենք կունենանք նաեւ հնարավորություն լուրջ միասնական ծրագրեր անելու, որ մասնագետները ժամանակին մշակել էին, մասնավորապես էներգետիկայի ոլորտում», - ուրբաթ օրը լրագրողներ հետ հանդիպմանը շարունակեց Ղազարյանը: - «Մեր երկու ցեմենտի գիգանտ գործարանները, որոնք, ես վստահ եմ, ամբողջ հզորությամբ չեն աշխատում, կկարողանան բավարարել թուրքական ինդուստրիայի պահանջները եւ կաշխատեն ամբողջ հզորությամբ ու շահութաբերությամբ: Մենք կունենանք բավական լուրջ ծրագրեր տրիկոտաժի եւ կարի արտադրության ոլորտում»:

Ղազարյանը, ով նաեւ Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահն է, համագործակցության հեռանկարներ է տեսնում նաեւ գյուղատնտեսության բնագավառում, առողջապահության եւ գիտության ոլորտներում:

Նրա խոսքով, սահմանի բացումը ոչ մի կերպ չի կարող վնասել տեղական արտադրողին: Ընդհակառակը՝ նրանք միայն կշահեն դրանից:

«Ես գտնում եմ, որ [հայաստանյան արտադրանքը] ունի մրցակցելու հնարավորություն, որովհետեւ, վերջին հաշվով, հասարակության հոգեբանության մեջ էլ թուրքական ապրանքների նկատմամբ առանձնակի մեծ խանդավառություն չկա», - ասաց նա:

Ղազարյանի խոսքով, Հայաստանը միշտ եղել է միջազգային առեւտրային ճանապարհների խաչմերուկ, եւ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կվերականգնվի մեր այդ պատմական տարանցիկ դերը:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահը սահմանի բացման մեջ վտանգներ ու բացասական կողմեր է տեսնում. - «Քանի որ մեր նորանկախության ընթացքում մենք ունեցել ենք ուղղակի փակ վիճակ. այսօր բացվելու է, այ մեր ազգային անվտանգության համակարգը, սահմանապահ զորքերը, մաքսատունը խնդիրներ ունեն, որպեսզի կանոնակարգեն եւ խիստ հսկողության տակ դնեն Թուրքիայի արեւելյան նահանգներում, որտեղ կենտրոնական իշխանության դերը մի փոքր ավելի թույլ է, կարողանանք ապօրինի զենք-զինամթերքի, նարկոթրաֆիքինգի, մարդկանց հոսքի հարցերով խիստ եւ կանոնակարգված լինենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG