Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է


Ավելի քան երկու տարի առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է: Բայց պարտության պատճառների, պատերազմից խուսափելու հնարավորության և մեղավորների մասին հանձնաժողովի իշխանական անդամները չեն շտապում խոսել. առաջարկում են սպասել խորհրդարանում զեկույցի քննարկմանը, որն, ի դեպ, տեղի կունենա փակ ձևաչափով:

«Ամեն դեպքում, մենք պետք է փորձենք այնպես անել, որ զեկույցի այն կարևորագույն հատվածները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում ու անվտանգային ռիսկեր էլ չեն պարունակում Հայաստանի համար, այդ հատվածներն առնվազն հանրությանը հասանելի լինեն», - նշեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:

Վահագն Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյան

2020 թվականի պարտությունից հետո, երբ ընդդիմադիր ուժերն առաջարկում էին պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու այնպիսի ձևաչափ ստեղծել, որտեղ իշխանությունը ղեկավար չի լինի, ընդդիմությունն էլ քանակով չի զիջի, «Քաղաքացիական պայմանագիրը» ընդառաջ չգնաց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով հանձնաժողով ստեղծեցին նրա թիմակիցները՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վրա:

Մինչ հանձնաժողովը կստեղծվեր, իշխող ուժի ներկայացուցիչներն արդեն պնդում էին, թե նախորդ տարիների բանակցություններն էին պատերազմը դարձրել անխուսափելի: Նույնը Նիկոլ Փաշինյանը կրկնում էր նաև հանձնաժողովի նիստում, այսօր էլ, երբ զեկույցն արդեն պատրաստ է, իշխող ուժից հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կարծում է՝ բանակցային գործընթացին առնչվող հատվածը պետք է հանրայնացվի, բայց ոչ միայն դա:

«Գուցե ճիշտ կլինի, որպեսզի մեր հանրությունն ամբողջությամբ տեղեկանա բանակցային գործընթացի մասին ու տարատեսակ դերակատարները քաղաքական ու համարյա քաղաքական վերջապես դուրս գան այն դերերից, որոնց մեջ իրենք պարբերաբար մտնում են՝ փորձելով աղավաղել բանակցային գործընթացը», - նշեց Ալեքսանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը, որն ի սկզբանե բոյկոտել էր հանձնաժողովի նիստերը, համարելով, որ պատերազմի շրջանում երկիրը ղեկավարած անձինք չեն կարող օբյեկտիվ քննություն իրականացնել, դեռ որոշում չունեն՝ զեկույցի ներկայացմանը կմասնակցեն, թե՝ ոչ:

Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աննա Գրիգորյանը շարունակում է պնդել՝ հանձնաժողովի ստեղծման նպատակը մեղավոր նշանակելն է, ուստի պատրաստված զեկույցն էլ՝ հենց այդ տրամաբանությունն է ունենալու:

«Մեզ համար ակնհայտ է, որ հանձնաժողովի ձևավորած վերջնական տարբերակն արդյունքների որևէ կերպ ընդունելի չի կարող լինել քաղաքական պատասխանատվություն կրող ուժը, մի ուժ, որ եղել է պատերազմի հիմնական պատասխանատուն և մեղավորը, միայն ՔՊ-ականներով քննել է 44-օրյա պատերազմը, դահլիճում միայն ՔՊ-ականներով քննարկելու է զեկույցն ու որևէ մեկը դրա մասին տեղյակ չի լինելու, նկատի ունեմ ժողովուրդը: Սա ուղղակի աբսուրդ է», - ասաց Գրիգորյանը:

Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին

Ի՞նչ է պարզել բացառապես իշխանական անդամներից կազմված քննիչ հանձնաժողովը, ո՞րն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր բացթողումը պատերազմից առաջ և դրա ընթացքում, դեռ պարզ չէ՝ կտա՞ այս հարցերի պատասխանը քննիչ հանձնաժողովը: Բայց Վահագն Ալեքսանյանը հարկ է համարում հիշեցնել՝ պատերազմը մի մարդ չի ղեկավարել, իսկ խնդիրները եղել են համակարգային:

«Բուն ռազմական գործողությունները գլխավորել, ղեկավարել է Գլխավոր շտաբը, Գլխավոր շտաբի պետը, ու սա է պետք հասկանալ: Ինչ վերաբերում է ընդհանուր կառավարման ոլորտի բացթողումներին, դրա մասին միանշանակ զեկույցում տեղ կլինի», - ընդգծեց հանձնաժողովի անդամը:

2021-ի ընտրությունների նախաշեմին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունները սրված էին, Փաշինյանը պատերազմի տարբեր դրվագների հետ կապված մեղադրանքներ էր հնչեցնում բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հասցեին:

«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքը դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է 1.5-2 օր ուշացումով տեղ հասել», - հայտարարել էր վարչապետը:

Հանձնաժողովը ստացե՞լ է արդյոք այս հարցերի պատասխանը Օնիկ Գասպարյանից, դեռ պարզ չէ: Ամեն դեպքում գլխավոր շտաբի նախկին պետը Փաշինյանի մեղադրանքից երեք տարի անց էլ պատերազմի որևէ դրվագով մեղադրյալ չէ: Ողջ պատերազմի և դրանից առաջ՝ բանակցությունների մասին խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին, իսկ թե քաղաքական ու իրավական ինչ հետևանքներ կունենա՝ պարզ չէ:

XS
SM
MD
LG