Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը զգուշավոր լավատեսություն են հայտնում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում: Նախ այդ մասին ասաց ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը, ապա՝ Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նաև հաստատեց՝ երեկ ուշ երեկոյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախագահ Պուտինին հավելյալ տեղեկություններ է ներկայացրել, լսել նրա դիրքորոշումը, որպեսզի այն փոխանցի նախագահ Թրամփին:
«Իհարկե, զգուշավոր լավատես լինելու պատճառներ կան: Դուք երեկ լսեցիք նախագահ Պուտինը ... ասաց՝ սատարում է նախագահ Թրամփի դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ, բայց բարձրաձայնեց մի քանի հարց, որոնց պետք է միասին պատասխանեն: Իսկապես, դեռ շատ բան պետք է արվի», - հայտարարեց Պեսկովը։
Ավելի վաղ Մայք Ուոլցն էր ասել, որ Վաշինգտոնը լավատես է՝ հաշվի առնելով վերջին շաբաթներին գրանցված առաջընթացը: «Մենք իսկապես զգուշավոր լավատեսություն ունենք», - նշել էր նա:
Նախագահ Թրամփն այսօր սոցցանցում գրել է, որ երեկ արդյունավետ քննարկում է ունեցել Պուտինի հետ, թեև ոչ Սպիտակ տան, ոչ էլ Կրեմլի կայքերում այդ մասին տեղեկություն չկա, պարզ չէ՝ հեռախոսազրո՞ւյց է եղել, թե՞ ԱՄՆ նախագահը գուցե նկատի ունի հատուկ բանագնաց Ուիթքոֆի միջոցով տեղի ունեցած շփումը:
Դոնալդ Թրամփը նշել է, որ վերջապես պատերազմը դադարեցնելու շատ մեծ հավանականություն կա, ապա հավելել, որ ուկրաինացի հազարավոր զինվորներ շրջափակման մեջ են, թեև չի նշել՝ ճակատի որ հատվածում: Միացյալ Նահանգների նախագահը նաև ասել է, որ Պուտինին խնդրել է խնայել նրանց կյանքը:
Ռուսաստանի նախագահը երեկ ասել էր, որ համաձայն է հրադադարին, սակայն այն պետք է լինի երկարաժամկետ, հավելելով, որ շատ նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն ԱՄՆ-ի հետ:
«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկների հետ, բայց մենք ելնում ենք նրանից, որ հրադադարը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և կվերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները», - ասել է Պուտինը։
Թրամփն արձագանքել է՝ ասելով, որ Պուտինի հայտարարությունը խոստումնալից է, սակայն՝ թերի: Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը ճիշտ կվարվի, հակառակ դեպքում «դա հիասթափեցնող պահ կլինի ողջ աշխարհի համար»։
«Նա շատ խոստումնալից հայտարարություն արեց, բայց այն ամբողջական չէր: Եվ այո՛, ես կցանկանայի հանդիպել նրա հետ կամ խոսել նրա հետ, բայց մենք պետք է արագ կարգավորենք այդ հարցը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ Պուտինի պատասխանը մոլորեցնող է, ինչը սպասելի էր, քանզի նա ամեն ինչ անում է, որ պատերազմը շարունակվի:
«Պուտինը, իհարկե, վախենում է նախագահ Թրամփին ուղիղ ասել, որ ուզում է շարունակել այս պատերազմը, որ ուզում է սպանել ուկրաինացիներին ... Դրա համար էլ Մոսկվան հրադադարի գաղափարին այս պայմաններն է պարտադրում, որպեսզի առհասարակ որևէ բան տեղի չունենա», - պնդել է Վլադիմիր Զելենսկին։
Այսօր հայտնի դարձավ, որ Մեծ յոթնյակի բոլոր երկրները համաձայնել են հրադադարի առաջարկված տարբերակին և Ռուսաստանին կոչ արել համաձայնել դրան, հակառակ դեպքում՝ սպառնալով պատժամիջոցներով: Հայտարարության նախագծում հեղինակները նշում են՝ ցանկացած հրադադար պետք է հարգվի, ապա ընդգծում՝ անհրաժեշտ են անվտանգության ամուր և հուսալի միջոցներ՝ ապահովելու, որ Ուկրաինան կարողանա հետագայում պաշտպանվել և զսպել ագրեսիայի ցանկացած դրսևորում:
Այս ընթացքում ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը Կուրսկի շրջանում, որտեղ արդեն ետ է գրավել անցած օգոստոսին ուկրաինացիների գրաված տարածքների ավելի քան 86 տոկոսը: Այսօր ռուսական կողմ ևս մեկ բնակավայր է ետ վերցրել:
Մինչ Մոսկվան և Վաշինգտոնը զգուշավոր լավատեսությունից են խոսում, Եվրոպական միությունն այսօր ևս վեց ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: