Մատչելիության հղումներ

«Պետք է Պուտինին զրկենք զենք ավելի շատ արտադրելու հնարավորությունից». Զելենսկին մասնակցել է Մեծ Բրիտանիայի կառավարության նիստին


Ուկրաինայի նախագահն այսօր մասնակցեց Մեծ Բրիտանիայի կառավարության նիստին՝ դառնալով նախարարական կաբինետում ելույթ ունեցած առաջին առաջնորդը 1997-ից՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնից հետո։

Դիմելով շաբաթներ առաջ ձևավորված լեյբորիստների կառավարությանը՝ Զելենսկին կրկին հորդորեց ամրապնդել Ուկրաինայի հեռահար հնարավորությունները, այլ կերպ ասած՝ թույլ տալ, որ Ուկրաինայի բանակը արևմտյան զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախներին:

«Մենք պետք է Պուտինին զրկենք փողից և ավելի շատ զենք արտադրելու հնարավորությունից։ Նա պետք է կորուստներ ունենա ու պարտվի։ Ինչպե՞ս հասնենք դրան․ մենք չունենք այս հարցի հիմնական պատասխանը, խոսքը մեր հեռահար հնարավորության մասին է», - ասել է Զելենսկին։

Լոնդոնն առայժմ այս հարցին ուղիղ պատասխան չի տվել։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը միայն հստակեցրել է՝ եթե անգամ հավանություն տրվի, այդ զենքի գործարկումը պետք է իրականացվի ուկրաինացի զինվորների կողմից։ Փոխարենը Վարչապետ Սթարմերը հավաստիացրել է, որ նախկին կառավարության կողմից խոստացված մատակարարումները չեն ուշանա։

«Կառավարության փոփոխությունը մեր դիրքորոշման վրա ընդհանրապես չի ազդել. մենք Ուկրաինայի հարցում սատարել ենք նախորդ կառավարությանը, ներկայիս ընդդիմությունն էլ մեզ է սատարում։ Մենք կկրկնապատկենք մեր աջակցությունը և այսօր առավոտյան քննարկեցինք հետագա աջակցությունը, որը կարող ենք տրամադրել», - նշել է Սթարմերը:

Այսօր Զելենսկին հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ. CNN

Գլխավոր ինտրիգը, սակայն, Նահանգներում է, որտեղ մի քանի ամսից նախագահ կընտրեն, ինչը կարող է տրամագծորեն փոխել իրավիճակը ուկրաինական ճակատում։ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ այսօր ավելի ուշ Զելենսկին հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Առայժմ այլ աղբյուրներ այս տեղեկությունը չեն հաստատել։

Ինքը՝ Զելենսկին ավելի վաղ ասել էր, թե պատրաստ է աշխատել Թրամփի հետ, ով խոստանում է ընտրության դեպքում երդմնակալությունից առաջ դեռ ռուս- ուկրաինական պատերազմը կանգնեցնել ընդամենը մեկ օրում։

«Բոլորն էլ երջանիկ կլինեն, եթե աշխարհի երեսին մեկ մարդ, և կապ չունի՝ ով է նա, թող լինի Դոնալդ Թրամփը, կկարողանա դադարեցնել պատերազմը 24 ժամում։ Հարցն այն է, թե ինչ գնով», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Օրեր առաջ Թրամփը ներկայացրեց իր փոխնախագահի թեկնածուին՝ Օհայո նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսին, ով բազմիցս է քննադատել Ուկրաինային տրամադրվող օգնությունն ու Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի քաղաքականությունն այս հարցում։ Նրա հայտարարություններն ավելի են խորացնում մտահոգությունը, թե հաղթանակի դեպքում Թրամփը կարող է ստիպել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ վերջինիս պայմաններով՝ սպառնալով հակառակ դեպքում դադարեցնել ամերիկյան օգնության տրամադրումը։

«Ես չեմ ասում, թե Թրամփի գաղափարն է մղել մեզ զիջումների, բայց եթե նա ուզում է խնդիրը լուծել 24 ժամում, դրա ամենահեշտ ձևը ստիպելն է, որ մենք դրա համար վճարենք», - ընդգծել է Վլադիմիր Զելենսկին՝ միաժամանակ ասելով, թե Արևմուտքի համարժեք օգնության դեպքում Կիևը պատրաստ է կանգնեցնել պատերազմի թեժ փուլը մինչև այս տարեվերջ և խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:

«Դա կախված է մեր դաշնակիցներից, որոնք պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա, որպեսզի Մոսկվան համաձայնի նստել ու մտածել պատերազմն ավարտելու մասին։ Դա չի նշանակում, որ մենք պետք է բոլոր տարածքների հարցը պատերազմով լուծենք», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսաստանի ՊՆ-ը հայտարարում է ևս մեկ բնակավայր գրավելու մասին

Մինչ Զելենսկին խոսում է բանակցություններից, ռուսները ինտենսիվ գրոհներով առաջ են գնում ճակատում. այսօր Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե ևս մեկ բնակավայր է գրավել՝ Դոնեցկի մարզում գտնվող Յուրիվկան։

Պաշտոնական Կիևը սա դեռ չի հաստատել, սակայն, հաղորդել է, որ ռուսները ակտիվ հարձակման են գնում Դոնեցկ-Պոկրովսկի ուղղությամբ:

«Ազատության» ուկրաինական ծառայությունը տեսանյութ է հրապարակել Չասիվ Յար քաղաքից, որի մի մասն այս ամսվա սկզբին անցել է ռուսների վերահսկողության տակ։ Բացառիկ կադրերում երևում է, որ ամիսներ շարունակ ինտենսիվ ռմբակոծության տակ գտնվող քաղաքում կանգուն շենք-շինություններ գրեթե չեն մնացել:

Եվրոպան և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինեն, որ Ուկրաինայում պատերազմը կձգվի տասը տարի, հայտարարել է ՆԱՏՕ-ի հեռացող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Որքան շատ աջակցենք Ուկրաինային և որքան երկար պատրաստ լինենք նրան աջակցելու, այնքան ավելի արագ կարող է ավարտվել պատերազմը։ Պարադոքսն այն է, որ նախագահ Պուտինն այժմ հավատում է, որ կարող է մեզանից համառ լինել: Ահա թե ինչու է պատերազմը շարունակվում», - նշել է Ստոլտենբերգը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG