Մատչելիության հղումներ

Կիևը հերթական տարածքային  կորուստն է հաստատում. Ուրոժայնոյե գյուղը վերահսկում են ռուսական ուժերը


Կիևը հերթական տարածքային կորուստն է հաստատում. շաբաթներ տևած կատաղի մարտերից հետո Ուրոժայնոյե գյուղն այժմ ամբողջությամբ վերահսկում են ռուսական ուժերը:

Ռազմական թեժ գործողությունները հիմա էլ Դնեպրի ձախ ափին գտնվող Կրինկի գյուղի համար են: Ուկրաինական որոշ աղբյուրների պնդմամբ՝ Ուկրաինայի զորքերն այս հատվածում խոցելի վիճակում են, հիմնական դիրքերը ոչնչացված են:

Հաղորդվում է նաև, որ Կրինկի գյուղի համար ռազմական գործողությունների ընթացքում շուրջ 800 ուկրաինացի զինվոր է անհետ կորել:

Ռուսները 1000 կիլոմետրից ավելի ձգվող ճակատի միանգամից մի քանի ուղղությամբ առաջ են գնում, ինտենսիվ մարտերը չեն դադարում. կրակի տակ են նաև խաղաղ բնակավայրերը: Ռմբակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում ոչ միայն Ուկրաինայում, այլև Ուկրաինային սահմանակից ռուսական շրջաններում։ Բելգորոդի մարզպետը հերթական անգամ հաղորդել է զոհերի մասին։

Այսօր երկու մարդ է զոհվել, ամուսիններ: Այս մասին միշտ շատ դժվար է խոսել, ընդհանուր առմամբ, Մոսկվայի և Բելգորադի մարզի հիվանդանոցներում մեր մարզի 71 բնակիչ է բուժում անցնում: Այս պայմաններում անվտանգության հարցերը մեզ համար չափազանց կարևոր են», - ասել է մարզպետը:

Նախօրեին մարզի իշխանությունները սահմանափակել էին մշտական ռմբակոծության տակ գտնվող 14 գյուղերի մուտքեր: Ապրիլից Ռուսաստանը գրեթե ամեն օր խոսում է Ուկրաինայի հետ հնարավոր երկխոսության մասին, միաժամանակ պնդում, որ բանակցությունները պետք է լինեն Մոսկվայի օրակարգի շուրջ:

«Եթե Մինսկի համաձայնագրերը կատարվեին, Ուկրաինան կունենար 1991 թվականի սահմանները՝ առանց Ղրիմի»

Ռուսաստանի արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովը նախօրեին Նյու Յորքում կրկին մերժել է, իր բնորոշմամբ, «Զելենսկու պլանը», փոխարենն առաջարկել օր առաջ ընդունել Մոսկվայի պայմանները:

«Եթե Մինսկի համաձայնագրերը կատարվեին, Ուկրաինան կունենար 1991 թվականի սահմանները՝ առանց Ղրիմի։ Որովհետև այն ժամանակ ոչ ոք անգամ Ղրիմի մասին չէր էլ փորձում խոսել», - նշել է Լավրովը:

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարն, այդուհանդերձ, երեկ ակնարկել է՝ վաղ թե շուտ ինչ որ համաձայնագիր ի հայտ է գալու և այն ստորագրելուց առաջ Մոսկվան ուշադիր է լինելու, որպեսզի չխաբվի։

«Համաձայնությունը, որը, հուսով եմ, ինչ-որ փուլում ձեռք կբերվի և որը կվերաբերի եվրոպական անվտանգությանը և այդ համատեքստում կլուծվի ուկրաինական ճգնաժամը, մենք շատ ուշադիր կկարդանք և կպաշտպանենք այդ փաստաթուղթը անբարեխիղճ, ոչ պարտադիր դրույթներից ու չարամիտ մեկնաբանություններից», - ասել է Սերգեյ Լավրովը:

Ուկրաինայիում շարունակվող հակամատությանը զուգահեռ խորանում է նաև լարվածությունը Մոսկվայի և Արմուտքի միջև: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը այսօր սպառնացել է, թե Մոսկվան կարող է Եվրոպայի հետ սահմանին, այդ թվում՝ «միջուկային սարքավորումներով» հրթիռներ տեղակայել, եթե Գերմանիան որոշի իր տարածքում ամերիկյան նար սպառազինություն տեղակաել։

Հուլիսի 11-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մտադիր է սկսել հեռահար տարբեր սպառազինությունների տեղակայումը դաշնակից Գերմանիայում: Սա նշանակում է, որ Սառը պատերազմից հետո առաջին անգամ գերմանական տարածքում կտեղակայվեն սպառազինության համակարգեր, որոնք կարող են հասնել ընդհուպ մինչև Ռուսաստանի տարածք։

Մինչ այդ Արևմուտքը հավաստիացնում է, թե Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ ներքաշվելու պլաններ չունի, նպատակը՝ ռուսական ագրեսիայի պաշտպանվող Ուկրաինային օգնելն է։

Ըստ վերլուծաբանների՝ Մոսկվան նախատեսում է հարևան երկրում պատերազմը շարունակել տարիներով

Ամերիկյան փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Մոսկվան ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ցանկություն չունի, այլ նախատեսում է հարևան երկրում արյունալի պատերազմը շարունակել տարիներով:

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանների գնահատմամբ՝ Կրեմլը ռուս հասարակությանը նախապատրաստում է երկարատև պատերազմի, ռուսաստանցիներին համբերության դիմաց խոստանալով հաղթանակ:

Ամերիկացի փորձագետները Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցն են մատնացույց անում, որում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան ակնարկել է, թե ընդամենը 10 տարուց՝ մինչև 2034 թվականը ուկրաինական պետությունը կդադարի գոյություն ունենալ:

XS
SM
MD
LG