Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները կարելի էր ենթադրել. Լանդսբերգիս


Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

Վաշինգտոնում հուլիսի 9-ից 11-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի քաղաքական արդյունքները հնարավոր էր կանխատեսել: Այդ մասին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

Նրա խոսքով՝ միջոցառումը լավ կազմակերպված էր և Ամերիկայի ժողովրդին ցույց տվեց, թե «որքան հարգված է Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների շրջանում»:

Միաժամանակ, գագաթնաժողովի քաղաքական արդյունքների վերաբերյալ սպասելիքները «մեծ չէին», քանի որ ամփոփիչ հռչակագրի բովանդակությունը հայտնի էր հանդիպումից մի քանի ամիս առաջ։

«Եթե նպատակը հաջող միջոցառում կազմակերպելն էր, ապա դա իրականացվեց, բայց զգալի ռազմավարական առաջխաղացում չարձանագրվեց»,- X-ում գրել է Լանդսբերգիսը:

Նախարարը, մասնավորապես, նշել է, թե կարևոր է համարում այն, որ հռչակագրում ներառվել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի» ճանապարհի մասին դույթը, բայց երկիրն ունի իրական պաշտպանության կարիք:

Լանդսբերգիսի փոխանցմամբ, «վաղ թե ուշ պետք է սկսել քննարկումներ Ուկրաինայի համար ամուր և կայուն երաշխիքների թեմայի շուրջ և այդպես ապահովել Եվրոպայի ապագան»։

Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև «բաց թողնված հնարավորություն» է որակել այն, որ գագաթնաժողովը չի որոշել Ուկրաինայի համար ընդլայնել արևմտյան զենքի հարվածների թույլատրելի շրջանակը Ռուսաստանի ռազմական օբյեկտների դեմ։

«Սա մեծ հաղթանակ կլիներ ոչ միայն Ուկրաինայի, ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ դաշինքի համար, սա ֆինանսական կամ լրացուցիչ այլ քայլեր չէր ենթադրում, պարզապես պետք էր քաղաքական որոշում»,- հավելել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG