Մատչելիության հղումներ

Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ հաջորդ ղեկավարները «թույլ չեն տա՝ ռուսական չարիքը հաջողի»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին

Պաշտոնական Կիևը հույս ունի, որ Միացյալ Նահանգների ապագա առաջնորդները, անկախ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից, կշարունակեն աջակցությունը ռուսական ագրեսիային դիմակայող Ուկրաինային։

Ընտրապայքարը լքելու Ջո Բայդենի որոշումից ժամեր անց Վլադիմիր Զելենսկին X-ում կատարած գրառմամբ հույս է հայտնել, որ ԱՄՆ հաջորդ ղեկավարները «թույլ չեն տա, որ ռուսական չարիքը հաջողի»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել հեռացող ԱՄՆ նախագահին Ուկրաինային աջակցելու համար։

«Վերջին տարիներին շատ ուժեղ որոշումներ են ընդունվել, որոնք կհիշվեն որպես նախագահ Բայդենի կողմից ձեռնարկված համարձակ քայլեր դժվար ժամանակներում, և մենք հարգում ենք նրա ներկայիս դժվարին, բայց ուժեղ որոշումը», - նշել է նա։

Կրեմլի խոսնակը մինչդեռ այսօր հայտարարել է. - «ԱՄՆ օգնությունը Ուկրաինային չի կարող ազդել հատուկ գործողության արդյունքի վրա, այն միայն հանգեցնում է հակամարտության երկարացման»։


Լոնդոնի Քինգս քոլեջի պրոֆեսոր Սեմ Գրինի կարծիքով՝ առնվազն առաջիկա ամիսներին, քանի դեռ Սպիտակ տանը Ջո Բայդենն է և նրա թիմը, Կիևի համար ամեն ինչ նույնը կմնա. - «Չի լինի փոփոխությունը, գիտեք, առաջին հերթին Բայդենը մնում է նախագահ այս ժամկետի ավարտին։ Եվ ես չէի ակնկալի, որ Հարրիսը մեծ ազդեցություն կունենա կամ Հարիսի քարոզարշավը մեծ ազդեցություն կունենա Բայդենի վրա»։

Պրոֆեսորի կարծիքով, սակայն, Կիևի համար հարցեր կծագեն, եթե ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը։

Իրավիճակը ռազմի դաշտում

Սակայն, անգամ այսօր իրավիճակը ռազմի դաշտում բավականին ծանր է Ուկրաինայի համար։ Ռուսները շարունակում են ակտիվ գրոհները ճակատի միանգամից մի քանի ուղղություններով։ Ավելին՝ ինչպես հայտնել է ուկրաինական զորքերի «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբի ներկայացուցիչ Նազար Վոլոշինը, ռուսական գրոհային խմբերը տեղափոխվում են Խարկովի մարզի Գլուբոկոյե գյուղի տարածք՝ հարձակողական գործողությունների նախապատրաստվելու համար։ Վոլոշինի խոսքով՝ այդ մասին է վկայում նաև ռուսական զորքերի վերախմբավորումը Վոլչանսկ քաղաքի արևելյան հատվածում, որտեղ այս տարվա մայիսից ծանր մարտեր են ընթանում։


«Ազատության» Настоящее время հեռուստալիքի թղթակիցը տեղից հայտնում է, որ Վոլչանսկի բնակիչները տարհանվում են։

Վերջին շրջանում ռուսական բանակն առաջ է գնում նաև Դոնեցկի մարզում՝ գրեթե ամեն օր գրավելով նոր բնակավայրեր։ Ռուսներին չեն կանգնեցնում անգամ ուկրաինական անօդաչունների զանգվածային հարվածները։ Այս գիշեր ու առավոտյան, օրինակ, ուկրաինական միանգամից 80 անօդաչուներ են փորձել գրոհել Ռուսաստանի տարածքը։

Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքոում անօդաչուի հարվածի հետևանքով նավթավերամշակման գործարան է վնասվել։ Տեղի իշխանությունները պնդում են, թե ոչ ոք չի տուժել։

«Առաջիկա ամիսները շատ դժվար կլինեն Զելենսկու համար». Կիևի քաղաքապետ



Ճակատում ռուսների չդադարող ու ավելի ուժգին դարձած գրոհների ֆոնին Կիևում ավելի հաճախ են խոսում ռուսների հետ հնարավոր բանակցությունների մասին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե նախագահ Զելենսկին շուտով ստիպված կլինի տարածքային փոխզիջման գնալ Մոսկվայի հետ հանուն խաղաղության։

«Առաջիկա ամիսները շատ դժվար կլինեն Զելենսկու համար. Արդյո՞ք նա պետք է շարունակի պատերազմը ավելի շատ մահով և ավերածություններով, թե՞ մտածի Պուտինի հետ տարածքային փոխզիջման մասին: Եթե այո, ապա ի՞նչ ճնշում կլինի Ամերիկայից, եթե Թրամփը հաղթի: Իսկ ինչպե՞ս կարող ենք երկրին բացատրել, որ պետք է զիջել մեր տարածքների մի մասը, որի համար մեր հազարավոր հերոս զինվորներ իրենց կյանքն են տվել», - ասել է նա։



Կլիչկոյի խոսքով՝ իրավիճակը ճակատում գնալով ավելի ու ավելի է բարդանում, Ուկրաինան մեծապես կախված է դաշնակիցների օգնությունից, և մղձավանջ կլինի, եթե ստիպված լինի ևս երկու տարի պատերազմել։ Զելենսկին, ըստ Կիևի քաղաքապետի, հնարավոր է ստիպված լինի հանրաքվե անցկացնել, քանի որ նախագահն ինքնուրույն, առանց ժողովրդի աջակցության չի կարողանա գնալ ցավոտ և կարևոր պայմանավորվածությունների:

Հնարավոր լուծումներից մեկը, ըստ Կլիչկոյի, կարող է լինել ազգային վստահության կառավարության ստեղծումը, բայց Կիևի քաղաքապետը վստահ չէ, որ Ուկարինայի նախագահը պատրաստ է հրաժարվել իր ձեռքում գտնվող կենտրոնացված իշխանությունից։

Անցած շաբաթ BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, նույնիսկ Վլադիմիր Պուտինի հետ, թեև նախկինում մերժում էր այդ գաղափարը։

«Սա ավելի լավ է, քան նման երկխոսության անհնարինության մասին հայտարարությունները», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ հավելելով, թե Կրեմլը կոնկրետ գործողություններ է սպասում Ուկրաինայից։ Բայց, Դմիտրի Պեսկովը չի հստակեցրել, թե Մոսկվան ինչ գործողություններ է ակնկալում։

XS
SM
MD
LG