Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինա են ժամանել առաջին F-16 կործանիչները։
«Առաջին անգամ կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջին հոլանդական F-16 կործանիչներn առաքվել են Ուկրաինա: Այն միանգամայն անհրաժեշտություն էր: Խարկովում ես տեսա ռուսական ավիահարվածների հասցրած վնասները և լսեցի հաճախակի հնչող օդային տագնապները: Մնացած կործանիչները կժամանեն մոտակա ամիսներին»,- X-ում գրել է նախարարը՝ Ուկրաինա կատարած այցից հետո։
Ընդհանուր առմամբ, Ամստերդամը Կիև պետք է ուղարկի 24 ինքնաթիռ։ Բրեկելմանսը չի հստակեցրել, թե Ուկրաինան քանի կործանիչ է ստացել, սակայն շեշտել է, որ ավելի շատ F-16-ներ Ուկրաինան կստանա «մինչև հաջորդ տարվա սկիզբ»։
Նիդերլանդների նախարարը Խարկով և Կիև կատարած այցերի ժամանակ հայտարարել է նաև Ուկրաինայի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման և արտադրության մասին։ Դրա համար 400 մլն եվրո են նախատեսում հատկացնել։
Բրեկելմանսը նշել է, որ Կիևը հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր է խնդրում, մասնավորապես, կարևորվել են Patriot զենիթահրթիռային համակարգերը։
Օգոստոսի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ առաջին F-16 ինքնաթիռներն արդեն գտնվում են Ուկրաինայում և ցուցադրել դրանք գաղտնի օդանավակայանում։ Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, հայտնում էին, որ Նիդերլանդներից Ուկրաինա է ժամանել վեց կործանիչ, իսկ Դանիայից սպասվում է ևս մի քանիսը։
F-16 կործանիչներ Ուկրաինային տրամադրում են Նիդերլանդները, Դանիան, Բելգիան և Նորվեգիան։