ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու շուրջ, որը գոյացել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ Այս մասին X-ում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի եվրոպական հարցերով փորձագետ Ռիկարդ Յոզվիակը։
«Ֆինանսական օգնությունն ուղղված է անհապաղ բավարարելու Ուկրաինայի հրատապ ֆինանսական կարիքները, որոնք ավելացել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի աճի պատճառով», - ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
Յոզվիակի խոսքով՝ ռուսական ակտիվների դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը դեռևս լուծված չէ Հունգարիայի ընդդիմության պատճառով։
Ավելի վաղ Հունգարիայի ֆինանսների նախարար Միհալի Վարգան հայտարարել էր, որ Բուդապեշտը չի աջակցի Ռուսաստանի սառեցված ակտիվների դեմ ԵՄ պատժամիջոցների փոփոխությանը, ինչը թույլ կտա Ուկրաինային վարկ տրամադրել։ Նրա խոսքով՝ Բուդապեշտը ցանկանում է սպասել մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մասին սեպտեմբերի 20-ին Կիևում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որպես G7-ի պարտավորությունների մաս։
Համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ասել է, որ Ուկրաինան ծրագրում է այդ միջոցներն օգտագործել հակաօդային պաշտպանության, էներգետիկայի և ներքին սպառազինությունների գնման համար։ Զելենսկին հավելել է, որ երկրի «հաղթական ծրագիրը» կախված է դաշնակիցների արագ որոշումներից։