Մատչելիության հղումներ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի 14 տարի տևած մղձավանջն ավարտվեց


Ջուլիան Ասանժը որպես ազատ մարդ դուրս եկավ դատարանից, Սայպան, Մարիանյան կղզիներ, ԱՄՆ տարածք, 26-ը հունիսի, 2024թ.
Ջուլիան Ասանժը որպես ազատ մարդ դուրս եկավ դատարանից, Սայպան, Մարիանյան կղզիներ, ԱՄՆ տարածք, 26-ը հունիսի, 2024թ.

7 տարի դեսպանատան տարածքում, 5 տարի բանտում

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դատական ոդիսականը վերջապես ավարտվեց: Խաղաղ օվկիանոսում Միացյալ Նահանգներին պատկանող Հյուսիսային Մարիանյան կղզիների վարչական կենտրոն Սայպանում այսօր դատարանում 52-ամյա Ասանժն իրեն մեղավոր ճանաչեց լրտեսության օրենքները խախտելու հոդվածով, ապա ստացավ արդեն որպես ազատ մարդ շենքից դուրս գալու և հայրենի Ավստրալիա վերադառնալու իրավունք:

Մղձավանջի 14 տարվա ընթացքում ավելի նա 5 տարի եղել է բրիտանական բանտում, իսկ դրանից առաջ՝ 7 տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում:

Փաստաբանների թիմի գերնպատակն էր կանխել հույժ գաղտնի տեղեկություններ գողանալու համար կասկածվող Ասանժի արտահանձնումը Միացյալ Նահանգներ, որտեղ նրան 18 հոդվածներով են մեղադրանք ներկայացրել:

Սայպանում դուրս գալով դատարանի շենքից՝ Ասանժն ուղևորվել է օդակայան, որտեղից էլ մեկնել է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերա: Նա արդեն հասել է, նրան դիմավորել են բազում աջակիցներ և, իհարկե, կինն ու հայրը:

«Նա երբեք չպետք է մեղադրվեր»

Ողջունելով Սայպանում դատարանի որոշումը, Ջուլիան Ասանժի փաստաբանները պնդել են, որ նրանց պաշտպանյալն ընդհանրապես չպետք է ենթարկվեր այսօրինակ տառապանքների:

«Մենք հաստատապես համոզված ենք, որ պարոն Ասանժին երբեք չպետք է մեղադրանք առաջադրեին Լրտեսության մասին օրենքով, նա պետք է շարունակեր զբաղվել լրագրողի իր գործունեությամբ, աներ այն, ինչ ամեն օր անում են լրագրողները և ինչի համար մենք բոլորս շնորհակալ ենք նրանցից», - ասել է Ասանժի ամերիկացի փաստաբան Բարի Պոլակը:

«Նախադեպ, որը պետք է ամենուր մտահոգի լրագրողներին»

«Այս գործը ստեղծել է վտանգավոր նախադեպ, որը պետք է ամենուր մտահոգի լրագրողներին։ ԱՄՆ-ը ձգտում է ձեր բոլորի նկատմամբ իրականացնել արտատարածքային իրավասություն՝ առանց ձեր սահմանադրական ազատ խոսքի պաշտպանությունը տրամադրելու», - ասել է Բրիտանիայում և Ավստրալիայում Ասանժի շահերը ներկայացնող Ջենիֆեր Ռոբինսոնը:

Փաստաբանի համոզմամբ, յուրաքանչյուր ոք, ով մտածում է ազատ խոսքի և ժողովրդավարական հաշվետվողականության մասին, պետք է պայքարի նման գործերի դեմ:

Ավստրալիայի վարչապետը շնորհակալություն է հայտնւմ ԱՄՆ-ին և Բրիտանիային

Ասանժի վերադարձը հայրենիքում ողջունել են ոչ միայն աջակիցները, լրագրողական կառույցներն, այլև քաղքական գործիչները:

Համաքաղաքացու կյանքում այդ անտանելի շրջանի բարեհաջող ավարտի մասին գոհունակությամբ է խոսել վարչապետ Էնթոնի Ալբանիզը:

«Ասանժի վերադարձով դադարեցվում է երկարատև դատական գործընթացը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային դա հնարավոր դարձնելուն ուղղված ջանքերի համար»,- ասել է Ալբանիզը:

«ճշմարտությունն ասելը երբեք չպետք է դիտվի իբրև հանցանք»

Ավստրալացի քաղաքական գործիչները ողջունում են Ասանժի ազատումը: Խորհրդարանի անկախ պատգամավոր, նախկին լրագրող Զո Դենեիլը խոսել է լրագրողի կարևոր հանրային առաքելության մասին:

«Լրագրությունը հանցագործություն չէ, ճշմարտությունն ասելը երբեք չպետք է դիտվի իբրև հանցանք, շնորհակալություն Ավստրալիայի հանրության ներկայացուցիչներին և աշխարհում բոլոր նրանց, ովքեր գիտակցում են, որ ճշմարտությունն ասելը դեմոկրատիայի հիմքն է»,- ասել է Դենիելը:

XS
SM
MD
LG