Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան այսօր կհայտնի ակադեմիկոս Անդրեյ Սախարովի մրցանակի հաղթողի անունը:
Խորհրդային գիտնական, այլախող և իրավապաշտպան Սախարովի անունը կրող «Մտքի ազատության մրցանակը» ստանալու թեկնածուների եռյակում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով Ուկրաինայի ժողովուրդն է ներկայացնում, Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և «Ճշմարտության հանձնաժողով» անվամբ կոլումբիական կառույցը:
Անցած շաբաթ օրը Եվրոպական հանձնաժողովը՝ ներկայացնելով թեկնածուներին, հայտնել է, որ Զելենսկին մարմնավորում է ռուսական ագրեսիայի դեմ պայքարող Ուկրաինայի ժողովրդի խիզախությունը:
Եվրոպական միությունը բարձր է գնահատում նախագահի տոկունությունը, նրա անմնացորդ նվիրվածությունը ժողովրդին: Եվրամիությունը փաստում է, որ Ուկրաինայի ժողովուրդը ծանրագույն տառապանքներ է կրում այս պատերազմում:
Հաղորդելով Ջուլիան Ասանժին Սախարովի անվան մրցանակի թեկնածու ընտրելու որոշման մասին, Եվրամիությունը նշել է, որ նա համաշխարհային առաջատար մամուլին տրամադրել է կարևոր փաստաթղթեր ռազմական հանցագործությունների, կամայական ձերբակալությունների, մարդու իրավունքների խախտումների և խոշտանգումների մասին:
51-ամյա Ասանժն այժմ գտնվում է Լոնդոնի բանտում և փաստաբանների օգնությամբ պայքար է մղում Միացյալ Նահանգներ հնարավոր արտահանձնման դեմ: ԱՄՆ-ում նա մեղադրվում է 18 հոդվածներով, այդ թվում՝ լրտեսության և պետական գաղտնիքներ ապօրինի հայթայթելու ու տարածելու համար: Այդ մեղադրանքներով նա կարող է դատապարտվել ընդհուպ 175 տարվա ազատազրկման:
«Կոլումբիայի ճշմարտության հանձնաժողովը» Սախարովի մրցանակի է առաջադրվել Կոլումբիայում ներքաղաքական կայունությանը նպաստելու առաքելության համար: Հանձնաժողովի ստեղծումը նախատեսվել է կառավարության և հեղափոխական ապստամբների միջև խաղաղության 2016 թվականի պայմանագրով:
Դրա կնքումից հետո ապստամբները վայր են դրել զենքը: Ապստամբներին երեք տարի ժամանակ է տրվել հանձնաժողովի օգնությամբ զինված առճակատման ընթացքում տեղի ունեցած դեպքերը, հանցանքներն ու վայրագություններն ուսումնասիրելու համար:
1985-2018 թվականների ընթացքում Կոլումբիայում այդ առճակատման զոհ է դարձել ավելի քան 450 հազար մարդ, ավելի քան 7 միլիոն 700 հազար բնակիչներ տեղահանվել են:
Հանձնաժողվը հազար էջանոց զեկույց է պատրաստել: Դրանում ներառվել են հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչների ցուցմունքներն ու խոստովանությունները:
Կառավարությունը խոստացել է հաշվի առնել զեկույցում տեղ գտած հանձնարարականները և միջոցներ ձեռնարկել Կոլումբիայում անդորր, կայունություն ու համերաշխություն հաստատելու համար:
Սախարովի մրցանակը տրվում է անձերին և կազմակերպություններին՝ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու համար: Մրցանակային ֆոնդը 50 հազար եվրո է: