Օրերս Գյումրի էին այցելել վերջին տարիներին փողոցաշինության ամենամեծ ծրագիրը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչները։ Բանկը ընդհանուր 4 մլն եվրո է տրամադրել Գյումրիի ամենամեծ՝ «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման ու լուսավորության համար։ Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանից հետաքրքրվեցինք, թե ինչն էր նրանց Գյումրի բերել։
«ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներն անցած շաբաթ Գյումրիում էին, հանդիպում ունեցան քաղաքապետի հետ, քննարկվեցին Գ և Դ տրանշների նախագծային աշխատանքների հարցերը, որոնք այս պահին ընթացքի մեջ են: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների խոսքով՝ նախատեսվում է՝ մինչև տարվա ավարտն արդեն ունենանք նախագծերը», - ասաց Ջանոյանը:
Նախագծերի ավարտին կհաջորդի շինարարների ընտրության մրցույթներն՝ ըստ լոտերի։ Այս գործընթացը պետք է ամենաուշը մինչև հաջորդ տարվա կեսերն ավարտվի։ «Անի» թաղամասի փողոցների նորոգումն անընդհատ ձգձգվում էր «Վեոլիա ջրի» պատճառով, ջրագծերի փորձարկումները նախատեսվածից երկար տևեցին։ Հիմա դա էլ է ավարտել, քաղաքապետի տեղակալը այս պահին որևէ խնդիր չի տեսնում։
«Գլխավոր ֆինանսավորումը կա, խոչընդոտ չենք տեսնում, չկա», - ասաց փոխքաղաքապետը:
16 կմ կամ 37 փողոց է նորոգվելու թաղամասում և 1300 լուսատու է արդիականացվելու։ Ե՞րբ կավարտեն, հստակ ժամկետ պաշտոնյան չկարողացավ նշել։
«Ծավալուն աշխատանք է, կախված է թե մրցույթն ինչ կարգով կհայտարարվի, ինչ ձևի կհայտարարվի: Մի մեծ թաղամաս է, կարող է 1-2 տարվա ընթացքում, առաջ չընկնենք, մրցույթը կայանա, նոր հանրությանը երևի ավելի լիարժեք կտեղեկացնենք, թե սկիզբ, ավարտ երբ է նշանակված», - ընդգծեց Սուրեն Ջանոյանը:
«Անի» թաղամասի բնակիչները 4-րդ տարին է աչքները ջուր կտրած սպասում են, թե երբ է ի վերջո սկսվելու փողոցների ասֆալտապատումը։ Թաղամասը չոր եղանակին փոշու մեջ է, իսկ անձրևներին՝ ցեխի։ Բնակիչներից Միքայել Պողոսյանն ասում է՝ կարևոր է աշխատանքները որակով իրականացվեն՝ կվերահսկեն։
Գյումրիում ասֆալտապատման իր հերթին դեռ 80 կմ ճանապարհ է սպասում։