Մատչելիության հղումներ

Գյումրիի Անի թաղամասի բնակիչները դժգոհ են. և՛ ջրամատակարարման համակարգի փոփոխելն է դանդաղում, և՛ դրա հետևանքով ասֆալտապատումը


88-երկրաշարժից հետո կառուցված Գյումրիի «Անի» թաղամասում բազմաթիվ փողոցներ տասնյակ տարիներով նոր ասֆալտի երես չեն տեսել՝ վերածվելով փոշեկոլոլ ու փոսառատ արահետների։ Այս տարի մեկնարկած վերանորոգման աշխատանքներն էլ դանդաղում են, մինչ «Վեոլիա ջուրը» փոխում է թաղամասի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը։ Այս ընթացքում բնակիչների դժգոհությունն է ավելանում` ողջ ամառ փոշի են շնչում, աշնանը ցեխ տրորում, ասում են նրանք։

«Ահավոր է, չեք պատկերացնի, էս ամառը թոզն է, հնարավոր չէ մեքենա վարել, անձրևներն էլ եկան, ամբողջ օրը ցեխ ենք լվանում: Ինչքա՞ն ենք «Վեոլիա ջրին» փող տալու էդ ցեխ լվալու համար, չգիտենք», - ասում է տեղացիներից մեկը:

«Տեղաշարժվեը դժվար է, փողոցները փակ են, տրանսպորտը լավ չի աշխատում, էլ ի՞նչ անհարմարություններ կարող են լինել, փոշին շատ-շատ է, շնչելը դժվար է: Առօրյա կյանքը բարդանում է», - նշում է բնակիչներից մյուսը:

Մինչև «Վեոլիա ջուրը» չավարտի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի փորձարկումները, «ասֆալտապատում չենք սկսի», «Ազատությանն» ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

«Այլապես եթե մենք շտապենք` ասֆալտապատում անենք, փորձարկելուց հետո թերություններ են ի հայտ գալու, և էդ ամբողջ աշխատանքը լցվելու է ջուրը», - ասաց նա:

Քաղաքապետը չթաքցրեց՝ դժգոհ են ջրամատակարար ընկերության աշխատանքի թե՛ որակից, թե՛ տեմպերից. «Տեսնում ենք` լայնածավալ աշխատանք է սկսել, կարող է չէ, թերացումներով է, դանդաղ է, մենք ամեն անգամ մի քանի անգամ խիստ խորհրդակցություն ենք ունեցել, վիճվել ենք, տեղում եմ տարել, նախատել եմ, ասել եմ, որ չի կարելի մեր բնակչությանը անհարմարություններ առաջացնել, իջեցրեք նվազագույնի: Մենք էլ պետք եղած ժամանակ, տեխնիկան է փչացած եղել, մեր տեխնիկան ենք տրամադրել, որ մեր բնակչության անհարմարությունը նվազի, գոնե կարողանանք տեղաշարժվել նորմալ, մարդիկ կարողանան գնալ-գալ հարմարավետ»:

Անիին Գյումրիի ամենամեծ բնակելի թաղամասերից մեկն է, «Վեոլիան» միայն երկու փողոցում է ավարտել իր ցանցի փորձարկումը, ու միայն այդ երկու փողոցում են քաղաքային իշխանությունները սկսել հիմնանորոգման աշխատանքները՝ սուբվենցիոն ծրագրով։ Մյուսների բնակիչները դեռ ամիսներ պիտի սպասեն, որ ասֆալտապատ փողոց ունենան։ Եվս մեկ փողոց ջրամատակարար ընկերությունն իր միջոցներով է նորոգելու։ Մյուսների ասֆալտապատումը կիրականացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով։ Դիմել են բանկին, որ լուսավորության համար նախատեսված գումարն ուղղվի անմխիթար փողոցների վերանորոգմանը։

Քաղաքապետ Սամսոնյանն ասաց՝ բանկը նախնական համաձայնություն է տվել. «Ինչքան որ կա, ոնց որ … չնայած որ այն ժամանակ եվրոյի կուրսը 500-ին մոտ թիվ էր, շինանյութն էլ չէր բարձրացել, հաշվարկով լրիվ տեղավորվում էինք, ինչքան որ կար, մոտ 6 միլիոնին մոտ թիվ է, եվրոյի կարգի թիվ է, պլյուս էնդեղ 20 տոկոս դրամաշնորհով և այլն: Բայց հիմա տա Աստված, թող գա, հասնի այն փուլը, որ համաձայնություն գա, եթե տեսնենք, որ տվյալ ժամանակաշրջանի շինանյութը կամ էդ կուրսի հետ կապված խնդիր է, մեկ կամ երկու փողոց էլ մենք մեր միջոցներով կանենք, և Անի թաղամասի խնդիրը կփակենք, կունենանք կենտրոնի պես լավ, բարեկարգ», - նշեց նա:

ՎԶԵԲ-ը դեռ 4 տարի առաջ էր սկսել Գյումրիի փողոցների վերանորոգման ծրագիրը, որի համար մոտ 24 միլիոն եվրո էր հատկացրել։ Այս ծրագիրը Անի թաղամասով կավարտվի։ Ավելի վաղ վերանորոգված մի քանի փողոցներում արդեն փոսեր ու ճաքեր են ի հայտ եկել։ «Ազատությունը» քաղաքապետից հետաքրքրվեց՝ կա՞ն դեպքեր, երբ նույն ՎԶԵԲ-ի ծրագրով կառուցված փողոցը չի ընդունվել շահագործման:

«Կան, երախիքի մեջ է, մեր կողմից հանձնաժողով կա, խումբ կա, հետևողական նայելու են, նոր ստորագրելու են: Մինչև թվով 5-6 մարդ չստորագրի, տվյալ փողոցները չեն ընդունվի: Մենք երաշխիքի գումարները պահել ենք, տեսնելու ենք, որ վերջնական ամեն ինչ` շինարարական նորմերը կարգավորված են, նոր տալիս ենք այդ վերջին գումարը ամեն մի փողոցի համար առանձին պայմանագրով, այլապես չենք տալու, որովհետև եթե շինարարին չգիտե՞ս, գումարը տվեցիր, հետո դու ես իր հետևից ընկնելու: Ո՛չ, արա, վերացրու, թերություններդ շտկի, հետո նոր վերջնական գումարը կտանք»:

Այս տարի նաև կառավարություն-համայնքապետարան համաֆինանսավորմամբ են իրականացվում փողոցաշինության ծրագրերը: 21 փողոց է հիմնանորգվում: Իշխանությունները խոստանում են գալիք տարի ավելի շատ փողոցներ նորոգել կրկին սուբվենցիոն ծրագրով:

«28 փողոց, 8.5 կմ, 107 հազար մետր քառակուսի մոտավորապես մակերեսով», - նշեց քաղաքապետը, ում փոխանցմամբ՝ երբ արդեն հաստատված ծրագրերով ավարտվեն փողոցների նորոգումները, Գյումրիում դեռ 50 կմ ճանապարհ հիմնանորգման կարիք կունենա։ Թե դրանց հերթը երբ կհասնի, առայժմ հայտնի չէ։

XS
SM
MD
LG