Մատչելիության հղումներ

Գյումրիի մի քանի փողոցներում երթևեկությունը դադարեցված է՝ հիմնանորոգման աշխատանքներ են


Արդեն երկրորդ տարին է Գյումրիի ամենամեծ՝ Անի թաղամասի բնակիչներն անբարեկարգ փողոցների պատճառով դժվարությամբ են տեղաշարժվում։ «Վեոլիա ջուր»-ը ջրամատակարարման համակարգն է փոխել ու մինչև օրս չի ավարտել փորձարկումները։ Վարորդները դժգոհում են, որ մեքենաներն են շարքից դուրս գալիս:

Գյումրիի մի քանի փողոցներում երթևեկությունը դադարեցված է՝ հիմնանորոգման աշխատանքներ են։ Վերանորոգման համար փակված մի քանի փողոցներով էին անցնում Վրաստանից եկող բեռնատարները, հիմա ստիպված են քաղաք մտնել՝ այժմ էլ վնասելով արդեն հիմնանորոգված փողոցները։

Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Սուրեն Ջանոյանն ասում է՝ ծանր բեռնատար մեքենաների համար հատուկ երթուղի կա, որը վարորդները հաճախ անտեսում են։

«Մենք բոլոր կահավորումները շրջանցող ճանապարհների մասով, որպեսզի խոշոր բեռնատար մեքենաները չմտնեն քաղաքի կենտրոնական բանուկ հատվածները, բոլոր տեղերը ճանապարհային երթևեկության նշանները՝ արգելող նշանները տեղադրված են, դե ի՞նչ ասեմ, ինչ-ինչ պատճառներով, վարորդների երևի մեղքով՝ սխալ մուտք են գործում այդ փողոցներում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ջանոյանը՝ շարունակելով. - «Նաև հանդիպում ենք ունեցել պարեկային ծառայության աշխատակիցների հետ, որոնց հետ շատ սերտ համագործակցում ենք, և հորդորել ենք, որպեսզի ավելի ուշադիր, ավելի զգոն լինեն, որ նման դեպքերը փորձենք բացառել: Բայց ինչ արած՝ վարորդները շատ ժամանակ մուտք գործում են»:

Առաջիկայում Գյումրին շրջանցող ճանապարհը կշահագործվի՝ այն պետք է բեռնաթափի քաղաքը ծանր մեքենաներից։ Ինչ վերաբերում է մի քանի տարի առաջ հիմնանորոգված, բայց այժմ մեծ ճաքեր ունեցող փողոցներին, ապա միակ լուծումն այստեղ ճաքալցումն է հատուկ նյութով։ Կոմունալ ծառայությունները՝ գազ, լույս, ջուր, կապ, հաճախ են ասֆալտապատ փողոցները փորում, թեև նորից ասֆալտապատում են, բայց արդեն՝ անօգուտ։

«Քաղաքապետարանը նախնական պայմանավորվածություն ունի տվյալ կազմակերպությունների հետ՝ եթե աշխատանքները կատարվում են թերի, և հետագայում այդ աշխատանքների ընթացքում խրամուղիները որոշակի նստվածքներ են տալիս, տվյալ կազմակերպությունը պարտավորվածություն ունի և նորից կվերականգնի տվյալ հատվածի շերտը՝ բերելով նախկին, առաջվա բարվոք տեսքի», - նշեց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը:

Կան փողոցներ, որոնք այս տարի էլ կարկատաններով են փորձելու երթևկելի դարձնել, մինչև հիմնանորոգման հերթը հասնի։ Օրինակ՝ ամենաերկար՝ Շիրակացի փողոցը, որի հիմնանորոգման համար 1 միլիարդ դրամից ավելի գումար կպահանջվի, բայց բյուջեում այդքան չկա։

Գյումրին շուրջ 180 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ ունի։ Խոստանում են, որ տարվա ավարտին 70 տոկոսն արդեն վերանորոգված կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG