Մատչելիության հղումներ

Գյումրիի «Անի» ու «Ավստրիական» թաղամասերի բնակիչներն այս տարի էլ կերթևեկեն քարուքանդ փողոցներով


Գյումրիի «Անի» ու «Ավստրիական» թաղամասերի բնակիչներն այս տարի էլ կերթևեկեն քարուքանդ, հսկայական փոսերով ու գրեթե անմայթ փողոցներով, այնինչ դեռ 2022-ին նոր ասֆալտի հույս ունեին։

Պաշտոնյաներն արդարանում են՝ ջրամատակարարման համակարգի փոխարինումն ու փորձարկումը չի ավարտվել, միայն դրանից հետո կկարողանան ասֆալտ փռել տասնամյակներով չվերանորոգված փողոցներում։

«Մինչև բուկներս ցեխ եղած՝ գարնան թրջված ժամանակ, իսկ չոր ժամանակ՝ փոշի, խեղդված գալիս ենք տուն: Ի՞նչ կլինի, էս աշխարհում, էս Հայաստանում կա՞ն ղեկավարներ, որ մտածում են էս ժողովրդի մասին, չգիտեմ», - ասաց բնակիչներից մեկը:

Ի վերջո ե՞րբ է մեկնարկելու երկու թաղամասերի փողոցների հիմնանորոգումը, հետաքրքրվեցինք Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանից։ «Ավստրիական»-ում, ի դեպ, ապրում են երկրաշարժի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած բազմաթիվ մարդիկ։

«Լավագույն տվյալներով 25 թվականին արդեն կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որովհետև ՎԶԵԲ-ի ծրագրով տարվում են աշխատանքներ, շատ լավ ծրագիր է, բայց պահանջում է երկարատև աշխատանքներ, նախագծային մրցույթներ: Իմ հորդորն է «Անի» թաղամասի ու «Ավստրիական» թաղամասի բնակիչներին հնարավորինս լինենք համբերատար, հաջորդ տարի հուսով ենք կսկսենք «Անի» թաղամասի ու «Ավստրիական» թաղամասի հիմնանորոգման աշխատանքները», - պատասխանեց Ջանոյանը::

Բայց 2021 թվականից նոր փողոցներին սպասող բնակիչների համբերության բաժակն արդեն լցվել է: Թաղամասի բնակիչները մեքենաներն էին ցույց տալիս, ասում՝ ստիպված են տարվա մեջ 3-4 անգամ նորոգել։

Ռուզաննա Նիկոյանը անձամբ վարչապետին է դիմում, թե միշտ ասում է գումարի խնդիր չունեն։ Այդ դեպքում չի հասկանում՝ ինչո՞ւ արդեն երրորդ տարին տեխնիկան տեղից չի շարժվում։

«Պարոն վարչապետ, որտե՞ղ է էդ գումարը, ինչի՞ վրա եք ծախսում, որ էսպիսի փոքր թաղամաս, վերանորոգում պիտի լինի, ասֆալտապատում, 35 տարվա մեջ դուք քանդել տվեցիք ամբողջ ավստրիացիների սարքածը, ոչինչ չարեցիք ու չեք էլ պատրաստվում անել: Ես ստիպված եմ զայրությով արտահայտել այս մասին, որովհետև մենք արդեն ամաչում ենք, քանիերորդ անգամ, պարոն վարչապետ, նամակ ենք ուղղել անձամբ Ձեզ», - նշեց Նիկոյանը:

«Անի» թաղամասում 3 տարում 4 փողոց են նորոգել, դրանցում ջրամատակարարման համակարգը փոխարինվել ու փորձարկվել է։ Մյուս փողոցներն այնքան անանցանելի են, որ մեքենաները հաճախ մայթերով են երթևեկում։ Տարեցտարի հետաձգվող աշխատանքների համար պատասխանատվություն կրողներ չեն եղել, պարզապես ջրամատակարար ընկերությունը դիմել է կառավարությանը և շինարարության ժամկետը երկարաձգվել է՝ ամեն անգամ մեկ տարով։

Համացանցում տարբեր թաղամասերից բնակիչները տեսանյութեր են հրապարակում։ Երկրորդական շատ փողոցներ պարզապես անանցանելի են։ Ե՞րբ կհասնի դրանց հերթը, պարզ չէ։ Սուբվենցիոն ծրագրով այս տարի 20 փողոց է հիմնանորոգվելու։ Մի քանիսն էլ այլ ծրագրերով։

XS
SM
MD
LG