Մատչելիության հղումներ

Վստահ չեմ, որ Սահմանադրության փոփոխությունը լուծելու է խաղաղության հարցը. Բենիամին Պողոսյան


Եթե ինչ-որ ժամանակ անց Հայաստանը ցանկություն հետ բերել գոնե կորցրածի մի մասը Սահմանադրությանը չի նայելու, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:

«Ազատություն». - Սահմանադրության օրվա առթիվ ուղերձում վարչապետ Փաշինյանը կրկին ասել է, որ Հայաստանին նոր մայր օրենք է պետք: Դուք կարծում եք, նա հակվա՞ծ է գնալ Բաքվի այդ նախապայմանի կատարմանը:

Պողոսյան. - Եթե խոսում ենք սահմանադրական փոփոխություններից, գոնե իմ կարծիքով, ակնհայտ է, որ խորհրդարանական համակարգը Հայաստանի համար չէ, և այն, ինչ տեղի ունեցավ 2015-ին, թերևս խորքային առումով, նաև հետագա այս բացասական երևույթների պատճառներից մեկն էր, և նաև ինչո՞ւ խորհրդարանական համակարգը Հայաստանի համար չէ, որովհետև նա փաստացի հնարավորություն է տալիս, ասենք, գոնե արտաքին ժողովրդավարական պայմաններում որևէ ուժի իշխել անվերջ կամ ցմահ: Եթե, օրինակ, քո քաղաքական ուժը հաղթում է 10 խորհրդարանական ընտրություններում, դու 50 տարի լինում ես Հայաստանի վարչապետ: Հաշվի առնելով Հայաստանի նման պետությունների իրավիճակը, դա այնքան էլ ճիշտ չէ և բոլորովին տեղին չեն համեմատություններն, օրինակ, Գերմանիայի հետ՝ Անգելա Մերկելը 16 տարի վարչապետ և այլն: Հիմա եթե կոնկրետ խոսում ենք ներկա իրավիճակի մասին, ապա որքանով ես եմ հիշում, դեռ 2018-ից առաջ և 18-ից անմիջապես հետո խոսակցություններ կային, որ Սահմանադրությունն անհրաժեշտ է փոխել, սակայն այն ժամանակ մեխն այլ բանում էր, որ վարչապետն ունի գերլիազորություն, որ վարչապետը, կարելի է ասել, ընտրված թագավոր է, և, այսպես ասենք, ընտրված թագավոր լինելը լավ բան չէ:

«Ազատություն». - Եվ նա հակակշիռներ չունի:

Պողոսյան. - Այո, հակակշիռներ չունի փաստացի, հատկապես եթե ունի խորհրդարանական մեծամասնություն: Հիմա կարծես թե մի փոքր այդ ուղղությունը խախտված է. ես այլևս չեմ լսում խոսակցություն, որ վարչապետի լիազորությունները պետք է էականորեն նվազեցվեն և այլն: Ավելի շատ հիմա շեշտը դրվում է այդ իրական Հայաստան, պատմական Հայաստան և այլնի վրա, որը ինչքան էլ իշխանությունները հայտարարում են, որ դա որևէ առնչություն չունի հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերության հետ, սակայն դրան հավատալը մի փոքր բարդ է, անկեղծ ասած: Իմ ընկալմամբ, ամեն դեպքում իշխանությունները կամ գոնե որոշ մարդիկ իշխանությունում գտնում են, որ անհնար է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերության նորմալացում, եթե չբավարարվեն Ադրբեջանի ևս մի քանի պահանջներ, գոնե Սահմանադրության մասով: Երևի իրենք այդպես են մտածում՝ եթե մենք այսքան բան արդեն կորցրել ենք, որպեսզի հասցնենք նորմալ հարաբերության, հիմա վերջին քայլը չանել և այդ հարաբերությունը չնորմալացնել ընդհանրապես տարօրինակ կլինի: Հիմա եթե հարաբերությունները չեն լինում, ընդհանրապես հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ կորցրինք այս ամենը:

«Ազատություն». - Բայց իսկապես խնդրահարույց չէ՞ այդ դրույթը: Ի վերջո այնտեղ նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, որը Ադրբեջանը տարածքային պահանջ են ընկալում:

Պողոսյան. - Ես չեմ բացառում, որ՝ այո, Ադրբեջանն ունի մտավախություն, որ որոշ ժամանակ անց՝ դա կլինի 5 տարի, 10 տարի, 15 տարի, իրավիճակ կարող է փոխվել տարածաշրջանում. Ադրբեջանը կարող է թուլանալ, նավթի և գազի վաճառքից եկամուտները կնվազեն, այնտեղ կարող են լինել տնտեսական, քաղաքական խնդիրներ, Հայաստանում կարող են լինել այլ ուժեր իշխանության, և նրանք գուցե կփորձեն հետ բերել, եթե ոչ այն ամենն, ինչ Հայաստանը կորցրեց 2020-23 թվականին, գոնե դրա մի մասը: Սակայն այստեղ մի բան է տարօրինակ՝ պնդել, որ այդ պայմաններում այդ ուժերը Հայաստանում կասեն՝ գիտեք ինչ, քանի որ 2026 թվականին մենք Սահմանադրություն փոխեցինք և այնտեղից Անկախության հռչակագրի հղումը հանեցինք, մենք հրաժարվում ենք Արցախը հետ բերելու մտքից, դա մի փոքր լուրջ չէ: Բոլորն են հասկանում, որ նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես Սահմանադրության չունենա, եթե ինչ-որ ժամանակ անց Հայաստանը ունենա հնարավորություն և ցանկություն հետ բերել գոնե կորցրածի մի մասը.....

«Ազատություն». - Սահմանադրությանը չի նայելու:

Պողոսյան. - Միանշանակ:

«Ազատություն». -Սահմանադրության փոփոխությունը լուծելո՞ւ է խաղաղության հարցը:

Պողոսյան. - Ես վստահ չեմ: Նայած խաղաղություն ասելով, ինչ ենք հասկանում, եթե մենք հասկանում ենք ինչ-որ փաստաթուղթ սկզբունքների մասին, որը կարող է ստորագրվել կամ նախաստորագրվել, ապա նման բան կարող է լինել և առանց Աահմանադրության փոփոխության: Սակայն, եթե խաղաղության ասելով, մենք հասկանում ենք համապարփակ խաղաղության պայմանագիր, որը կլուծի բոլոր հարցերը, չեմ կարծում, որ Ադրբեջանը և մասնավորապես նախագահ Ալիևը ցանկանում է լուծել բոլոր հարցերը:

Հարցազրույցն ամբողջությամբ ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG