Մատչելիության հղումներ

«Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել էին փողոցը, անցումներ են պահանջում


Երևանի «Վերածնունդ» թաղամասի բնակիչներն այսօր շուրջ 30 րոպեով փակել էին հարակից՝ Մոնթե Մելքոնյան փողոցը։ Այս պահին ավելի քան 500 բնակիչ ունեցող 6 բազմաբնակարանի բնակիչները քաղաքապետարանից պահանջում են Մելքոնյան փողոցի՝ իրենց շենքերի հատվածում հետիոտնային ու վերգետնյա անցում կառուցել, որ կարողանան անվտանգ անցնել փողոցը։

Տարածքում հետիոտների համար անցումներ չկան. մարդիկ հաճախ ստիպված են երթևեկելի փողոցը կտրել ու անցնել, որ հանրային տրանսպորտից օգտվեն։ Տարածքում նաև կանգառներ չկան։

«Նույնիսկ այս պարագայում, երբ որ այստեղ ակցիա է, բավականին շատ բալիկներ կան, տեսնում եք, թե մեքենաներն ինչպես են երթևեկում՝ շատ կտրուկ, առանց նայելու՝ արդյոք այստեղ մարդիկ կան, թե՝ ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Վերածնունդ» թաղամասի բնակիչ Արմինե Օլեյանը:

Փաստացի թաղամասը մեկուսացման մեջ է, հայտարարում են բնակիչները։ Շենքերը երկու կողմից արագընթաց մայրուղիներով են շրջապատված։ Եթե անձնական մեքենա չունես, կամ էլ տաքսիից չես օգտվում, այլընտրանքը կյանքը վտանգելով փողոցն անցնելն է, ասում է Օլեյանը:

«Մենք՝ բնակիչներս, սիրում ենք օգտագործել «կղզիացած» բառը մեր թաղամասի համար, որովհետև ես ինքս մի քանի անգամ ոտքով փորձել եմ անցնել, պատկերացրեք՝ դա ուղղակի նման է ոդիսականի, որովհետև ամեն վայրկյան, մեկ վայրկյան ուշ աչքդ թերթես՝ կարող ես հայտնվել հերթական մեքենայի տակ: Էլ չասեմ՝ բոլոր այն ազդանշանները, որ տալիս են մեքենաները, որովհետև իրենք էլ չեն կարողանում, տրամաբանության մեջ իրենց չի տեղավորվում, որ կարելի է մայրուղին հատել հենց այնպես, առանց սահմանված հատվածների», - նշեց Օլեյանը՝ շարունակելով. - «Ըստ իս՝ պետք է միանշանակ լինեն հատուկ և՛ կանգառներ, և՛ անցումներ, որտեղ կլինեն կոճակով սեղմակներ, որ պիտի համապատասխան լուսացույցը գործարկվի, և մարդիկ կարողանան անցնել: Նույն հատվածում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու կողմից նաև կանգառի անհրաժեշտություն կա, որովհետև բոլոր կանգառները բավականին հեռու են»:

Թաղամասի մեկ այլ բնակիչ՝ Արամ Հովհաննիսյանն ասաց. - «Սա «Վերածնունդ» թաղամասն է, որի այս կողմից Մոնթե Մելքոնյան փողոցն է, մյուս կողմից՝ Ծիծեռնակաբերդի խճուղին, այսինքն՝ երկու կողմից էլ փողոցներ են, և չկա անցում՝ ո՛չ այս կողմից, ո՛չ այն կողմից: Մոտակա կանգառները գտնվում են կա՛մ Լենինգրադյանի վրա՝ այս կողմում, կա՛մ՝ Կիևյանի վրա՝ այն կողմում, և այսպես թե այնպես պետք է անցնել փողոցը: Եվ այսպիսի արագընթաց երթևեկության մեջ ինքնասպանության նման է այդպիսի բան անելը՝ փողոցը անցնելը, բայց ես տեսնում եմ՝ ինչպես են մարդիկ դա անում, խիստ վտանգավոր բան: Այդ թվում՝ երեխաների հետ»:

Ճանապարհի մի հատվածը 15 րոպե հետո բացեցին, իսկ մյուսը ավելի ուշ, մինչև պարեկների տեղ հասնելը, դեռ փակ էր։

Երեխաները ճանապարհի երկու հատվածներում հասցրին կավիճով հետիոտնային անցում նկարել.

«Եկել ենք, որպեսզի անցում նկարենք, որ մարդիկ կարողանան հեշտությամբ անցումով անցնեն: Եթե այստեղ անցում չլինի, ոչ մի մեքենա ոչ մի մարդու չի զիջում», - ասաց երեխաներից մեկը:

«Դժվարությամբ ենք անցնում, բայց մենակով ոչ ոք չի թողնի, որ անցնենք: Հիմա որ անցում կա՝ արդեն հանգիստ կարող ենք անցնել», - ասաց մյուսը՝ նկատի ունենալով իրենց նկարած անցումը:

Բնակիչները մտահոգ են՝ ի՞նչ են անելու, երբ դպրոցները բացվեն։ Գրեթե բոլոր ընտանիքներում դպրոցական երեխաներ կան, իսկ նրանց ամեն օր է անհրաժեշտ լինելում բանուկ փողոցի մյուս կողմն անցնել։

«Ստիպված դիմել ենք այս քայլին, քանի որ սեպտեմբեր է, մոտակա ժամանակաշրջանում արդեն բալիկները պետք է ինքնուրույն դասի գնան, որ հրատապ այս խնդրին լուծում տան», - ասաց Նվարդ Ավանեսյանը:

Իսկ ի՞նչ են մտածում քաղաքային իշխանությունները, արդյոք տարածքում պատրաստվո՞ւմ են վերգետնյա անցում կառուցել, չհաջողվեց պարզել։ Քաղաքապետի մամուլի խոսնակն «Ազատության» զանգերն անպատասխան թողեց։

Բնակիչներից Կարեն Բալումյանն ասում է՝ քաղաքապետարանից իրենց բազմաթիվ դիմումներին երեկ են արձագանքել։ Բնակիչներին, սակայն, չի բավարարել պատասխանը։

«Մենք քաղաքապետարանից ստացել ենք գրություն՝ առանց ամսաթվի և առանց ստորագրության, որտեղ նշվում է, որ իրենք պատրաստվում են ժամանակավոր զեբրա կառուցել «Երևան» պարկի հարակից տարածքում, այսինքն՝ այն ներքևի տարածքում, որը մեր թաղամասից առնվազն մեկ կիլոմետր հեռու է, և նաև պատրաստվում են 6-7 ամիս հետո կառուցել վերնանցում, բայց չեն նշում, թե այդ վերնանցումը որ մասում է: Եվ մեր մոտ տպավորություն է, որ այդ զեբրան և այդ վերնանցումը կարող է կառուցվել «Երևան» պարկի մոտ, այսինքն՝ բիզնեսի հաճախորդների համար», - նշեց Բալումյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ակցիան ավարտված չեն համարում, պատրաստվում են էլի ակցիաներ անել՝ մինչև խնդիրը լուծում ստանա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG