Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին


Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին հերթական անգամ այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այդ մասին ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Ըստ նրա՝ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, և նրանց տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։

Հուսեյնովան ասել է, որ կազմակերպության մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատվում են կալանավորների պահման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը։

ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ապահովում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորներին պահող կողմի հետ։

ԱՊԱ-ն չի հստակեցնում, թե ապրիլ ամսվա ընթացքում կոնկրետ, երբ են տեղի ունեցել այցերը:

Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել և Բաքու են փոխադրել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին, նախկին բարձրաստիճան զինծառայողներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG