Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պնդում է, թե ի վիճակի չէ զսպել Լիբանանի դեմ Իսրայելի հնարավոր հարձակումը


Լիբանանի հարավային հատվածում իսրայելական հարվածի հետևանքներ, արխիվ
Լիբանանի հարավային հատվածում իսրայելական հարվածի հետևանքներ, արխիվ

Վաշինգտոնը զգուշացնում է Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» շարժման ղեկավարներին, որ ի վիճակի չի լինի զսպել Իսրայելի հնարավոր հարձակումը։ Այսօր այդ մասին, դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով, գրում է ամերիկյան Аxios կայքը՝ նշելով, որ Վաշինգտոնի ուղերձը «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալային է փոխանցվել օրերս՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտայնի տարածաշրջանային այցի ընթացքում։

Կայքի տեղեկություններով՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակի միջոցով փոխանցված այս ուղերձում ամերիկացի դիվանագետը նաև խորհուրդ է տվել «Հեզբոլա»-ի ղեկավարությանը ուղիղ շփման մեջ մտնել Իսրայելի կառավարության հետ՝ իրադրության հետագա սրումը կանխելու համար։ Այն, որ Լիբանանի հարավում իսրայելական հարձակումը գրեթե անխուսափելի է, սկսեցին խոսել դեռ անցած շաբաթ, երբ հայտնի դարձավ, որ Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբը հաստատել է «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունների պլանը։ Կիրակի օրը իրադարձությունների զարգացման նման սցենարի հավանականությունը հաստատեց նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Այն բանից հետո, երբ Գազայում ընթացող ռազմական գործողությունների ինտենսիվ փուլը կավարտվի, ազատված ուժերի մի մասը կտեղափոխվի հյուսիս։ Առաջին հերթին մենք դա անելու ենք պաշտպանական նպատակներից ելնելով։ Երկրորդ խնդիրը, որ մենք ցանկանում ենք լուծել՝ հյուսիսի տարհանված բնակիչներին իրենց տներ վերադարձնելն է։ Եթե կարողանանք, մենք դրան կհասնենք դիվանագիտական ճանապարհով։ Եթե՝ ոչ, այլ միջոցների կիրառմամբ», - հայտարարում էր Նեթանյահուն՝ խոսելով Լիբանանին սահմանակից քաղաքների հազարավոր բնակիչների մասին, որոնց տարհանել էին դեռ անցած տարվա աշնանը՝ «Հեզբոլա»-ի չդադարող հրթիռակոծությունների պատճառով։

Արևմտյան մամուլի տեղեկություններով՝ իսրայելական օդային հարվածների առաջին թիրախներից մեկը կարող է դառնալ Բեյրութի միջազգային օդանավակայանը։ Այս ենթադրությունները էլ ավելի ամրապնդվեցին բրիտանական Telegraph-ի կիրակի օրը հրապարակած հոդվածից հետո։ Օդանավակայանի աշխատակիցներին վկայակոչելով՝ բրիտանական պարբերականը պնդում էր, թե «Հեզբոլա»-ն Լիբանանի խոշորագույն տրանսպորտային հանգույցն օգտագործում է սպառազինության ներկրման և պահեստավորման համար։ Լիբանանի կառավարությունն այս պնդումները հերքելու նպատակով երեկ կազմակերպել էր Բեյրութում հավատարմագրված դեսպանների այցը օդանավակայան։

«Тelegraph-ում հրապարակված հոդվածը նշանավորեց Իսրայելի կողմից Լիբանանի օդային տարածքի խախտումներից անցումը հոգեբանական պատերազմին։ Այդ հրապարակումը ծայրից ծայր կեղծ էր, և մենք արդեն երկու օր է՝ դա ենք ապացուցում», - Բեյրութի օդանավակայանում կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարում էր Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն։

Որքանով Լիբանանի կառավարության այս հերքումները կազդեն Իսրայելի գործողությունների վրա դժվար է ասել։ Նեթանյահուի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին այսօր հայտարարել է, թե իսրայելական կառավարությունը Լիբանանի դեմ պատերազմ չի սկսի՝ գոնե ամենամոտ ապագայում։

«Առաջիկայում մենք երկար շաբաթներ ենք պատրաստվում նվիրել հարցի դիվանագիտական լուծմանը։ Եթե դա չհաջողվի, բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը պետք է այլ միջոցներով լուծվի», - հայտարարում էր իսրայելցի պաշտոնյան։

«Հեզբոլա»-ի ղեկավարների համոզմամբ, սակայն, Իսրայելը բավական ծանր գին կվճարի, եթե ի վերջո որոշի Լիբանանի դեմ լայնածավալ հարձակում ձեռնարկել։

«Եթե Լիբանանի դեմ պատերազմ հրահրվի, ապա դիմադրության ուժերը դրա ընթացքում կռվելու են առանց որևէ սահմանափակման և կանոնի։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այնտեղ պետք է լավ իմանան, որ իրենց տարածքում չկա որևէ անկյուն, որ հասանելի չլինի մեր հրթիռների կամ անօդաչուների համար», - անցած շաբաթավերջին, իր հազվադեպ ելույթներից մեկում հայտարարում էր «Հեզբոլա»-ի առաջնորդ շեյխ Հասան Նասրալան։

Շարքային լիբանանցիների մի մասը Նասրալայի հետ համաձայն է, ինչպես օրինակ Բեյրութի բնակիչ Աբու Ռաեդը։

«Լիբանանի ժողովուրդը բազմիցս է պատերազմել Նեթանյահուի, Իսրայելի դեմ։ Եթե ցանկանում են, կարող են մեկ անգամ ևս փորձել։ Մենք որևէ մեկից, Աստծուց բացի, չենք վախենում», - AP-ի թղթակցի հետ զրույցում նշում է լիբանանցի տղամարդը։

Բեյրութցիներից ոմանք, սակայն, այդքան լավատես չեն։ Նրանց կարծիքով՝ սահմանային բախումների վերաճումը լայնամասշտաբ պատերազմի կարող է երկիրը կանգնեցնել նոր աղետի եզրին։

«Պատերազմը կատակ բան չէ։ Եթե պատերազմ սկսվի, այլևս սնունդ չի լինի, երկիրը շրջափակման մեջ կհայտնվի, և մենք կմնանք այստեղ փակված՝ չկարողանալով դուրս գալ», - նշում է Բերյութի բնակիչ Իմադ Աբու Շաքրան։

XS
SM
MD
LG