Մատչելիության հղումներ

Վարչապետի շարասյան վրաերթից մահացած հղի կնոջ գործով շուրջ 2.5 տարի անց դատարանը դեռ քննում է՝ վարորդը մեղավո՞ր է


Հղի կնոջ մահացու վրաերթից շուրջ 2.5 տարի անց, դատարանը դեռ քննում է՝ մեղավո՞ր է արդյոք վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ, մայոր Արամ Նավասարդյանը:

Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը թեև համարում է, որ պաշտպանական կողմն իրավունք ունի միջնորդություններ ներկայացնելու, բայց դրանք անում են արդեն 7 ամիս ու դատական նիստերը փաստացի հետաձգվում են: Փաստաբանն այդուհանդերձ մեղադրում է իրավապահ կառույցներին, ասում է՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո վարորդը ոչ միայն ազատության մեջ է, այլև շարունակում է իր աշխատանքը:

«Պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չի կատարում, ավելին, ամեն ինչ անում է, որպեսզի այս քրեական վարույթով ու կոնկրետ այս հանցանքով վաղեմության ժամկետները լրանան: Մոտ 3 տարի անցնում է, 5 տարին լրանալուց հետո այլևս քրեական պատասխանատվություն հնարավոր չէ ու մարտավարությունն, ըստ իս գնում է դեպի դրան: Երբ մեղադրյալին թողնում են անհարկի ազատության մեջ՝ առանց հիմքերի, առաջնային նպատակը հենց դա է, և սա ես կարծում եմ, որ արվեց ամենաբարձր պետական մակարդակով», - ասաց Ասլանյանը:

2022-ի ապրիլին, 28-ամյա հղի կինը Լեո-Պարոնյան խաչմերուկն անցնելիս վրաերթի ենթարկվեց ու մահացավ։ Վարչապետը պետք է անցներ այդ հատվածով, կնոջը հարվածած մեքենան ուղեկցում էր վարչապետի շարասյանը: Սոնա Մնացականյանի հարազատներն ու փաստաբանը պնդում են՝ ճանապարհը պատշաճ չի փակվել անցորդների համար, հակառակ դեպքում մահացած կինը չէր կարող հայտնվել վտանգավոր գոտում, ընդգծում են՝ նա անցել է կանաչ լույսի ներքո:

Մայոր Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը հակառակն է պնդում՝ իր վստահորդն արագությունը չի գերազանցել, իսկ Սոնա Մնացականյանը չի ենթարկվել տեսուչի հրահանգներին:

«Ոչ մեկին չհետաքրքրեց, որ ինքը եթե կանգնած մնա տեղում, վրաերթը տեղի չի ունենալու: Ինքը վտանգավոր գոտով անցնելուց հետո, կանգնում է, դրանից հետ մոտ 1,5 մետր հետ է գալիս: Դատարանը մեր միջնորդությունը մերժեց նոր փորձաքննություն նշանակելու մասով, դատարանը կատարում է անարդար քննություն», - ասաց Բալոյանը:

Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանը պնդում է՝ փորձագետի եզրակացություն կա, որ վարորդը գերազանցել է սահմանված արագությունը, փաստաբան Բալոյանն էլ ասում է՝ իրենք համաձայն չեն այդ փորձագիտական եզրակացության հետ ու նաև այդ պատճառով են պարբերաբար փորձաքննությունների միջնորդություններ ներկայացնում: Երկու կողմերի փաստաբանները դժգոհ են իրավապահ մարմինների աշխատանքից:

«Ձայնագրությունները տեսանելիորեն ոչնչացված են, այսինքն, սա արվել է հստակ ուղղորդված, համաձայնեցված կարգով: Մեքենաների մեջ կա հատուկ ձայնագրություն, էդ ամբողջ խոսակցությունները ձայնագրվում են, էդ ձայնագրությունները ներկայումս, ըստ պետական մարմինների, իբրև թե տեխնիկական պատճառներով գոյություն չունեն, չի ձայնագրվել, բայց բոլորիս մոտ կասկած է ձևավորվել, որ ոչնչացվել է: Այդ պայմաններում ակնկալել արդարադատություն էդպիսի պետական մարմնից աբսուրդ է», - ընդգծեց Մնացականյանի ընտանիքի փաստաբանը:

Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի փաստաբան Բալոյանը համոզմունք ունի, որ դատարանն ուզում է իր պաշտպանյալին մեղավոր ճանաչել, ընդգծում է, եթե նա չլիներ Փաշինյանի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդն, ապա դատարանը վաղուց նրան անմեղ կճանաչեր, հիմա ըստ նրա՝ հասարակական ճնշում է գործադրվում դատարանի վրա:

«Եթե գործը շարունակվեց նման կերպ, ոչ մեկը սա չի մարսելու: Հաղորդում է տրվելու հանցագործություն կատարելու մասին: Ես զգուշացնում եմ, թող իմանան, այս թեման կուլ չի տրվելու», - ընդգծեց փաստաբանը:

«Ազատության» հարցին՝ ո՞ւմ դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի, Բալոյանը պատասխանեց. - «Ով քննությունը սխալ կկատարի, ով ապօրինաբար մեր իրավունքներից զրկել ա, ով քննության ուղղությունը շեղում ա, կոնկրետ ով կլինի, ժամանակը ցույց կտա»:

Սոնա Մնացականյանի փաստաբանի պահանջով, գործից անջատված մասը մինչև այսօր տեղից չի շարժվում: Անջատված մասով փաստաբանը պահանջում է նաև ճանապարհը կարգավորող տեսուչին պատասխանատվության ենթարկել: Մեղադրյալ մայոր Արամ Նավասարդյանի փաստաբանն էլ ասում է՝ այս գործն այն գլխից է սխալ հունով ընթանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG