Ամիսներ առաջ վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած 28-ամյա հղի կնոջ հարազատները դատարանից արդարադատություն են ակնկալում։ Այսօր առաջին ատյանի դատարանում մեկնարկեց Սոնա Մնացականյանի մահվան գործով նախնական դատական նիստը։
Հայրը հուզվեց, չկարողացավ պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը խոսեց հորեղբայրը՝ Գրիշա Մնացականյանը. - «Այնպես է երևում, որ մենք պայքարում ենք ինչ-որ տեղ կարելի է ասել պետական ապարատի դեմ, դա իմ կարծիքն է: Եթե չլիներ ինչ-որ տեղ հովանավորչական ինչ-որ բան, այսօր չէր գտնվի ազատության մեջ: Ազատության մեջ գտնվելով՝ մենք տեսել ենք որոշակի փոփոխություններ կատարված նախաքննական բաների հետ: Ես համոզված եմ, որ արդարադատությունը հաղթելու է, անպայման կհաղթի, մենք պայքարելու ենք մինչև վերջ դրա համար»:
Երիտասարդ կնոջ ողբերգական մահվան համար միակ մեղադրյալը ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն է, որ վարում էր վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենան։ 51-ամյա Նավասարդյանը ազատության մեջ է, մեղքը չի ընդունում։ Հայտարարեց՝ փախուստի չի դիմել։
«Ես դեպքի վայրից ընդամենը 50 մետր վերև կանգնել եմ, ես ինքս մեքենայից իջել եմ, այնուհետև շտապօգնությունը տեղափոխել է հիվանդանոց, ես եղել եմ հիվանդանոցի առաջին մուտքի դիմաց կանգնած», - ասաց Նավասարդյանը:
Սոնայի հարազատները պնդում են՝ Նավասարդյանը, որը շարունակում է աշխատել համակարգում, կարող է ազդել դատական գործի վրա:
«Տուժող կողմն ակնկալում է մեղադրական դատավճիռ, բնականաբար, գտնում ենք, որ քրեական գործով առկա են առավել քան բավարար ապացույցներ մեղադրական դատավճիռ արձակելու և նաև ակնկալում ենք համաչափ պատիժ՝ դատարանի կողմից նշանակվելիք», նշեց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Սոնայի հայրն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը դատարանին խնդրեցին կալանավորել Նավասարդյանին։ Հայրը դատարանում ևս հուզվեց, պատմեց, որ դեպքի վայր է գնացել, հարցուփորձ արել, բայց ոչ մեկը իրեն որևէ պատասխան չի տվել։ Վարորդը պետք է կալանավորվի, ասաց Մնացական Մնացականյանը։ Դատարանը, սակայն, կալանավորելու որոշում չկայացրեց, ոստիկանին արգելեց բացակայել երկրից։
Նավասարդյանի փաստաբանները առաջին անգամը չէ, որ հայտարարում են՝ դեպքը չէր լինի, եթե երիտասարդ կինը փողոցի կեսից հետ չգնար։ Փաստաբան Ռուբեն Բալոյանը կրկին պնդեց՝ իր պաշտպանյալը չի լքել դեպքի վայրը, ավելին վերադարձել է, հետո շտապել «Նաիրի» բժշկական կենտրոն, ուր տեղափոխել էին հղի կոնջը։ Պնդեց՝ դատախազությունը բազմակողմանիի փոխարեն, միակողմանի քննություն է անցկացրել։
«Երբ որ խաչմերուկը կարգավորվում է կարգավորողով, ուրեմն այդ ժամանակ չեն գործում ճանապարհային նշաններ, հետիոտնային անցումներ, գծանշումներ և այլն: Այսինքն՝ և՛ վարորդը, և՛ հետիոտնը երթևեկության մասնակիցներ են և կարգավորողների գործողությունները ինչ չափով որ տարածվում է վարորդների վրա, նույնքան չափով նաև տարածվում է հետիոտների վրա: Ավելին ասեմ, որ հետիոտնը չի ենթարկվել կարգավորողի պահանջներին, այլապես վրաերթը տեղի չէր ունենա: Նախաքննության ընթացքում մենք հարց ենք առաջադրել, եթե տեղում կանգնած մնար վրաերթ տեղի կունենա՞ր, թե՝ ոչ, այդ հարցը դատախազի կողմից հանվել է, դա օրենքի կոպիտ խախտում է, իրավունքի կոպիտ խախտում է դիտվում», - ընդգծեց փաստաբանը:
Այնինչ, ըստ մեղադրանքի, Նավասարդյանը մեղադրվում է սահմանված արագությունը գերազանցելու համար։ Երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո Փաշինյանին ուղեկցող շարասյան ոչ մի մեքենա կանգ չէր առել, ոչ ոք օգնության դուրս չէր եկել։
Ընտանիքի փաստաբանը պնդում է՝ ողջ քննությունն ընթացավ այնպես՝ կարծես թե տեղի էր ունեցել սովորական ավտովթար, որի մեղավորը միայն վարորդն է։ Այնինչ Րաֆֆի Ասլանյանը, վկայակոչելով օրենքն ու կառավարության որոշումը, պնդում է՝ այս դժբախտ պատահարի համար պատասխանատվություն պետք է կրեին նաև ավտոշարասյան պատասխանատուները։ Սակայն իրավապահները որոշել են չքննել նրանց դրվագը, այս որոշումը փաստաբանը բողոքարկել է։
Ասլանյանը նաև մեկ այլ հանգամանք է մատնանշում՝ քննիչն այդպես էլ ջանք չի գործադրել՝ պարզելու՝ ինչպե՞ս են անհետացել դեպքի օրը և դրանից առաջ ռադիոկապի ձայնագրությունները, որոնք հնարավորություններ կտային լույս սփռել շատ հարցերի, այդ թվում՝ ավտոշարասյան ղեկավարների հնարավոր պատասխանատվության հարցի վրա։
Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 2-ին է։