Մատչելիության հղումներ

Վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ գործը իրավապահներն ուղարկել են դատարան


Իրավապահները ավտովթարի վայրում, արխիվ
Իրավապահները ավտովթարի վայրում, արխիվ

Իրավապահները Երևանի ընդհանուր իրավասության դատարան են ուղարկել 28-ամյա Սոնա Մնացականյանի գործը, ով մահացել էր կես տարի առաջ՝ վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից։ Վրաերթից մահացած հղի կնոջ ընտանիքը, սակայն, դժգոհ է քննությունից․ մեղադրյալի աթոռին է միայն ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը, ով վարում էր վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենան։

«Այսինքն տուժող կողմը վարորդի արարքի քրեաիրավական գնահատման մասով որևէ առարկություն չի ներկայացրել, տուժող կողմի առարկությունները մնացել և մնում են այն, որ մեղավոր վարորդը ազատության մեջ մնաց և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառվեց, ինչը նաև խաթարեց ըստ մեզ վարույթի բնականոն ընթացքը», - ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո վարչապետին ուղեկցող շարասյան ոչ մի մեքենա կանգ չէր առել, ոչ ոք օգնության դուրս չէր եկել։ Ընտանիքի փաստաբանը պնդում է՝ ողջ քննությունն ընթացավ այնպես՝ կարծես թե տեղի էր ունեցել սովորական ավտովթար, որի մեղավորը միայն վարորդն է։ Այնինչ Րաֆֆի Ասլանյանը, վկայակոչելով օրենքն ու կառավարության որոշումը, պնդում է՝ այս դժբախտ պատահարի համար պատասխանատվություն պետք է կրեին նաև ավտոշարասյան պատասխանատուները։

«Նախաքննությունն, ըստ էության, ամբողջական չէ, մասնավորապես, տուժող կողմը գտնում է, որ պատշաճ քրեաիրավական գնահատականի չի արժանացել շքախմբի պատասխանատու ղեկավարի և հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շարասյան ղեկավարի արարքը: Մասնավորապես՝ դատախազը որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը, ըստ տուժող կողմի, վաղաժամ է և քրեական գործի նյութերից չի բխում, քանի որ քննիչն այդ ուղղությամբ առհասարակ նախաքննություն չի իրականացրել, մինչդեռ կառավարության համապատասխան որոշումը, այսինքն՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանող որոշումը հստակ ամրագրում է, որ շարասյան արագության համար անձնական պատասխանատվություն են կրում շարասյան ղեկավարը և կորտեջի պատասխանատու ղեկավարը», - ասաց փաստաբանը:

Դատախազությունը ընդունել է տուժող կողմի այս դիտարկումները, միաժամանակ նշել, թե շարասյան պատասխանատուներին մեղադրանք չեն առաջադրում, քանի որ կա օրենքի բաց։ Կառավարության որոշման պահանջը ընդհանրական է, հստակեցման կարիք կա։ Այնինչ Մնացականյանի իրավահաջորդի փաստաբանը պնդում է՝ քրեական հետապնդում է նախատեսված նաև երթևեկության մյուս մասնակիցների համար, որոնց արարքները կարող են վնասել մարդուն։ Բացի այդ, ըստ փաստաբանի, Քննչական կոմիտեն չի պարզել, թե ինչպես է մայոր Նավասարդյանը գերազանցել սահմանված՝ առավելագույն 100 կիլոմետր ժամ արագությունը, ինչպես է որոշվել, որ վարչապետին պետք է տեղ հասցնեին արագության խախտմամբ։

«Քրեական գործի նախաքննության ընթացքում վարչապետի ուղեկցման հանգամանքներին, երթուղուն և այլնին առհասարակ անդրադարձ չի կատարվել: Ինչի համար եմ ասում՝ կաշկանդված են եղել, առհասարակ դրան անդրադարձ չեն կատարել կաշկանդված լինելու արդյունքում, մինչդեռ այդ ամենը շատ էական նշանակություն ուներ գործի նախաքննության համար, հատկապես որպեսզի հիմնավորվեր, թե ինչով, ինչ հրատապությամբ է պայմանավորված այդ առավելագույն արագության ընտրությունը» - ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանը նաև մեկ այլ հանգամանք է մատնանշում՝ քննիչն այդպես էլ ջանք չի գործադրել՝ պարզելու՝ ինչպե՞ս են անհետացել դեպքի օրը և դրանից առաջ ռադիոկապի ձայնագրությունները, որոնք հնարավորություններ կտային լույս սփռել շատ հարցերի վրա։

«Ընդ որում՝ այդ ձայանգրությունները էական նշանակություն ունեին ինչպես իմ կողմից նշած պաշտոնատար անձանց արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար, այնպես էլ վարորդի հետվթարային վարքագիծը գնահատելու համար: Հաշվի առնելով քրեական գործի ընթացքը՝ ես օբյեկտիվ հիմքեր տեսնում եմ, որ դրանք դիտավորությամբ ոչնչացվել են», - ընդգծեց նա:

Մինչդեռ միակ մեղադրյալի՝ մայոր Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը շարունակում է պնդել՝ վարորդը մեղք չունի։ Փաստաբանը, որը ևս դժգոհ է նախաքննությունից, ասում է՝ իրենց հնարավորություն չի տրվել հարցեր ուղղել արագությունը որոշող փորձագետներին․ դա կանեն արդեն դատարանում։

«108 էլ լիներ, 100 էլ լիներ, այդ վրաերթը տեղի էր ունենալու, վրաերթը տեղի է ունեցել տուժողի մեղքով, որը հետ է գնացել», - ասաց Բալոյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ եղել է իր ճանապարհը, փաստաբանն արձագանքեց. «Տենց բան չկա, տուժողը պարտավոր էր կանգնել»:

Առայժմ հայտնի չէ՝ գործը որ դատավորին է այն մակագրվել։ Այս գործով առայժմ միակ ամբաստանյալը՝ ոստիկանության մայոր Արամ Նավասրադյանը, ողբերգական դեպքից հետո ձերբակալվել էր, հետո, սակայն, խափանման միջոցը փոխվել էր․ մինչ այժմ գտնվում է ազատության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG