Մատչելիության հղումներ

Տուժողը կլինի Բաքուն. ամերիկացի դիվանագետը՝ ադրբեջանցի պատգամավորների պահանջի մասին


ԱՄՆ և Ադրբեջանի դրոշները, Նյու Յորք, արխիվ
ԱՄՆ և Ադրբեջանի դրոշները, Նյու Յորք, արխիվ

Բայդենի վարչակազմը դեռ չի հստակեցնում՝ մտադի՞ր է ականջալուր լինել տասնյակ օրենսդիրների պահանջին և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ Ամերիկայի քարոզած արժեքները ոտնահարելու համար։ Մինչ այդ, Ադրբեջանի Միլլի մեջլիսն, իր հերթին, գործադիր իշխանությունից պահանջում է հրաժարվել Վաշինգտոնի հետ կապերից, խզել Բաքվին տասնամյակներով հսկայական եկամուտներ ապահոված համագործակցությունը։

Ամերիկացի օրենսդիրներն առաջին անգամ չեն Պետքարտուղարությանը կոչ անում պատժամիջոցներ սահմանել բռնապետական ռեժիմ ունեցող Ադրբեջանի դեմ, բայց այս անգամ պաշտոնական Բաքվի արձագանքն աննախադեպ էր։

Նախագահ Ալիևն անգամ պնդեց, թե 60 կոնգրեսականների նամակի հեղինակն անձամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է. - «Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»:

Օրերս ԱՄՆ նախագահի խորհրդականներից Ջոն Պոդեստան փորձեց Բաքվում փարատել Ալիևի կասկածները՝ հավաստիացնելով, թե պատժամիջոցներ պահանջող նամակն ամերիկացի օրենսդիրներն ինքնուրույն են գրել՝ առանց գործադիր իշխանության ցուցումի։

Բայց սա Ադրբեջանի իշխանություններին կարծես չհամոզեց: Ալիևի կուսակից պատգամավորներն արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին նամակ են հղել եւ պահանջել չեղարկել ԱՄՆ-ի հետ երկկողմ, այդ թվում՝ ռազմական համագործակցության մի շարք փաստաթղթեր, հրաժարվել նաև Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանում իրականացվող նախագծերից։

Զգացմունքային արձագա՞նք, թե՞ Բաքվում պատրաստ են խաչ քաշել գերտերության հետ շահութաբեր համագործակցության վրա:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի համոզմամբ՝ կորցնողը կլինի Բաքուն, հետևաբար՝ Ադրբեջանում տեղի ունեցող իրավախախտումներին պետք է արձագանք լինի։

«Բաքուն միշտ սովորություն է ունեցել կատարվածի համար մեղադրել արտաքին թշնամուն՝ փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքներից և հայ - ադրբեջանական խաղաղ բանակցություններից՝ ստեղծելով արտաքին թշնամու կերպար։ Ադրբեջանի համար կարևոր էր պայքարել մաքսանենգության և ահաբեկչության դեմ։ Այս հարցում օգնություն չունենալու դեպքում կտուժեն։ Ադրբեջանը ցանկանում է զարգացնել հարաբերություններն էներգետիկայի ոլորտում, կանաչ էներգետիկայի նախագծերը Եվրոպայի հետ, հետևաբար՝ շատ դժվար կլինի մերժել ԱՄՆ-ի օգնությունը», - ընդգծում է Կոզլարիչը:

1992 թվականից ի վեր երկու երկրները քաղաքական, էներգետիկ, տնտեսական, ռազմական, կրթական, հումանիտար ոլորտներում համագործակցության ավելի քան ութ տասնյակ փաստաթուղթ են ստորագրել։

30-ամյա համագործակցության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում ամերիկյան ներդրումների ծավալը կազմել է 14 միլիարդ դոլար, այդ երկրում գրանցված է 300 ամերիկյան ընկերություն։ Միայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, որի գործունեությունը ևս ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում արգելել, Ադրբեջանում շուրջ 430 միլիոն դոլարի ներդրում է կատարել։

Վաշինգտոնի հետ համաձայնագրերը խզելու նամակի համահեղինակ, պատգամավոր Ջեյհուն Մամեդովն «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում պնդել է, թե ԱՄՆ-ն անարդար է վարվում Ադրբեջանի հետ, և ժամանակն է ամերիկացի պաշտոնյաներին հասկացնել, որ պատժամիջոցների սպառնալիքներով Բաքվին չեն սասանի։

«Գործընթացները ցույց են տալիս, որ Ամերիկան պատրաստվում է անցնել բոլոր կարմիր գծերը», - գրեթե բառացիորեն կրկնելով իր նախագահի հայտարարությունը՝ ասել է ադրբեջանցի պատգամավորը, նախազգուշացնելով՝ եթե Վաշինգտոնում մտադիր չեն հաշվի նստել Բաքվի դիրքորոշումների հետ, ուրեմն համագործակցության մասին փաստաթղթերն ավելորդ են:

Մամեդովն ասում է՝ Բաքվում հատկապես սրտնեղած են այն փաստից, որ Ամերիկայից Ադրբեջանին քննադատում են մի փուլում, երբ երկիրը պատրաստվում է հեղանակավոր խոշոր միջազգային միջոցառում հյուրընկալել՝ COP29-ը։

«Եթե ԱՄՆ-ը չի ցանկանում լսել մեր իրավացի ձայնը, եթե ցանկանում է շարունակել նման աջակցությունը Հայաստանին, տարբեր պատժամիջոցներ կիրառել , տարբեր լսումներ անցկացնել Կոնգրեսում Ադրբեջանի դեմ, ապա ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել այստեղ։ Ադրբեջանն, իհարկե, պետք է իրավացիորեն արտահայտեր իր առարկությունը այդ ամենի վերաբերյալ», - ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Դժգոհությունը հնչեց Նարիշկինի այցից հետո

Անվտանգության հարցերով փորձագետ Առուստուն Օրուջլուն Վաշինգտոնի և Բաքվի միջև անցած տասնամյակների իր գնահատմամբ արդյունավետ անվտանգային նախագծերն է թվարկել՝ ահաբեկչության դեմ պայքար, Կասպից ծովում ստորջրյա ռադիոտեղորոշիչ համակարգերի կառուցման գործում ամերիկյան ներդրումները։

Փորձագետն, ի դեպ, նկատում է՝ Բաքվի բարձրաձայն դժգոհությունը հնչել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի Ադրբեջան այցից հետո, շեշտելով, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները փչացնելը ադրբեջանական կողմի շահերից չի բխում։

Իսկ Նարիշկինի այցից հետո նախագահ Ալիևը, ժամանելով Ռուսաստան, ռուս լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում անդրադառնալով պատժամիջոցների հարցին՝ ԱՄՆ իշխանություններին անշնորհակալ էր անվանել և պնդել , թե դա դեռ ամենակոշտ բառը չէ, որը կարելի է կիրառել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG