«Մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղին, ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը շեշտեց՝ Հայաստանի կառավարությունը շատ համբերատար է, հանդուրժող է, իր սերը չի թաքցնում, բայց որևէ մեկը, Փաշինյանի խոսքով, սա իշխանության թուլություն չպետք է ընկալի և գնահատի։
«Ես հույս ունեմ, որ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն այդ ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք, ինչպես ասում են, առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով», - հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի կառավարությունը լինելու է և աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում։
Երեկ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե «կղերաֆեոդալական էլիտան» ուզում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել՝ նշելով՝ «ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ ուզում են Հայաստանի Հանրապետությունը հանձնել ՀԱՊԿ-ին»։
Երեկ Ազգային ժողովի ամբիոնից գործադիրի ղեկավարը մեղադրեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ընդդիմադիր շարժումն առաջնորդելու համար։
Մայր Աթոռը դատապարտեց ու ստահոդ համարեց ցույցերի կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու վարչապետի պնդումները։
«Կղերաֆեոդալական էլիտայի» մասով վարչապետի հայտարարություններին երեկ արձագանքեց Հայաստանի առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը՝ նշելով, որ «կղերաֆեոդալական էլիտա»-ի մեջ Փաշինյանն ակնհայտորեն տեղավորել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին»։
Հիշեցնելով խորհրդարանում Փաշինյանի հայտարարությունները, թե «դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան» «…Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով», «…Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու և պահելու համար…»՝ ՀԱԿ-ը հայտարարում է․ - «Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում»։
Կոնգրեսն արձանագրում է՝ «ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, և ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որևէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»։
ՀԱԿ-ը Փաշինյանին մեղադրել է նորանկախ պատմության և միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխելու համար։