Մատչելիության հղումներ

Ստամբուլում Միրզոյանը ապաշրջափակումից, Բայրամովը՝ ՀՀ Սահմանադրությունից է խոսել


Ջերմ գրկախառնություններով Հաքան Ֆիդանը Ստամբուլում ընդունում է «3+3» ձևաչափին մասնակցող տարածաշրջանի 4 երկրների արտգործնախարարներից 3-ին։ Բացառություն է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը, նրանք միայն ձեռքսեղմումով բավարարվեցին։

«3+3»-ի 3-րդ հանդիպումը մեկնարկեց կեսօրին. ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին հարավկովկասյան երեք երկրներից միայն Վրաստանը չի մասնակցում։ Ընդգրկված են նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։

Միրզոյանը շեշտադրում է տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությունը

Ոչ մի օր՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջի. Ադրբեջանի արտգործնախարարն այսօր այդ պահանջը հիմնավորելու մի նոր պատրվակ բերեց. «Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը։ Հետկոնֆլիկտային ժամանակահատվածում տարածաշրջանում կայուն և ամուր խաղաղություն ապահովելու համար կարևոր է, որ նախկին հակամարտության հետևանքները վերանան սահմանադրական փոփոխությունների միջոցով»։

Մինչ Ադրբեջանի արտգործնախարարը դարձյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն էր բարձրացնում, Արարատ Միրզոյանն իր ելույթում առավելապես շեշտադրում էր տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությունը՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։ Ելույթից, ի դեպ, միայն տեքստն է տարածվել։

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Չնայած ապաշրջափակման հարցին Երևանն ու Բաքուն պայմանավորվել են վերադառնալ խաղաղության պայմանագրից հետո, բայց վերջին ամսվա ընթացքում հենց այս հարցն է տարածաշրջանային երկրների մեծամասնության քննարկումների առանցքում։ Անկարան ու Բաքուն ետ չեն կանգնում «Զանգեզուրի միջանցք» բացելու գաղափարից։ Սա կարմիր գիծ համարող Հայաստանի դիվանագիտության ղեկավարն իր ելույթում մի քանի անգամ է այսօր տարբեր ձևերով շեշտել ինքնիշխանության խաթարման անթույլատրելիությունը։

Հայ-թուրքական կարգավորմանն անդրադառնալիս Միրզոյանը թվարկել է նախկին պայմանավորվածությունները, որոնցից ոչ մեկը մեծ հաշվով կյանքի չի կոչվել։ Մասնավորապես, որ Հայաստանն ավարտել է Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը, բացի այդ, կողմերը պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունից Արարատ Միրզոյանը չի խոսել։

«Տարածաշրջանի երկրները պետք է իրենք իրենց խնդիրները լուծեն»

Ժամեր առաջ հեռուստատեսային հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր փակագծեր բացել այսօրվա քննարկումներից, թե հայ-ադրբեջանական հարցն օրակարգային է լինելու։

«Գերտերություններին սպասելու փոխարեն տարածաշրջանի երկրները պետք է իրենք իրենց խնդիրները լուծեն», - նշել է Ֆիդանը։

Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Հայաստանի հետ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար։

Բայց Ֆիդանը նաև Իրանի ու Իսրայելի միջև պատերազմի մեծ հավանականություն է տեսել. տարածաշրջանն, ասել է, պետք է պատրաստ լինի:

Ժամեր առաջ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդեց երկկողմ հանդիպումների մասին, բայց չէին հստակեցրել՝ Արարատ Միրզոյանը ում հետ է հանդիպելու, արդյոք ադրբեջանցի գործընկերոջ։

Հայտնի է, որ «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվելու։ Չնայած նախնական տեքստը հրապարակած չէ, բայց, ըստ թուրքական մամուլի, հռչակագրում ենթադրաբար ընդգծվելու է խնդիրները երկխոսության միջոցով լուծելու մասնակից երկրների հանձնառությունը։

Ինչպես Մոսկվայում ու Թեհրանում անցկացված նախորդ երկու հանդիպումներին, երրորդին ևս Վրաստանը չի մասնակցում։ «Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմատով չի աշխատում», պաշտոնական Թբիլիսին էր ավելի վաղ պարզաբանել։

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ սպասվում է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը երկրում գտնվող արտգործնախարարների հետ:

XS
SM
MD
LG