Մատչելիության հղումներ

Միջազգային քրեական դատարանը հնարավոր է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու որոշում կայացնի. ԶԼՄ-ներ


Իսրայելցի պաշտոնյաները ապրիլի 14-ի քննարկման ժամանակ՝ վարչապետի գլխավորությամբ, Թել Ավիվ
Իսրայելցի պաշտոնյաները ապրիլի 14-ի քննարկման ժամանակ՝ վարչապետի գլխավորությամբ, Թել Ավիվ

Իսրայելում մտահոգված են միջազգային քրեական դատարանի կողմից իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու հեռանկարով, գրում է Reuters-ը։

Գազայի հատվածում տասնյակ հազարավոր պաղեստինցի կանանց և երեխաների կյանք խլած ռազմական գործողությունները, Իսրայելի դեմ Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն հռչակված «Համաս» խմբավորման՝ հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակումը հետաքննող ՄՔԴ-ի կողմից ձերբակալության հնարավոր որոշման մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելական մամուլը, մսանավորապես, գրել է, որ դատարանը առաջիկայում կարող է Իսրայելի քաղաքական և զինվորական պաշտոններ զբաղեցնող անձանց ձերբակալման հրամաններ տալ՝ Գազայի հատվածում միջազգային մարդասիրական օրենքի հնարավոր խախտումների համար։

Իսրայելից ամենաբարձր մակարդակով դատարանին հորդորել են զերծ մնալ նման որոշումից, վարչապետ Բենիամին Նեթանյահուն միաժամանակ պնդել է, թե ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ հետաքննող դատարանի ձերբակալության օրդերը չի ազդի Իսրայելի գործողությունների վրա և «վտանգավոր նախադեպ կդառնա»։

«Մենք ակնկալում ենք, որ դատարանը զերծ կմնա իսրայելցի քաղաքական և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելուց»,- իր հերթին հայտարարել է արտգործնախարար Իսրայելի Կացը՝ ընդգծելով, որ Իսրայելը ընկրկել չի պատրաստվում, մտադիր է «շարունակել պայքարը»:

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ բացի իսրայելցի պաշտոնյաներից, ձերբակալության վտանգ է սպառնում նաև «Համաս» խմբավորման ներկայացուցիչներին։ Աննուներ չեն նշվում։ The New York Times-ի աղբյուրների համաձայն՝ Իսրայելի ղեկավարներից մի քանիսը մտավախություն են հայտնել, որ Նեթանյահուն նույնպես կարող է այդ ցանկում հայտնվել։

Հոկտեմբերին ՄՔԴ -ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել էր, թե դատարանն իրավասու է հետաքննել Իսրայելում «Համաս»-ի գրոհայինների և Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից իրականացված ցանկացած ռազմական հանցագործություն։ Խանի գլխավորած թիմի հետաքննությունից բացի, Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործն էլ Արդարադատության միջազգային դատարանն է քննում։

Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալների հարձակման հետևանքով 1200 իսրայելցի է զոհվել՝ հիմնականում խաղաղ բնակիչներ, 253-ը գերեվարվել են։ Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ պատերազմ է սկսել․ ցամաքային, օդային և ծովային ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 34 հազար պաղեստինցի՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ հազարավոր երեխաներ և կանայք։ Ըստ Գազայի իշխանությունների՝ ոչնչացվել է ափամերձ փոքր, խիտ բնակեցված տարածքի մեծ մասը:

Իսրայելը, մինչդեռ, պնդում է, որ նախազգուշական միջոցներ է ձեռնարկում խաղաղ բնակիչների շրջանում մահերը նվազագույնի հասցնելու համար, պնդելով, որ Գազայի հատվածում զոհերի մեկ երրորդը զինյալներ են, ինչը պաղեստինյան կողմը հերքում է։

Իսրայելի կառավարության աջակողմյան թևը, սակայն, իշխանություններից պահանջում է է՛լ ավելի կոշտացնել միջոցները պաղեստինցիների նկատմամբ՝ ի սպառ ոչնչացնելու «Համաս» խմբավորմանը, հակառակ դեպքում սպառնում տապալել Նեթանյահուի իշխանությունը։

Նոր բանակցություններ՝ այսօր

Եգիպտոսում «Համաս»-ի և Իսրայելի ներկայացուցիչների միջև այսօր մեկնարկող բանակցությունների ֆոնին, որի ընթացքում կողմերը հերթական անգամ կփորձեն պայմանավորվել իսրայելցի պատանդների ազատ արձակելու դիմաց տևական հրադադարի շուրջ, Իսրայելի կառավարության աջակողմյան թևը պահանջում է տեղի չտալ միջազգային ճնշումներին և շարունակել ռազմական արշավը։

Նախ ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հորդորեց Նեթանյահուին չհրաժարվել Ռաֆահում «Համաս»-ի դեմ ցամաքային հարձակումից՝ պնդելով, թե արմատական խմբավորումը չվերացնելու դեպքում Նեթանյահուի «գլխավորած կառավարությունը գոյության իրավունք չի ունենա»։ Սրան հաջորդեց ՆԳՆ Իտամար Բեն-Գվիրի նախազգուշացումը՝ անպատասխանատու գործարքը հավասար է կառավարության լուծարման։

Բլինքենը գործարքի հաջողության հույս ունի

Իսրայելի մերձավոր դաշնակից ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մինչդեռ հույս ունի՝ գործարքը հաջողությամբ կպսակվի՝ ակնարկելով, որ իսրայելական կողմը դրական է տրամադրված։ Բլինքենը շեշտել է, որ Իսրայելն «արտասովոր առատաձեռն» առաջարկ է արել «Համաս»-ին, և որ այժմ Գազայի ժողովրդին հրադադարից բաժանում է միայն «Համաս»-ը։

«Նրանք պետք է որոշեն, և նրանք պետք է արագ որոշեն: Այնպես որ մենք սպասում ենք, և ես հուսով եմ, որ ճիշտ որոշում կկայացնեն», -Էր- Ռիյադում՝ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Գործարքի պայմանների մասին որոշ մանրամասներ է հայտնել Մեծ Բրիտանիայի դիվանագիտության ղեկավարը, ով նույնպես Իսրայելի առաջարկը գնահատել է «առատաձեռն»։

«Ինձ թվում է, որ մենք, եկեք անկեղծ լինենք, շատ առատաձեռն առաջարկ ունենք 40-օրյա զինադադար, հազարավոր պաղեստինցի բանտարկյալների, ավելի քան 200 օր պահվող պատանդների ազատ արձակման դիմաց: Հուսով եմ, որ «Համաս»-ը կհամաձայնի այս գործարքին, և, անկեղծ ասած, ողջ համաշխարհային ճնշումը, ողջ համաշխարհային հանրության աչքերը այսօր պետք է ուղղված լինեն նրանց վրա, որպեսզի նրանք ընդունեն այդ գործարքը»,- ասել է Քեմերոնը։

«Համաս»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, որը չի ցանկացել ներկայանալ, երեկ France-Presse գործակալությանը հայտնել է, որ պաղեստինյան խմբավորումը «լուրջ խնդիրներ չի տեսնում» զինադադարի վերջին ծրագրի հետ կապված:

«Մթնոլորտը դրական է, եթե Իսրայելի կողմից նոր խոչընդոտներ չառաջանան»,- ասել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարարը երեկ հավաստիացնում էր՝ եթե հաջողվի «Համաս»-ի հետ համաձայնության հասնել և հասնել բոլոր պատանդների ազատ արձակմանը, ՑԱԽԱԼ-ը կարող է հրաժարվել Ռաֆահ ներխուժելու պլաններից։ Հարյուր հազարավոր պաղեստինցի փախստականների ապաստան դարձած Ռաֆահի վրա հարձակման մասին, որը, Իսրայելի կարծիքով, «Համաս»-ի վերջին հենակետն է Գազայում, խոսվում է շաբաթներ շարունակ, սակայն արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ -ի նախազգուշացումներից հետո Իսրայելը խուսափել է լայնածավալ գործողություններից, թեև ժամանակ առ ժամանակ հարվածներ հասցնում է փախստականներով բնակեցված այդ քաղաքին։

XS
SM
MD
LG