Մատչելիության հղումներ

Սուրենյանցը 2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ուզում է համախմբել ռեալիստական ուժերին


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանց, արխիվ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանց, արխիվ

«Այս իշխանությանը կարող է հեռացնել միայն ռեալիստական դիրքերից հանդես եկող ընդդիմությունը», - պնդում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հետ բանակցություններ է սկսել։ Ուզում է համախմբել ռեալիստական ուժերին։ Նրա համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմին այլընտրանք կարող է լինել միայն այն դաշինքը, որ ստեղծված իրավիճակից իրատեսական ելքեր կառաջարկի։

«Պետք է ձևավորել հետնիկոլական Հայաստանի տեսլականը կրող իրական քաղաքական այլընտրանք: Ես ակտիվ շփումների մեջ եմ քաղաքական դաշտի շատ սեգմենտների հետ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարը:

Սուրեն Սուրենյանցը հանդիպումներից ու քննարկումներից շատ մանրամասներ դեռ չի հայտնում։ Որոշ փակագծեր բացեց՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) ու Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ է հանդիպումներ սկսել. - «Ես առանձին այդ երկու ուժերի հետ ինտենսիվ շփումների մեջ եմ և ակնկալում եմ, որ այդ շփումներս մի օր կբերի, որ կկարողանանք ավելի մեծ ֆորմատով ընդհանուր քայլեր անել կամ ընդհանուր քննարկումներ անել»։

«Ես պատկերացնում եմ ռեալիստական լուրջ դաշինք, հիմա մասնակիցների թիվը եկեք անպայման չնշենք ու չկաղապարենք, երկու կուսակցություն կարող է լինել, երեքն ու չորսը, բայց դրանք որպես պլատֆորմ պիտի ռեալիզմը ընդունեն ու պիտի գործող ստատուս քվոն փոխելու դիրքերից հանդես գան», - ընդգծեց «Դեմոկրատական այլընտրանք»-ի ղեկավարը:

Այդ դաշինքում պատկերացնո՞ւմ է, օրինակ, Էդմոն Մարուքյանի, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած ուժերը և Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած Բագրատ սրբազանին։ Այս գործիչների հետ քննարկումներ կա՞ն, կամ նախատեսվո՞ւմ են։

«Քաղաքական բնավորությունների տարբերությունն է այդ շատ մեծ սպեկտրում, ես չեմ կարծում՝ այդ բոլորը միասին կարող են ընդհանրություն ձևավորել», - նշեց Սուրենյանցը:

Դիտարկմանը՝ «Դուք այդ նախընտրական դաշինքը առանց սրբազանի եք պատկերացնում», ընդդիմադիր գործիչն արձագանքեց. - «Ես իմ անձնական կարծիքն եմ հայտնում՝ այո, չեմ պատկերացնում, որովհետև սրբազանը մի քաղաքական խոսույթի կրող է, որը ավելի շատ նման է ավանդական հայ քաղաքական մտքի մոդելին, այսինքն՝ այնտեղ կա ... օրինակ՝ ես չեմ պատկերացնում այդ վերադարձի կոնցեպցիան Արցախի հետ կապված, դա քաղաքական, մեղմ բառով ասեմ, ռոմանտիզմի, բայց չարդարացված ռոմանտիզմի դրսևորում է»:

«Դեմոկրատական այլընտրանք»-ը ՀԱԿ-ի հետ գաղափարական ընդհանրություններ ունի, ԲՀԿ-ի հետ՝ դաշինքով համայնքային ընտրություններում հաղթելու փորձ, շեշտում է Սուրենյանցը։ Բայց նախորդ խորհրդարանական ընտրություններում, պատերազմից հետո, Կոնգրեսն ու ԲՀԿ-ն չհաղթահարեցին անցողիկ շեմը։ Ի՞նչ է փոխվել դրանից հետո, որ կարծում է՝ այս դաշինքը կարող է գործող իշխանության ընտրվելու հնարավորությունները նվազեցնել։

«Այս ընտրություններում առաջիկա գրեթե բացառում եմ նախորդ ընտրությունների բևեռացված մերժելի երկընտրանքի ձևավորումը, երբ որ բևեռացվեց ընտրական միջավայրը, հիշում եք՝ մի կողմից լուզեռ իշխանությունն էր, մի կողմից՝ այն համակարգը, որի վերադարձը հասարակությունը չի ուզում: Ես ասում եմ՝ 2026-ին չի կարող այդ պատկերը լինել, մի շարք պատճառներով. նախ՝ Նիկոլ Փաշինյանը 2021-ի համեմատ կատարյալ ֆիասկո է ապրել մի շարք, բոլոր ոլորտներում, և հասարակության նույնիսկ այն ժամանակվա վստահության ռեսուրսը չունի, եթե չասեմ, որ հասարակության շրջանում աստիճանաբար ձևավորվում է իրեն մերժելու կոնսենսուս», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Ի՞նչ տրամադրվածություն կա ԲՀԿ-ում, Ծառուկյանը հակվա՞ծ է դաշինքին ու վերադառնալ ակտիվ քաղաքակնություն, ԲՀԿ-ից չհաջողվեց պարզել, խոսնակը զանգերին չպատասխանեց:

XS
SM
MD
LG