Մատչելիության հղումներ

Սուրենյանցը միանշանակ փակուղային է համարում հայ - ադրբեջանական գործընթացը


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը միանշանակ փակուղային է համարում հայ - ադրբեջանական գործընթացը: Այդ մասին նա ասաց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ արձագանքելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանի վերաբերյալ հարցին:

«Սա թերևս չքննարկվեր նույնիսկ մեր կողմից, որովհետև արդեն տասնյակ անգամներ հնչել է», - նշեց Սուրենյանցը՝ շարունակելով. - «Սա, ըստ էության, նշանակում է, որ տեսանելի ապագայում մենք հեռանկար չունենք՝ կարգավորված տեսնելու ոչ միայն հայ - ադրբեջանական, նաև՝ հայ - թուրքական հարաբերությունները, որովհետև դրանք նույնիսկ մեր կամքից անկախ փոխկապակցված են, չնայած բնականորեն պիտի փոխկապակցված լինեին, որովհետև տարածաշրջանին են վերաբերում: Եվ սա նշանակում է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը, որը, պայմանական ասած, ձևակերպված էր առանց «բայց»-ի խաղաղության կոնցեպտի վրա, այսինքն՝ զիջել առավելագույնը, միայն թե խաղաղության երաշխիքներ ստանալ, սա փաստորեն մտել է ամբողջովին փակուղի»:

«Ադրբեջանի համար, ի դեպ, Սահմանադրության փոփոխության պահանջը խորապես համոզված եմ, որ պատրվակ է, ընդամենը, որովհետև նրանք կարող են գզրոցից հանել էն մյուս պահանջները՝ փախստականների վերադարձ, Զանգեզուրի միջանցք, անկլավների վերադարձ, այսինքն՝ մի չորս-հինգ տեսանելի էդպիսի խնդիր, երեկ նաև խոսում էին Հայաստանի միլիտարիզացիայի փորձերի մասին՝ վստահաբար նաև էդ խնդիրն են դնելու, Մինսկի խմբի համանախագահության լուծարման խնդիրները... Ուզում եմ ասեմ՝ սա ակնհայտ է, և Ադրբեջանի համար խիստ բարենպաստ միջազգային համատեքստ է ձևավորվել՝ այն առումով, որ միջազգային ուշադրության նվազեցում է լինելու տարածաշրջանում, անխուսափելի», - ասաց ընդդիմադիր գործիչը՝ մանրամասնելով. - «Ռուս - ուկրաինական պատերազմը լարվածության նոր մակարդակի է հասնում՝ արդեն հասել ենք մի մակարդակի, որ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին է նույնիսկ խոսվում, Մերձավոր Արևելքում դարձյալ Գազայի հատվածի շուրջ համաձայնությունները ձեռք չեն բերվում, իսկ դա մեծացնում է Իրանի, գուցե նաև Միացյալ Նահանգների մասնակցությամբ պատերազմի [հավանականությունը], պլյուս՝ էս ամեն ինչին գումարվում է նաև Միացյալ Նահանգների նախագահական շատ անկանխատեսելի ընտրությունների լարվածությունը: Սա առաջացնելու է անվտանգության վակուում տարածաշրջանում, իսկ մի շարք իրադարձություններ անգամներով մեծացնելու են Ադրբեջանի սուբյեկտությունը»:

Այս պայմաններում, Սուրենյանցի համոզմամբ, «Ալիևը՝ նաև իր փորձից ելնելով, մտածում է, որ Հայաստանի իշխանությանը շանտաժի քաղաքականության միջոցով կարող է հակել նորանոր զիջումների»:

Այդ զիջումները տարբեր կարող են լինել, ասաց «Դեմոկրատական այլընտրանք»-ի ղեկավարը. - «Անկլավները, ի վերջո տրանսպորտային հաղորդակցության շուրջ ինչ-որ լուծում, որը չի ենթադրելու Հայաստանի լիակատար սուվերենություն...»:

Հարցին՝ «դրա համա՞ր դա դուրս թողեցին խաղաղության պայմանագրից», Սուրենյանցն արձագանքեց. - «Իհարկե, փորձը ցույց է տվել, որ էն հարցը, որ իրենք խաղաղության պայմանագիրը բեռնաթափելու ճանապարհով դուրս են դրել էդ փաստաթղթից, հետո դարձել է ճնշման գործիք Հայաստանի վրա: Օրինակ՝ դելիմիտացիան-դեմարկացիան. հիմա, տեսեք, առանց կանոնների է դա ընթանում, այսինքն՝ մեզ խոստացել էին համաձայն ապրիլի 19-ի պրոտոկոլի մի փաստաթուղթ, որը տեսական շանս կարող էր ստեղծել մեր օկուպացված տարածքների դեօկուպացիայի համար, բայց այն բանից հետո, երբ որ Տավուշում ստացան այն, ինչ ուզում էին ստանալ, իրենք մոռացան էդ պրոտոկոլի և հուլիսի 1-ի պարտավորության մասին՝ հիմա կարծես դրա մասին նույնիսկ ծպտուն չկա նույնիսկ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից: Այսինքն՝ տպավորություն է, որ նույն կերպ տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրն է մահակ դառնալու»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG