Մատչելիության հղումներ

«Անկարան միշտ լինելու է Բաքվի կողքին»․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 8-ին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր։

Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանն ասել է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։

Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի լիարժեք աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ շեշտելով, որ Անկարան միշտ լինելու է Բաքվի կողքին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն, իր հերթին, ասել է, որ «ադրբեջանաթուրքական եղբայրական, բարեկամական և ռազմավարական դաշինքի հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով՝ ընդգծելով՝ «մեր երկրները միշտ միմյանց կողքին են»։

Նախօրեին Բաքու էր ժամանել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Նա հանդիպել է Ալիևի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։

Նույն օրը երեկոյան Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան։ Նրա այցի օրակարգից դեռ մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ Ահմադիանն այսօր հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Բաքուն տարիներ շարունակ պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Օրերս Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ «Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ», - ասել է Ալիևը։ Թուրքական կողմը ևս պարբերաբար հայտարարում է, թե «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է։

Իրանն իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության և որ այս հարցում կարմիր գծեր ունի։

«Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի, այսինքն, այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ, սա է մեր կարմիր գիծը, մնացած ապաշրջափակումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգել Հայաստանի օրենքները», - «Ազատության»-ը տված հարցազրույցում նշել էր Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին հայտարարությունների ֆոնին՝ պաշտոնական Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG