Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը որոշ մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի կործանման մասին


Էբրահիմ Ռայիսի, արխիվ
Էբրահիմ Ռայիսի, արխիվ

Թռիչքի ընթացքում եղանակային պայմանները բարենպաստ են եղել, երկնքի միայն մի հատվածում է ամպամած եղել, ըստ իրանական IRNA գործակալության, հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ-հոսեյն Էսմայիլին՝ նոր մանրամասներ ներկայացնելով նախագահի ուղղաթիռի կործանման մասին։

Էսմայիլին եղել է Ռայիսիին ուղեկցող մեկ այլ ուղղաթիռում։

«Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձահանքի մոտ ամպամածություն կար, բայց մառախուղ չէր։ Միգուցե կիրճի խորքում մառախուղ էր, բայց մեր ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը մի փոքր բարձր էին ուղղաթիռից։ Ուղղաթիռի օդաչուն, որում նախագահն էր, որպես հրամանատար, մեզ հրահանգեց բարձրանալ ամպերից վեր», - պատմել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ նշելով, որ մյուս երկու ուղղաթիռները կատարել են օդաչուի հրահանգը, իսկ մոտ 30 վայրկյան հետո իրենց ուղղաթիռի օդաչուն հասկացել է, որ նախագահի ուղղաթիռը չկա։

«Մեր ուղղթիռը հետ շրջվեց՝ փնտրելու նախագահի ուղղաթիռը։ Ինձ ասացին, որ ուղղաթիռը կարող է կործանված լինել, քանի որ մեկուկես րոպե կապ չի եղել։ Մեր ուղղաթիռը մի քանի անգամ պտտվեց, բայց չկարողացավ ռադիոկապ հաստատել։ Մենք վայրէջք կատարեցինք Սունգուն հանքավայրում: Մենք փորձեցինք կապ հաստատել նախագահի ուղղաթիռի ուղևորների հետ, սակայն ոչ ոք չարձագանքեց։ Հետո մեզ ասացին, որ զանգահարել են կապիտան Մուստաֆավիի բջջայինին, պատասխանել է պարոն Ալ-Հաշեմն ու ասել՝ ընկել է ձորը, բայց չի ասել, թե ինչ է տեղի ունեցել», - պատմել է նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Այնուհետև Էսմայիլին ասել է, որ ինքն է կապ հաստատել այաթոլլա Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի հետ, որից հետո, ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի, պարզ է դարձել, որ ուղղաթիռը կործանվել է։ Փրկարարներն ու շտապօգնության մեքենաներն ուղևորվել են նկարագրված վայր։

«Նա [ալ-Հաշեմի] ասաց՝ «ես ինձ լավ չեմ զգում, չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, չգիտեմ որտեղ եմ, ես ծառերի տակ եմ, ես ոչ մեկին չեմ տեսնում, ես մենակ եմ»,- պատմել է Էսմայիլին՝ նշելով, որ ալ-Հաշեմը մոտ երեք ժամ դեռ պատասխանում էր զանգերին։ Պայթյունի ձայն չի լսվել, կրակ ու ծուխ չի երևացել։

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին իրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Իրան՝ Թեհրանում մասնակցելու հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

XS
SM
MD
LG