Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին ասել է, որ նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո Էբրահիմ Ռայիսիի ուղեկցողներից երկուսը մի քանի անգամ կապ են հաստատել։
Միաժամանակ Իրանի փոխնախագահը նշել է, որ «կարծես թե դա լուրջ դժբախտ պատահար չէր», հաղորդում է պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Պատվիրակությունը թռել է երեք ուղղաթիռներով, սակայն նախագահին տեղափոխող ուղղաթիռի և մյուս երկու ուղղաթիռների միջև կապը կորել է»,- ասել է Մանսուրին։
Նրա խոսքով՝ մյուս երկու ուղղաթիռները սկսել են անհետացած ուղղաթիռի որոնումները։
«Ուղղաթիռի ուղևորներից մեկը և նրա անձնակազմը կապ են հաստատել, ինչը վկայում է այն մասին, որ աղետի աստիճանն այնքան էլ լուրջ չի եղել, արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Կարմիր մահիկի և բանակի փրկարարական ջոկատները», - հավելել է պաշտոնյան։
Մայիսի 19-ին՝ ժամի 17։00-ի սահմաններում, հաղորդվեց, որ Իրանի նախագահին, արտգործնախարարին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի հետ սահմանին ՀԷԿ-ի բացման արարողությունից հետո տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։
Պաշտոնյաների հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել, Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարն ասել է, որ եղանակային պայմանները խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին։