Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կործանվել է լեռնային տեղանքում մառախուղի մեջ»՝ Ադրբեջանի հետ սահման այցից վերադառնալու ճանապարհին, Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան։
«Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են», - ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
Նա հավելել է, որ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի կյանքը «վտանգի տակ է գտնվում ուղղաթիռի կործանումից հետո»:
Ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել, կործանման կամ այլ մանրամասների մասին չի նշվել պաշտոնապես։
Վատ եղանակը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները, հաղորդում է պետական IRNA գործակալությունը:
Պետական հեռուստատեսությունը դադարեցրել է իր բոլոր կանոնավոր հաղորդումները, որպեսզի ցույց տա Ռայիսիի համար աղոթքները ողջ երկրում և էկրանի մի անկյունում ուղիղ հեռարձակմամբ ցույց է տալիս փրկարարական խմբերին, որոնք ոտքով անցնում են լեռնային տարածքը թանձր մառախուղի մեջ, հաղորդում է Reuters-ը։
63-ամյա Ռայիսին նախագահ է ընտրվել 2021-ին։