Մատչելիության հղումներ

«Ցեղասպանությունն այսօր է, Բաքու 2024». քայլերթ՝ ադրբեջանական բանտերից հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջով


«Ցեղասպանությունն այսօր է, Բաքու 2024». այսպիսի պաստառներով, ադրբեջանական բանտերում պահվող հայերի լուսանկարներով և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ընկերներն այսօր քայլերթով շարժվեցին դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ միաժամանակ ուզում ենք ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ ցեղասպանությունը շարունակվում է, այն չի ավարտվել, այն միայն պատմություն չէ, և մեր բոլորիս պարտքն է, որպեսզի այս կարևորագույն ուղերձը հասցնենք աշխարհին: Եվ դրա վառ դրսևորումներից է այն, որ հենց այս պահին Բաքվում բազմաթիվ մեր հայրենակիցներ ապօրինաբար կալանավորվել և պահվում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանի ընկեր և գործընկեր Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանը հիշեցրեց, որ Արցախի նախին պետնախարարն արդեն 20 օր հացադուլի մեջ է, և նրա պահման պայմաններն ավելի են խստացվել։ Ընկերները միանում են գործարարի ընտանիքի պահանջին, որ Կարմիր Խաչն անհապաղ այցելի նրան՝ տեղեկանալու Վարդանյանի առողջական վիճակի մասին և համոզվելու, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

Հայրապետյանի կարծիքով՝ ոչ Հայաստանը և ոչ էլ միջազգային հանրությունը բավարար ջանքեր չեն գործադրում այս խնդրի հանգուցալուծման համար. - «Ես կարծում եմ՝ այն ծայրահեղ ողբերգական, հանցագործ քայլերի առումով, որ այս պահին իրականացվում է Ադրբեջանում՝ մեր հայրենակիցների նկատմամբ, բոլոր հայրենակիցների՝ 23 հոգու, համաշխարհային, միջազգային արձագանքը համաչափ չէ, և մարդիկ պետք է հասկանան ամբողջ աշխարհում, որ սա միայն Հայաստանի կամ միայն կոնկրետ մարդկանց խնդիր չէ՝ սա քաղաքակրթության, քաղաքակիրթ աշխարհի ամոթն է՝ այն, ինչ որ այս պահին տեղի է ունենում Բաքվում»:

Պաշտոնական Բաքուն դեռ որևէ կերպ չի արձագանքել Վարդանյաններին։ Երեկ CNN-ի հաղորդավար Քրիստիան Ամանպուրի հետ հարցազրույցում նախկին պետնախարարի որդին՝ Դավիթ Վարդանյանն ընդգծեց՝ 109 տարի առաջ հայերի նկատմամբ բռնությունները նորից տեղի են ունենում 21-րդ դարում։ Պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ բանտարկյալներին՝ Դավիթ Վարդանյանը կարծիք հայտնեց, որ հոր կապն արտաքին աշխարհի հետ կտրել են նրան լռեցնելու համար, ինչի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Պատմեց, որ մի քանի օր առաջ հորաքույրն է հեռախոսով զրուցել հոր հետ, իմացել են, որ տեղափոխել են մեկուսացված խուց, որտեղ միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։

«Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար, և հավելել է․ - «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը», - ասաց Դավիթ Վարդանյանը:

Ամանպուրի ճշտող հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ հոր կյանքը վտանգված է, Դավիթը դրական պատասխանեց։

Արցախում ընդամենը չորս ամիս պաշտոնավարած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ կազմելու համար։ CNN-ի հետ զրույցում Դավիթ Վարդանյանն ասաց, որ դատաքննությունը զուրկ է թափանցիկությունից, իսկ հորն առաջադրված մեղադրանքները որևէ փաստի վրա հիմնված չեն, ավելին՝ դատավարությունն էլ հետաձգվում է։

«Մեր ընտանիքի պահանջն այն է, որ բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակեն, սակայն եթե ինչ-որ դատ էլ լինի, ապա դա պետք է լինի հնարավորինս շուտ, որովհետև մենք համոզված ենք, որ նա բացարձակապես կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ, և այդ դատին պետք է հետևեն միջազգային դիտորդներ», - նշեց Ռուբեն Վարդանյանի որդին:

Ամանպուրը նաև հիշեցրեց, որ Վարդանյանը համարվում է Ռուսաստանի նախագահի մտերիմներից, ինչպես նաև գտնվում է Ուկրաինայի՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում։ Հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ այժմ նա հետապնդվում է այն մարդկանց կողմից, որոնք Վարդանյանի հետ քաղաքական տարաձայնություններ են ունեցել: Դավիթ Վարդանյանը, հարցին ուղիղ չպատասխանելով, նշեց, որ հայրը քաղաքականությամբ սկսեց զբաղվել «միայն այն բանից հետո, երբ Արցախում ապրող 120 հազար հայերը մնացին բոլորովին մենակ, ինչից հետո նա, վտանգելով իր և իր ընտանիքի անվտանգությունը, տեղափոխվեց Արցախ». - «2022-ի օգոստոսին, երբ հանդիպեցինք, հասկացա, որ դա ամբողջությամբ զգացմունքային, ամբողջությամբ արժեքային շարժառիթներով պայմանավորված որոշում էր»:

Հարցին՝ չի՞ կարծում, որ Վարդանյանների անձնական ու ընտանեկան խնդիրը հայտնվել է, այսպես ասած, ռեալպոլիտիկի հորձանուտում, Դավիթ Վարդանյանն արձագանքեց՝ թեև այսօր առաջին պլան է գալիս աշխարհաքաղաքականությունը, սակայն հույս ունի, որ մարդկային արժեքները չեն անտեսվի։

«Սա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։ Համոզված եմ, որ ոչ միայն իմ հոր, այլև մյուս յոթ քաղբանտարկյալների և Բաքվում պահվող բազմաթիվ այլ գերիների հարցը ոչ թե քաղաքականության, այլ մարդկային պարկեշտության և արժանապատվության հարց է», - ընդգծեց Ռուբեն Վարդանյանի որդին:

Հարցազրույցի վերջում Ամապուրը հիշեցրեց՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG