Բաքվի բանտում ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ, հայտարարում է Արցախի նախկին պետնախարարի ընտանիքը:
«Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո», - ասված է Վարդանյանի ֆեյսբուքյան էջում երեկ հրապարակված հայտարարությունում:
Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը, ըստ ընտանիքի, հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ «Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել և ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման հետ կապված։ Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը», - ասված է հայտարարությունում, որում Արցախի նախկին պետնախարարը որակված է քաղբանտարկյալ:
Վարդանյանի ընտանիքը պահանջում է, որ Ադրբեջանը թույլ տա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ այցելել նրան, «որպեսզի նրա առողջական վիճակի մասին ունենանք անկախ ապացույցներ և համոզված լինենք, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն»:
«Մենք վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին», - հայտարարում է Վարդանյանի ընտանիքը՝ երախտագիտություն հայտնելով «միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին»:
Ադրբեջանական կողմը, հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին չի հաղորդել:
Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվեց, ապա 4 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։