Մատչելիության հղումներ

Սենատոր Բոբ Մենենդեսն ու նրա հայազգի կինը մեղավոր են ճանաչվել


Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Բոբ Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության գործով հարուցված բազմահատոր քրեական գործով։

9 շաբաթ տևած դատական լսումների արդյունքում դատարանը վճռել է, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող երկարամյա օրենսդիրը մեղավոր է բոլոր 16 հոդվածներով՝ հազարավոր դոլարի կաշառք ստանալուց մինչև արդարադատության խոչընդոտում, օտար պետության շահերի օգտին գործունեություն։ Մենենդեսն իր դեմ մեկնարկած քրեական հետապնդման առաջին րոպեներից մինչև Մանհեթենի դաշնային դատարանի կողմից վճռի հրապարակումը պնդել է՝ ինքն անմեղ է և գործակալ չէ։

«Ես երբեք չեմ խախտել իմ հանրային երդումը: Ես մշտապես եղել եմ իմ երկրի հայրենասեր։ Ես երբեք երբևէ օտարերկրյա գործակալ չեմ եղել», - երեկ դատարանում կրած պարտությունից հետո հայտարարում էր ամերիկացի սենատորը։

Ամերիկյան դաշնային դատախազները մինչդեռ պնդում են, որ սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդես-Արսլանյանը մոտ կես միլիոն դոլարի կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, շքեղ ավտոմեքենա և այլ տեսակի նվերներ են ստացել երեք գործարարներից, ինչի դիմաց նախագահ Բայդենի կուսակիցը օգնել է միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնել Եգիպտոսին՝ ԱՄՆ պետական բյուջեից։

Մենենդեսին առատաձեռն վարձատրած գործարարներից մեկը՝ Վաել Հանան, ըստ ամերիկյան իրավապահների, կապեր ունի Եգիպտոսի պետական պաշտոնյաների հետ:

«Սա քաղաքականություն էր հանուն շահույթի, - պնդում է Մանհեթենի գլխավոր դաշնային դատախազ Դամիան Ուիլյամսը՝ հավելելով, - իր պաշտոնը ամենաբարձր գնով վաճառելու տարիները վերջապես մոտեցան ավարտին»:

Մենենդեսի փաստաբաններն անցած շաբաթներին փորձում էին ատենակալներին համոզել, որ սենատորի համագործակցությունը երեք գործարարների հետ չի հակասել նրա պաշտոնեական լիազորություններին՝ ըստ էության փորձելով հիմնական մեղքը բարդել կնոջ վրա, որին մեղադրող կողմը համարում է կաշառքի գործով միջնորդ։ Ամբաստանյալի պաշտպանների խոսքով՝ ոսկու ձուլակտորները հայտնաբերվել են հենց Նադին Արսլանյանի դարակներում, ով իբրև թե ամուսնուն տեղյակ չի պահել իր ֆինանսական գործերից։ Պաշտպանական կողմը նաև հայտարարել է, որ ամերիկյան քաղաքականության վետերանը տասնամյակներ շարունակ փող է կանխիկացրել բանկից և պահել հենց տանը։ Մենենդեսի քույրը դատարանում հաստատել է այդ փաստը և պատմել, որ նման սովորությունը ծնողներից են ժառանգել, ովքեր Կուբայից արտագաղթել են կանխիկ փողով, իսկ փողը հայրը «թաքցնում էր ժամացույցի մեջ»։

Սենատորի կինը դատական լսումներին չի մասնակցել, հաղորդվում է, որ վերջերս 57-ամյա Արսլանյանի մոտ օնկոլոգիական հիվանդություններ են հայտնաբերվել և նա դատարանի առաջ կկանգնի ավելի ուշ։

«Այս մեղադրական վճռի լույսի ներքո սենատոր Մենենդեսը պետք է ճիշտ վարվի իր ընտրողների, Սենատի, մեր երկրի նկատմամբ ր հրաժարական տա», - երեկ հայտարարում էր Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը:

Կաշառակերության մեղադրանքների ֆոնին շուրջ երեք տասնամյակ Վաշինգտոնում բարձր պաշտոններ զբաղեցրած Բոբ Մենենդեսն անցած տարի ստիպված եղավ լքել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ազդեցիկ պաշտոնը, սակայն մերժեց մանդատը վայր դնելու կուսակիցների կոչերը։

Առաջիկայում էլ պատրաստվում է ևս վեց տարի ժամկետով վերընտրվել որպես անկախ թեկնածու Սենատի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում։ Քվեարկությունից մեկ շաբաթ առաջ, սակայն, դատարանը նախատեսում է հրապարակել դատավճիռը։

Ռոբերտ Մենենդեսը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պատմական բանաձևի համահեղինակն է։ Վերջին տարիներին նա ակտիվորեն ներգրավված է եղել նաև Արցախի և Հայաստանի հարցերով ամերիկյան օրենսդիր մարմնի քննարկումներում, նախաձեռնություններում: Մենենդեսը նաև հայտնի է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ․ հատկապես 44-օրյա պատերազմից հետո սենատորը բազմիցս սուր քննադատություն է հնչեցրել պաշտոնական Վաշինգտոնի հասցեին Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը չկանխելու, պատերազմից հետո էլ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը շարունակելու համար։

XS
SM
MD
LG