Ալիևը ցեղասպան մտադրություններ ունի, Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետի դեմ, - Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն է հայտարարել:
«Սարսափելի իրադարձություններ»․ - ամերիկացի ազդեցիկ քաղաքական գործիչն այսպես է սկսել իր մոտ 15-րոպեանոց ճառը՝ այն հասցեագրելով Սպիտակ տան ղեկավարին:
Մանրակրկիտ ներկայացնելով Արցախի պաշարման հետևանքները՝ սննդի, հիգիենայի պարագաների բացակայություն, տեղաշարժի արգելանք, մարդկանց՝ այդ թվում ծանր հիվանդի, ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգման դեպքեր, թերսնված բնակչություն․․․
Մենենդեսը ցուցադրել է Արցախում սովամահության առաջին զոհի լուսանկարները և հատուկ ընդգծել՝ լուսանկարն արխիվային չէ, այդ մարդն օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության զոհերից չէ, Հոլոքոսթի վերապրածներից չէ, կամբոջացի չէ․ - «Ընդամենը մի քանի շաբաթվա լուսանկար է Լեռնային Ղարաբաղից», - ասել է քաղաքական գործիչը:
«Ալիևի կառավարությունը սարսափելի բռնությունների արշավ է իրականացնում, որոնք ունեն Արցախի հայերի դեմ ցեղասպանության բոլոր նշանները։ Նրանք նպատակային և չարամիտ կերպով շուրջ 120 հազար քրիստոնյա հայերի արգելափակել են Ղարաբաղի լեռներում․․. Ալիևը և նրա վարչակարգը փորձում են այս մարդկանց սովի մատնել՝ ստիպելով մահանալ կամ ենթարկվել քաղաքական հպատակեցման», - ընդգծել է Մենենդեսը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է վկայակոչել, ըստ որի՝ «մտահոգվելու պատճառ չկա» , միաժամանակ Ալիևի աղմկահարույց հայտարարությունն է մեջբերել, որով նա սպառնում էր «շների պես վռնդել» հայերին, հետո էլ՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո հավաստիացնում, թե էթնիկ զտումներ չի իրականացնում։
«Այս պահին ԱՄՆ-ը ձախողվում է։ ԱՄՆ-ը չի բավարարում հումանիտար կարիքները և հրապարակայնորեն բավականաչափ ճնշում չի գործադրում Ալիևի վրա՝ դադարեցնելու էթնիկ զտման արշավը», - հայտարարել է Մենենդեսը՝ իր կուսակից նախագահին կոչ անելով դադարեցնել անվտանգության ապահովմանն ուղղված ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին:
Ամերիկացի օրենսդիրը պնդել է՝ Վաշինգտոնը կարող է և պարտավոր է ակտիվ դեր խաղալ հակամարտության լուծման գործում, հատկապես երբ, ինչպես շեշտել է, ռուս խաղաղապահներն ապացուցել են, որ արդյունավետ չեն:
Բոբ Մենենդեսի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է փոխի մոտեցումը, միջնորդությունից բացի նաև հետամուտ լինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները, անվտանգությունը, արժանապատվությունը երաշխավորված լինեն, նաև միջնորդի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ քննարկումները:
«Բնականաբար, ազնիվ միջնորդությունը ենթադրում է, որ մենք պետք է ճշմարտությունն ասենք Ադրբեջանի վայրագությունների մասին։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք այն անձանց, որոնք իրականացնում են էթնիկ զտումների այդ արշավը: Մենք պետք է պատժամիջոցներ սահմանենք նրանց նկատմամբ՝ այդ թվում նախագահ Ալիևի։ Մենք պետք է արգելափակենք նրանց թաքցրած հարստության ու նավթային փողերի, զբոսանավերի և Եվրոպայով մեկ նրանց առանձնատների հասանելիությունը», - հայտարարել է ազդեցիկ սենատորը:
ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականը իր ծավալուն ելույթի ավարտին հավաստիացրել է՝ այդ դաժան արշավը կազմակերպող և իրականացնող տղամարդիկ չեն խուսափի պատասխանատվությունից: «Մենք ձեզ պատասխանատվության կենթարկենք ձեր հանցագործությունների համար, նույնիսկ եթե դա տևի մի ամբողջ կյանք: Դուք գին կվճարեք։ Դուք կկանգնեք արդարադատության առաջ», - հայտարարել է Մենենդեսը։