Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել դաշնային կաշառքի գործով, որում ներգրավված են գործարարներ և օտարերկրյա կառավարություններ:
Դատավարությունը տևել է ինը շաբաթ:
Մենենդեսը նախկինում նախագահում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Դեմոկրատ օրենսդիրները կոչ են արել նրան հեռանալ Կոնգրեսից։
ԱՄՆ շրջանային դատավոր Սիդնի Սթեյնը Մենենդեսի դատավճիռը նշանակել է հոկտեմբերի 29-ին՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններից մեկ շաբաթ առաջ:
Նյու Ջերսիից դեմոկրատ, 70-ամյա Մենենդեսը, որ հայամետ քաղաքական գործչի համբավ ունի, սեպտեմբերին մեղադրվել է շահութաբեր քաղաքական արտոնությունների դիմաց կաշառք՝ ներառյալ կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և Mercedes մակնիշի շքեղ ավտոմեքենա ստանալու համար:
Ռոբերտ Մենենդեսը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:
Մենենդեսին և նրա կնոջը՝ Նադին Մենենդես-Արսլանյանին, վերջերս ներկայացվել էր նոր մեղադրանք արդարադատությանը խոչընդոտելու համար։ 18 հոդվածից բաղկացած մեղադրական եզրակացությունն ավելացել էր կոռուպցիոն գործարքի մեղադրանքներին: