Վրաստանում նոր թափ են ստանում բազմահազարանոց բողոքի ցույցերը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի դեմ, որը իշխող ուժը պատրաստվում է վերջին՝ երրորդ ընթերցմամբ ընդունել խորհրդարանի վաղվա լիագումար նիստում։
Ամբողջ գիշերը ցուցարարները մնացել են Ռուսթավելիի պողոտայում։ Այսօր Թբիլիսիում, Բաթումիում և Քութայիսիում հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել՝ միանալով բողոքի ակցիաներին։
Սակայն, իշխանությունները նահանջի կամ փոխզիջումների գնալու որևէ մտադրություն չեն դրսևորում։ Խորհրդարանի իրավաբանական հարցերով մասնագիտական կոմիտեն այսօր ընդամենը մեկ րոպե տևած նիստում առանց որևէ քննարկման հավանություն է տվել օրինագծին։ Կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին ասել է, որ երրրոդ ընթերցումը ենթադրում է միայն խմբագրական ուղղումներ, իշխող ուժի պատգամավորների մոտ հարցեր չեն առաջացել, առարկություններ չեն եղել։ Օխանաշվիլին ասել է նաև, որ եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դնի օրենքի վրա, ինչը նախագահը ավելի վաղ խոստացել է, ապա խորհրդարանի իշխող մեծամասնությունը կհաղթահարի այն։
Ընդդիմության ներկայացուցիչներին որոշ ժամանակ չեն թույլատրել մոտենալ ցուցարարներով շրջապատված խորհրդարանի շենքին, ու նրանք չեն հասցրել մասնակցել կոմիտեի նիստին։
Իշխող «Վրացական երազանքի» պատգամավորներն ուրիշ մուտքով են մտել խորհրդարան, նրանց ճանապարհը բացելու համար ոստիկանությունը ուժ է կիրառել, հետ է մղել ցուցարարներին, մի քանիսի դեմ բռնություն կիրառել, կան բերման ենթարկվածներ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ խորհրդարանի շենքի մոտից այսօր առավոտյան 20 մարդ է բերման ենթարկվել մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար, ըստ հաղորդագության՝ նրանց մեջ ԱՄՆ-ի երկու և Ռուսաստանի մեկ քաղաքացիներ կան։
Վրաստանի արևմտյան դաշնակիցների դիրքորոշումը կոշտանում է
Վիճահարույց օրենքի վերջնական ընդուման վճռորոշ պահին Վրաստանի արևմտյան դաշնակիցների դիրքորոշումը կոշտանում է։ Թբիլիսի են ժամանել Եվրամիության մի շարք երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի և Էստոնիայի օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովների ղեկավարները։ Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Բունդեսթագի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Մայքլ Ռոտն ասել է, որ այդ օրենքն ընդունվելու դեպքում Եվրամիությանը Վրաստանի անդամակցության բանակցությունները չեն կարող սկսվել։ Նա Վրաստանի կառավարությանը և իշխող ուժին կոչ է արել չընդունել «ինոագենտների» օրենքը։
«Ես Վրաստանի համար պայծառ ապագայի որևէ հնարավորություն չեմ տեսնում, եթե կառավարությունը հետ չկանչի այդ օրենքը»,- ասել է Բունդեսթագի ներկայացուցիչը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ավելի վաղ ասել էր, թե եվրոպացի խորհրդարանականների պատվիրակության հետ չի հանդիպի, քանի որ նրանք «անպատեհ ժամանակ են ընտրել իրենց այցի համար»։
ԵՄ 12 երկրների արտգործնախարարներ դիմել են արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելին և Եվրամիության հարևանության և ընդլայնման քաղաքականության հանձնակատար Օլիվեր Վարհելիին՝ խնդրելով առաջնահերթության կարգով անհապաղ տեղեկատվություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովին, թե այդ օրենքն ինչ ազդեցություն կունենա Վրաստանի Եվրամիությանը անդամակցելու քայլերի վրա։
Եվրոպացի 12 արտգործնախարարները գտնում են, որ Վրաստանի կառավարությունը սպառնալիքի տակ է դնում երկրի եվրոպական ինտեգրումը, և այդ օրինագիծը Վրաստանում մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից նահանջելու տագնապալից ուղեգծի ևս մեկ նշան է։
Եվրախորհրդարանի 4 պատգամավոր դիմել է Բորելին՝ առաջարկելով պատժամիջոցներ պատրաստել նրանց դեմ, «ովքեր Վրաստանը հեռացնում են եվրոպական ապագայից»։ Թբիլիսիում գործող Բրիտանիայի վիզաների կենտրոնը, որի գրասենյակը գտնվում է խորհրդարանի մոտ, այսօր հայտարարել է, թե ժամանակավորապես փակվում է՝ պատճառաբանելով շարունակվող ակցիաներն ու ոստիկանության շրջափակումները։
Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մինչ այժմ հնչած թերևս ամենակոշտ գնահատականով զուգահեռներ է անցկացրել Վրաստանի և ավտորիտար ռեժիմների միջև։
«Մենք ակտիվորեն պաշտպանում ենք Վրաստանի ժողովրդին։ Հստակ ասել ենք, որ այդ օրինագիծը սխալ է։ Իրականում ամբողջ աշխարհում շատ երկրներ ընդունում են նման օրենքներ՝ փորձելով սահմանափակել քաղաքացիական հասարակությունը և դեմ լինել արտասահմանյան ոչ կառավարական ու բարեգործական ցանկացած կազմակերպություններին, որոնց նրանք չեն վերահսկում», - Sky News-ի հետ հարցազրույցում ասել է նա, ընդգծել, որ համաշխարհային այդ խնդիրը հատուկ է ավտորիտար ռեժիմներին։